«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա “Genealogy” խմբով: Խմբի 6 մասնակիցներից երրորդը եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը: Վառ կերպարով եւ եռանդուն բնույթով փորձառու երգիչ ու երաժշտագետ Վահե Թիլբյանը ճանաչված արվեստագետ է: Վահեն հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական եւ լատինական երաժշտություն: Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան որպես բացառիկ արվեստագետ և պարող:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ “Genealogy” խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:
Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, իսկ երկրորդը` ամերիկահայ սիրված երգչուհի Թամար Կապրելյանը:
Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»):
‘’Genealogy’’ խմբի չորրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին:
Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:
Մամլո հաղորդագրություն