«Երբ դուրս ես գալիս պատերազմի, կան և սպասելի, և անսպասելի քայլեր: Ոչ ոք չի կարող հաշվարկել՝ ինչ ընթացք կունենա պատերազմը»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կատարվածին:
Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց պատասխանել հարցին`ինչպիսի՞ն են լինելու ՀԱԿ-ի հարաբերությունները ԲՀԿ-ի հետ. «Կներեք, բայց մենք մեր ռազմավարությունը կառուցում ենք այն ուղղությամբ, որ փորձենք կառուցել այս ռեժիմի հեռացման ամենաարդյունավետ ռազմավարությունը: Սա է մեր մոտեցումը. այսպես էինք վարվում 2007-ին, 2008-ին, 2011-ին, երբ սկսեց գործել քաղաքագիտական վերլուծությունը, որը փայլուն հաջողության հասավ, որովհետև ԲՀԿ-ն անցավ ընդդիմադիր դաշտ և իր ամբողջ ռեսուրսներով միացավ դիմադրության պայքարին: Պատերազմում ամեն ինչ հնարավոր է: Ստեղծված իրավիճակը մենք պետք է վերլուծենք: Որոշ գործընկերների հետ մենք պետք է ճշտենք հարաբերությունները, որոշակիացնենք իրավիճակը, բայց, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվում. պայքարը շարունակվում է և մեր նպատակը մնում է անփոփոխ, այն է՝ Հայաստանում հաստատել ժողովրդավարություն՝ հեռացնելով Սերժ Սարգսյանի ռեժիմը»:
Լրագրողներից մեկի հարցին`արդյոք ԲՀԿ-ի օլիգարխ ղեկավարը առավել խոցելի չէ՞ ընդդիմադիր դաշտում գործելու համար, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Կոնգրեսը խոցելի չէ: Քանի մարդ լքեց մեր շարքերը՝ չդիմանալով բռնաճնշումներին, հարձակումներին, հետապնդումներին… Ոչ մի քաղաքական ուժ իմունիտետ չունի: Մեզ արդեն 8 տարի է, ինչ հետապնդում են, բայց դա չի նշանակում, որ պայքարը պետք է ավարտվի: Ով դիմանում է, ով շարունակում է մնալ կռվի մեջ, մենք ողջունում ենք: Օլիգարխները ունեն մեծ ռեսուրսներ: Բիձինա Իվանիշվիլին, օրինակ, լինելով օլիգարխ, կարողացավ բավական լուրջ փոփոխությունների հասնել Վրաստանում: Ուստի ոչ ոք չի կարող հաշվարկել՝ ինչ ընթացք կունենա ճակատամարտը: Բայց այն, որ մեր ռազմավարությունը՝ միավորել բոլոր ռեսուրսներն այս ռեժիմի դեմ, ճիշտ քաղաքականություն է, կասկած չունեմ»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը չի կարող ասել՝ ի՞նչ կլինի ԲՀԿ-ի հետ ապագայում: Նա լրագրողներին հորդորեց սպասել մինչև ԲՀԿ-ն կկողմնորոշվի, թե ի՞նչ տեղ է զբաղեցնելու քաղաքական դաշտում. «Դրա համար ես դեռ չեմ ասում՝ մենք գործելու ենք ԲՀԿ-ի հետ, թե առանց ԲՀԿ-ի»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ