Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը «հին դարմանը» քամո՞ւն տվեց

Փետրվար 23,2015 15:54

Փաստերը խոսում են այն մասին, որ Սարգսյան-Ծառուկյան դիմակայությունը նոր երեւույթ չէ: ՀՀ գործող նախագահի ու ԲՀԿ առաջնորդի հարաբերություններում լարված պահեր եղել են նաեւ նախկինում: Եվ ոչ մեկ անգամ: Թերեւս` 2007-2012թթ. իշխանական կոալիցիայի շրջանակում գործընկերությունը եւ դիպվածային էլի մի քանի շփումները չհաշված` այս երկու գործիչների ջրերը մեկ առվով չեն հոսել:

Հիշենք 2007-ի սկիզբը, երբ համառ լուրեր էին պտտվում, թե Գագիկ Ծառուկյանի դեմ մահափորձ է կատարվել: Այն ժամանակ դեռ «թունդ ընդդիմադիր» համարվող Արտաշես Գեղամյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` պնդելով, թե մահափորձի պատվիրատուն ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանի հանրահայտ եղբայրը:

Ի դեպ, այդ օրերին էր, որ Սարգսյան-Քոչարյան զույգին աջուձախ «քլնգող» Գեղամյանը հայտարարեց. «…բնականաբար մարդիկ գիտակցեցին, թե ինչ ահավոր իրավիճակ կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, եթե, Աստված մի արասցե, հանկարծ Սերժ Սարգսյանը դառնա երկրի նախագահ»: Նա միաժամանակ «զույգին» կոչ էր անում վերադառնալ Ղարաբաղ, որովհետեւ Հայաստանում այլեւս անելիք չունեն:

«Ահավոր իրավիճակի» առումով Մամիկոնիչն իրավացի էր, սակայն Սարգսյանը չանսաց նրա կոչին եւ Ղարաբաղ այդպես էլ չգնաց: Փոխարենը, տարիներ անց, Գեղամյանը գնաց նրա մոտ ծառայության: Բայց վերադառնանք մեր սյուժեին:

Ծառուկյանի դեմ մահափորձի թեման նորացվեց 2010-ի օգոստոս-սեպտեմբերին: Դարձյալ կուլիսներում լուրեր էին շրջանառվում, թե Ծառուկյանի դեմ մահափորձ է իրականացվել: Մամուլն այս անգամ գրեց, որ Սաշիկ Սարգսյանը մի քանի տասնյակ միլիոն դոլար էր պահանջել Ծառուկյանից` որպես համատեղ բիզնեսից իրեն հասանելիք շահաբաժին, եւ մերժվել:

«Տուժածը» չէր հապաղել գործի դնել հանցավոր աշխարհի հետ ունեցած կապերը, սակայն վարձու մարդասպանի կամքից անկախ պատճառներով ծրագրվածը ձախողվել էր: Ըստ մամուլի այլ հրապարակումների, Սերժ Սարգսյանի մարդիկ փորձում էին հավաքագրել ԲՀԿ-ականներին՝ նրանց հանրապետականացնել կամ պարզապես համոզել, որ դուրս գան այդ կուսակցությունից: Ծանոթ սցենար է, այդպես չէ՞: «Սերժ Սարգսյանը փորձում է քայլ առ քայլ թուլացնել Գագիկ Ծառուկյանին»,- գրում էին ընդդիմադիր թերթերը:

Խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի ունեցան նույն 2007թ. մայիսին, շուրջ կես միլիոն քվեներ ապահոված եւ արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստանը» մաս կազմեց ՀՀԿ-ի ձեւավորած կոալիցիոն կառավարությանը, բայց Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ժամկետը դեռ չլրացած` դուրս եկավ կոալիցիայից եւ, փաստորեն, հարեց ընդդիմությանը:

Իսկ 2013-ի նախագահական ընտրություններին ընդառաջ` չնայած ամենատարբեր խողովակներով ստացվող հորդորներին, ԲՀԿ-ն չընդգրկվեց իշխանական կոալիցիայում եւ չպաշտպանեց Հանրապետականի կողմից երկրորդ ժամկետի համար առաջադրված Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Իշխանության աչքում Ծառուկյանի կամակորությունը չափ ու սահմանն անցնում էր: Նրա վրա չազդեցին անգամ կուսակից ընկերոջը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նախավարժանքը, ինչպես նաեւ ԲՀԿ-ական պաշտոնյաներին, գործարարներին ու ակտիվիստներին սպառնացող վտանգները, ովքեր նույնպես, ճիշտ հիմիկվա նման, դարձել էին իշխանական հետապնդումների թիրախ: Մի խոսքով՝ նա համառորեն չէր ուզում հետեւություններ անել նախազգուշացումներից ու հորդորներից:

Ավելին՝ հետընտրական երկու տարիների ընթացքում «Բարգավաճը» դանդաղ, բայց անշեղորեն հաստատվեց ընդդիմադիր բեւեռում եւ «ոչիշխանական եռյակ» ձեւաչափի շրջանակում «Ժառանգության» ու ՀԱԿ-ի հետ ձեռնարկեց իշխանափոխության գործընթաց` ընդհուպ մինչեւ փետրվարի 17-ի «հաշտության գիշերը»: Շարունակությունն արդեն հայտնի է:

Այնպես որ, լարվածության նոր սրացումը ոչ միայն վերջին օրերի հախուռն զարգացումների, այլեւ նախորդ շրջանում կուտակված ոխի ու ատելության պոռթկումն էր: Եղածին գումարվել էին այն կասկածները, թե Ծառուկյանի գործողությունները ստվերից համակարգում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բայց, ամեն ինչից զատ, ոխակալ վարչախմբին կարծես այսպիսի մի առիթ էր պետք «հին դարմանը» քամուն տալու եւ «ձեռի հետ» էլ բոլոր ներունակ ըմբոստացողների աչքը վախեցնելու համար:

Սակայն, ի տարբերություն նախորդների, երբ խնդիրը կարգավորվում էր հանրության աչքից հնարավորինս հեռու, այս անգամվա հակամարտությունն առանձնացավ փոխադարձ կոշտ հռետորաբանությամբ, որին լրջորեն լծվել էին երկու թիմերի քարոզչության «ծանր հրետանիները»: Չնայած օգուտն այն եղավ, որ ժողովրդի վստահության սուր պակաս ունեցող որոշ գորշ միջակությունների ընդամենը հաջողվեց հանձնել իրենց տերերին հաճոյանալու հերթական թեստը: Ոչ ավելին:

Այնուամենայնիվ, ինչի՞ մասին կարող էր վկայել իրենց գզվռտոցին հանրությանն անթաքույց ունկնդիր ու ակնդիր դարձնելու տարօրինակ վարքագիծը, որո՞նք էին կողմերի հաշվարկները: Ըստ երեւույթին, խիստ կարեւոր պայմանավորվածություն էր խախտվել կամ ենթակա կողմը` տվյալ դեպքում ԲՀԿ-ն, ինքնուրույն խաղերով տարված` շատ էր հեռուն գնացել:

Եվ եթե վերջինս շահագրգիռ էր փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ «եռյակի» աջակիցների շարքերը ստվարացնելու մեջ` ու դա էր նրա հիմնական հաշվարկը, ապա վարչախումբը հասարակական կարծիքն իր օգտին շուռ տալու խնդիր ուներ, որի լուծման լավագույն ձեւը հայաստանյան իրականության մեջ դիմացինին «սեւացնելն» է: Ինչը եւ իշխանության կորստյան հոտ առած քրեաօլիգարխիկ բուրգի կողմից արվեց նախքան «հաշտության գիշերվա» վերջին, շշմեցուցիչ հարվածը:

Իսկ «հարվածն» իրոք շշմեցնող էր: Մեկ գիշերվա մեջ գրեթե բոլոր հարցերը լուծվեցին. կողմերը բարիշեցին, «եռյակը» փլուզվեց, հասարակությունը կոտրվեց, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնաց Նախագահին «Բաց նամակ» գրելու:

 

Գեւորգ Լալայան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728