ԱԺ-ում քննարկվում է եռյակի նախաձեռնած արտահերթ հարցը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախագծի ներկայացման ժամանակ ներկայացրեց երկրում առկա ծանր սոցիալական վիճակը:
Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ արտագաղթը, աղքատության ավելացումն այլեւս սպառնում են մեր ազգային անվտանգությանը: Նա խոսեց դրամի արժեզրկման, ֆինանսական խնդիրների, Գյումրիի դեպքերի եւ այլ խնդիրների մասին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, լսելով Լեւոն Զուրաբյանի ելույթը, հարց ուղղեց. «Հնարավոր չէ՞ր ձեր բոցաշունչ ելույթի ընթացքում մի փոքր էլ խոսեիք հայտարարությունից: Ինչ ենք քննարկելու, չգիտենք: Հարցն օրակարգ է մտել ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ: ԲՀԿ պատգամավորներն են ստորագրել, արդյոք բարոյական համարո՞ւմ եք առանց իրենց քննարկել հարցը եւ այնպիսի բաներ ասել, որոնք երբեւիցե չի քննարկվել ԲՀԿ-ի կողմից: Բերել այստեղ միտինգային լեզով խեղկատակության վերածվող փաստեր ասել՝ առանց այդ էլ լարված պայմաններում, ձեր ՀԱԿ-ի այդ փորձերն անհաջողության են մատնվելու»:
Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ պառլամենտարիզմը ենթադրում է, որ մարդիկ պետք է կարողանան ազատ արտահայտվել, խոսել: Վարողն ընդամենը պետք է կազմակերպի բնականոն գործընթացը, ոչ թե ամեն անգամ ելույթ ունեցողին հաթաթաներ տաք, մեզ խելք սովորացնեք, հակադարձեք: Դուք շարքային պատգամավոր եք, ունեք պատգամավորի բոլոր հնարավորությունները՝ արտահայտելու ձեր կարծիքը, հերթագրվեք եւ արձագանքեք: Ոչ մի բան ձեզ թույլ չի տալիս ամեն ընդդիմադիրի խոսելուց հետո անմիջապես արձագանքել, հաթաթաներ տալ»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանն ասաց՝ արձագանքները հետո են լինելու, հարց եմ տվել՝ պատասխանեք:
Լեւոն Զուրաբյանն էլ պատասխանեց, որ հայտարարության տեքստը նախապես բաժանվել է բոլոր պատգամավորներին, այդ տեքստը ԱԺ հայտարարությունների ժամին կարդացվել է այս ամբիոնից, Արամ Մանուկյանն է կարդացել. «Կարծում եմ, բոլոր պատգամավորները գրագետ են, կարող են ծանոթանալ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին՝ դուք տեռորի ենթարկեք իրենց, շանտաժի ենթարկեք, հարյուրներով մարդ տանեք ոստիկանական բաժանմունքներ, հետո խոսեք, թե սա ընդունելի՞ է, որ առանց ձեր գործընկերների ներկայության, քննարկում եք այս հարցը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ