Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 14 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ բացօթյա առևտրի ցանկացած փորձ կանխելու նպատակով:
«Այս ուղղությամբ եղեք խիստ և հետևողական ու Երևան քաղաքի ոստիկանության հետ սահմանեք ուժեղացված հսկողություն: Այսօր վարչական շրջաններում առկա են գյուղմթերքի շուկաներ, ինչը հնարավորություն է տալիս գյուղմթերք արտադրողներին իրենց առևտուրը կազմակերպել հարմարավետ պայմաններում: Ըստ այդմ, հետևեք, որ սահմանված կարգը չխախտվի»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 5 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է պարբերաբար շրջայցեր իրականացել նաև բազմաբնակարան բնակելի շենքերում ու բակային տարածքներում և ապօրինաշինության դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով ակտիվ համագործակցել համատիրությունների հետ:
Անդրադառնալով Կենդանաբանական այգում իրականացվող շինաշխատանքներին՝ հանձնարարվել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու սահմանված ժամկետում ավարտին հասցնել այն:
Երևանի քաղաքապետարան