Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների հիմնավորումները դեռ չի ներկայացրել:
ԱԺ նախագահի խոսքով՝ ուսումնասիրվել են ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև մյուս պատգամավորների բացակայությունների հիմքերը ևս: Գործընթացը դեռ չի ավարտվել, բոլորն էլ իրավական տեսքի են բերվել: «Լրացուցիչ նոր տեղեկանքներ ենք պահանջել և կարծում եմ, որ ժամանակին պատշաճ կերպով այս խնդիրը կլուծվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի առաջին նամակին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանել էր`հիշեցնելով. որ Գագիկ Ծառուկյանի բացակա օրերի վերաբերյալ, համապատասխան կարգով ԱԺ նախագահին են ուղարկվել գրություններ, ու սահմանված կարգի համաձայն Գալուստ Սահակյանն այդ բացակայությունները համարել է հարգելի։ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ եթե ԱԺ նախագահը դեռ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ ունի լրացուցիչ տեղեկատվության կարիք, խնդրում է դրանց մասին գրավոր տեղեկացնել իրեն։
Լրագրողներից մեկը հարցրեց`բացակայությունները հետաքննելու իրավունքի մասին: «Շատ խրախուսելի է ձեր հետաքրքրությունը, բայց նույն հարցը կարող եմ ես ձեզ տալ. Դուք հետաքննություն անցկացնելո՞ւ եք այդ հայտարարությունների վերաբերյալ, թե՞ ոչ»,- արձագանքեց ԱԺ նախագահը:
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը՝ նախկինում Գագիկ Ծառուկյանի բացակայությունները իր կողմից հարգելի են ճանաչվել, այսօր ինչպե՞ս է պատրաստվում այդ հարցը լուծել, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Բոլոր խնդիրներին կպատասխանենք, երբ այդ գործառույթն ավարտվի: Կարծում եմ, որ կտեղեկացնենք այդ մասին, իսկ այս պահին որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող, քանի որ վերջնական որոշում դեռևս չեմ կայացրել»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, Գալուստ Սահակյանը կոնկրետ պատասխաններ չկարողացավ տալ: «Այդ մասին հարցրեք Գագիկ Ծառուկյանին, և եթե կցանկանաք, հղում արեք նախագահին, միգուցե պատասխանի: Որևէ մեկը՝ մյուսի նկատմամբ որևէ ճնշում չի գործադրել: Սա քաղաքական գործընթաց է, որը նման իրավիճակի է հանգեցրել: Չպետք է ճնշվող, կամ ճնշող խնդիր լինի, որպեսզի սրանից հետո ոչ խախտումներ լինեն, ոչ էլ խախտվողներ»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ