Այսօր ԱԺ-ում քննարկվում է եռյակի նախաձեռնած արտահերթ հարցը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախագծի մասին խոսելու համար ամբիոնին մոտեցավ ձեռնափայտով:
Նա ասաց, որ այսօր ընդդիմությունը թոփալ է. «Ձեզանից շատերը ոգեւորվել են դրանից՝ մտածելով, թե ձեր սասանվող իշխանությունը մի քիչ ամրապնդվել է: Ձեր միջի ամենախելացի մարդիկ շատ լավ հասկանում են, որ ընդդիմության ապաքինումը ընդամենը կարճ ժամանակի հարց է, իսկ իշխանությունը շարունակում է իր գահավիժումը դեպի անդունդ: Հիվանդ է մեր ողջ քաղաքական համակարգը: Դուք հիմա հրճվում եք, որ կարողացաք ահաբեկչական հարվածներով խաղից դուրս հանել ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին՝ չհասկանալով, որ հենց այդ պետական ահաբեկչությունը երկրի առաջատար ուժերից մեկի դեմ, նրանց բացակայությունը ԱԺ-ի դահլիճում ամենալավն է վկայում, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է ներքաղաքական համակարգն ու պետական կառավարումը»:
Նա սկսեց պատմել, թե ինչ կատարվեց վերջին մի քանի օրերին ԲՀԿ-ի հետ: Ըստ նրա, փետրվարի 20-ին պետք է կայանար համազգային հանրահավաք, որը մեծ ոգեւորություն էր առաջացրել ժողովրդի մեջ, իշխանությունը հասկացավ, որ մի քանի հարյուր հազար մարդ այդ օրը պահանջելու էին գործող նախագահի հրաժարականը:
Շնորհիվ ընդդիմության աննախադեպ մոբիլիզացիայի, հնարավորություն կար տապալելու իշխող ռեժիմը, իսկ դա ժողովրդի մեջ այնպիսի ոգեւորություն էր առաջացրել, որ համարյա համազգային տոնախմբության մթնոլորտ էր. «Սա ցույց տվեց, թե ինչ ողորմելի վիճակի մեջ է հայտնվել ՀՀ քաղաքական համակարգը: Սերժ Սարգսյանը հասկացավ, որ եթե Ազատության հրապարակն ու նրան հարող փողոցները լցվեն, նա չի ունենա այլ ելք, քան հեռանալ, քանի որ չունի վստահության ռեսուրս: Նրա ռեժիմի համար միակ ելքն էր ահաբեկչական հարվածներով գլխատել կազմակերպիչ ուժերից մեկին ու ստեղծել մի շփոթ: Հենց դրա համար եռյակը 44 ստորագրություն հավաքեց՝ քննարկելու կառավարման ճգնաժամի խնդիրը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ