«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն այսօր ներկայացրեց Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքով օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած հանրային քննարկման մանրամասները:
Ըստ նրա, 1992-ին հայ-ռուսական համաձայնագրով ռուս սահմանապահների տեղաշարժը իրենց տեղակայման սահմաններից դուրս պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ, բայց Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի տեղաշարժը համաձայնեցված չի եղել ՀՀ ոստիկանության հետ, ինչը խախտում է հայ-ռուսական պայմանագիրը:
Նա այսօր «Հայելի» ակումբում պատմեց, որ հանրային քննարկման արդյունքում ռուս սահմանապահները ինքնագլուխ են գործել՝ առանց սպասելու ՀՀ ԱԱԾ ծառայողներին, Պերմյակովին տեղափոխել են ռազմաբազա. «Ռուս սահմանապահները իրենց չպատվիրակված գործունեությամբ են զբաղվել, որովհետեւ հայ-ռուսական պայմանագրում հստակ նշված է, որ սահմանապահները բացի բնական աղետների հետեւանքների վերացումից ու սահմանը պաշտպանելուց՝ այլ գործունեություն իրավասու չեն իրականացնել՝ առանց համաձայնեցնելու հայկական կողմի հետ»:
Ինչ վերաբերում է նրա՝ սահմանը հատելու փորձին, Դանիել Իոաննիսյանը մեջբերեց ՀՀ քրեական օրենսգիրքը. «Հստակ ասվում է, որ եթե հանցագործի կամքից անկախ հանցագործությունը մնացել է անավարտ, դա միեւնույնն է հանցագործություն է քրեական օրենսգրքի 329 հոդվածով: Բայց Պերմյակովի նկատմամբ հարուցված չէ այդ հոդվածով քրեական գործ: Մինչդեռ ԱԱԾ քննչական մարմինը դրանով պետք է զբաղվեր: Այն, որ սահմանը հատելու փորձի վերաբերյալ, դեպքից 40 օր անց չկա հարուցված քրեական գործ, հիմք է տալիս մտածելու, որ իրականում սահմանը հատելու փորձ չի էլ եղել: Արդյոք Բայանդուր գյուղի մոտ տեղի ունեցածը թատրո՞ն չէր, արդյոք այլ բան տեղի չի ունեցել»:
Կարդացեք նաև
Ըստ Դանիել Իոաննիսյանի, իրենց հաշվարկներով, Պերմյակովը լքել է ռազմաբազան հունվարի 12-ի գիշերը ժամը երեքի սահմաններում:
«Այսինքն, ամենաուշը ժամը 4-ին ռազմաբազայում պարզ էր, որ ունեն զինված դասալիք ու պարտավոր էին ռազմական ոստիկանությանը տեղեկացնել այդ մասին, բայց ռուսական կողմը դա չի արել: Ե՞րբ է հայտնել հայկական կողմին, մութ է մնում: Ռազմական ոստիկանությունը մեր այս հարցմանը չի պատասխանել, իսկ ոստիկանությունը իրարամերժ պատասխան է տալիս, ոստիկանապետն ասել է 10: 45-ին, իսկ մեր գրությանն ի պատասխան, ասել են 8-ին: Ոստիկանությունը կամ կոծկում է ուշ հայտնելու փաստը փախուստի մասին կամ այլ բան է փորձում կոծկել»:
«Սահմանադրությունը, ՀՀ օրենսդրությունը ոտնահարվել է, հայ-ռուսական համաձայնագրի մի շարք կետեր ոտնահարված են: ՀՀ ինքիշխանությունը ստորադասվում է ՌԴ Սահմանադրությանը: Դատախազը տղամարդավարի խոստացավ, բայց չգիտենք՝ ինչ եղավ նրա խոստման հետ »,- շարունակեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը:
«Չգիտենք էլ ԱԳՆ-ն թե դատախազը իրավասություն ուներ դիմելու ռուս գլխավոր դատախազին, բայց դատախազությունը հրապարակայնորեն գործունեություն չի ծավալում:
ՌԴ դատախազությունից հայտարարել են, որ ՀՀ գլխավոր դատախազությունից նամակ չեն ստացել: ՀՀ գլխավոր դատախազը չի տրամադրում ոչ այդ նամակի պատճենը ոչ այլ ապացույց, որ այդ նամակն իսկապես ուղարկված է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Ըստ նրա, գլխավոր դատախազությունը նամակի բովանդակության մասին տեղեկություններ չի տրամադրում, ինչը հիմք է տալիս մտածել, որ նամակ գոյություն չունի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ