Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր աշխատասենյակ էր հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին` պատմելու փետրվարի 17-19-ը Բելառուս կատարած իր աշխատանքային այցելության արդյունքների մասին:
«Բելառուսի մայրաքաղաք մեկնել էի Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հրավերով: Ներկա եղա բիաթլոնի պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնության բացման արարողությանը, ծանոթացա նրանց աշխատանքի համակարգին, քանի որ Բելառուսը սպորտի ոլորտում համարվում է առաջատար երկրներից մեկը, այցելեցի մարզական կառույցներ, մարզական ուսումնարաններ եւ ֆիզիկական կուլտուրայի համալսարան: Արդյունքում Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարարության միջեւ ստորագրվեց 2015/2016 թթ. համագործակցության համապարփակ ծրագիր, որը ներառում է մարզական ֆեդերացիաների, գիտական համալիր խմբերի, սպորտային բժշկության եւ բազմաթիվ այլ մարզական ոլորտների լայն համագործակցություն: Ծրագրի նախնական տարբերակում նախատեսում էր նաեւ մարզական բուհերի համագործակցություն: Սակայն ստիպված եղանք այդ կետը հանել, քանի որ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտը գործում է ԿԳՆ ենթակայության ներքո: Այդուհանդերձ, մեր երկու բուհերի միջեւ լուրջ համագործակցության շոշափելի եզրեր կան եւ ես դրանց առնչվող փաստաթղթերը փոխանցելու եմ մեր ԿԳ նախարարին», – ասաց Գաբրիել Ղազարյանը:
Aravot.am-ի հարցին, թե այդ դեպքում հնարավոր չէ՞, որպեսզի մեր մարզական բուհն էլ գործի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության ներքո, նախարարը պատասխանեց. «Այդ հարցին միանգամից պատասխանել հնարավոր չէ, որովհետեւ այդպիսի խնդիրները մեկ օրվա մեջ չեն լուծվում: Դրա համար պետք է քննարկումներ կազմակերպվեն կառավարությունում եւ դրանից հետո միայն որոշում կայացվի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ