Վերջերս մենք անդրադարձել էինք Գավառի Գանձակ գյուղում ապրող մի ընտանիքի պատմությանը: Երիտասարդ կինը մեզ հետ զրույցում պնդում էր, թե ինչպես է 13 տարի շարունակ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկվել ամուսնու եւ նրա ընտանիքի անդամների կողմից, ցույց էր տալիս լուսանկարները, որտեղ երեւում էին նախկինում տեղի ունեցած բռնության թարմ հետքերը:
Այս ընտանիքում բռնություն առկա է եղել ամուսնության առաջին իսկ տարիներից, սակայն կինը տարիներ շարունակ հանդուրժել ու լռել է, երբեմն էլ պոռթկացել է, նույնիսկ ոստիկանություն է դիմել, սակայն հանուն երեխաների շարունակել է ապրել բռնարար ամուսնու հետ:
Երբ այս ընտանիքի պատմությունը հրապարակեցինք, արդեն համոզված էինք, որ Սոնայի (անունը փոխված է) համար այլեւս անհնար է ապրել մի միջավայրում, որտեղ իր կյանքն ու առողջությունն ապահովված չէ, իր երեխաների դաստիրակման համար չկա բավարար բարոյահոգեբանական մթնոլորտ: Սակայն օրերս տեղեկացանք, որ Սոնան վերադարձել է ամուսնու մոտ՝ դարձյալ հանուն երեխաների: Բաժանումից հետո աղջիկ երեխան մնացել էր մոր մոտ, իսկ տղան՝ հոր: Սոնան 4 ամսից ավելի չէր տեսել երեխային: Երիտասարդ մայրը տանջվում էր կարոտից, իսկ դատարանի միջոցով տղային հետ վերադարձնելու հույսեր առանձնապես չուներ: Ամուսնու ընտանիքը բարեկամ ունի Վճռաբեկ դատարանում, ինչը առիթ էր տալիս կարծելու, որ դատարանների միջոցով արդարության չի կարող հասնել:
Ընտանիքի հաշտեցմանը միջամտել էին մարզպետարանի աշխատակիցները, ովքեր Սոնային խոստացել են, որ բռնության կրկնության դեպքում իրենք կմիջամտեն եւ «կարգի կհրավիրեն» բռնարարներին: Թե ինչ կլինի հետագայում Սոնայի հետ այդ ընտանիքի ներսում, դժվար չէ կանխատեսել: Հուսանք, որ կանխատեսումներում մենք սխալված կլինենք: Սակայն այս դեպքը
առիթ է, որպեսզի Սոնայի օրինակով հասկանանք, թե Հայաստանում, հատկապես մարզերում եւ փոքր համայնքներում ինչպես են «լուծվում» ընտանեկան բռնության դեպքերը:
Նախ պետք է հասկանալ, թե ինչպես են ստեղծվում այն ընտանիքները, որոնցում կինը հաճախ բռնության է ենթարկվում: Փոքր համայնքներում բնակվող աղջիկների մեծամասնությունը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ամուսնանում են, ընդ որում, հաճախ ոչ սեփական կամքով: Նրանց ամուսնացնում են: Գավառի մեկ այլ գյուղում ապրող երիտասարդներից մեկը պատմում է, թե ինչպես են տարիներ առաջ ամուսնացրել աղջիկներին: «Աղջիկը գնացել է կուժով աղբյուրից ջուր բերելու, հետ է եկել, հայրն ասել է, որ իրեն արդեն ամուսնացրել են, որ քիչ առաջ եկել էին իրեն «ուզելու», ինքն էլ համաձայնել է…»:
Տարիներ առաջ տեղի ունեցած այս դեպքն այսօր էլ բացարձակ խորթ չէ հատկապես Գեղարքունիքի մարզի գյուղերի բնակիչների համար: Աղջիկներից շատերին գալիս են «ուզելու» նրանց միանգամայն անծանոթ տղամարդիկ, հաճախ նույնիսկ ոչ թե անձամբ փեսացուն է գալիս, այլ նրա հայրը, մեծ եղբայրը կամ հորեղբայրը: Որոշում կայացնում են տան տարեց տղամարդիկ, իրագործում են երիտասարդները:
Այսպիսի հիմքով ստեղծված ընտանիքներում առավել քան կանխատեսելի են վեճերը, միմյանցից դժգոհությունները, որոնք էլ հաճախ վերածվում են բռնության: Եվ մեծամասամբ բռնության զոհ են դառնում երիտասարդ կանայք:
Երբ մամուլում հրապարակում է լինում, որ որեւէ կին տարիներ շարունակ ընտանեկան բռնության է ենթարկվել, շատերը մեղադրում են հենց նրանց՝ ասելով, թե իրենք չպետք է հանդուրժեին իրենց նկատմամբ նման վերաբերմունք: Սակայն դա եւս իր բացատրությունն ունի:
17-18 տարեկանում ամուսնացած, իսկ ավելի ճիշտ, հարս գնացած աղջիկը, ով չունի ոչ բարձր, ոչ էլ միջին մասնագիտական կրթություն, աշխատանքային փորձ եւ շրջապատ, չի կարող ամուսնալուծվել եւ միայնակ ապահովել իր եւ իր երեխաների գոյությունը: Այսպիսով նրանց մնում է ընդամենը 2 ճանապարհ՝ կամ վերադառնալ հայրական տուն, կամ լքել երեխաներին եւ փորձել ինքնուրույն կյանք սկսել:
Վերջին տարբերակը երիտասարդ մայրերի գերակշռող մեծամասնության դեպքում բացառված է, իսկ հայրական տուն վերադառնալը իր հերթին նոր դժվարություններով է պայմանավորված: Ոչ բոլոր ծնողներն են կարող եւ պատրաստակամ հետ ընդունել իրենց աղջիկներին՝ մանկահասակ երեխաներով: Արդեն պատկառելի տարիքի հասած ծնողները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն աջակցում իրենց աղջիկներին: Այդ պատճառով բռնության ենթարկվող կնոջ ծնողները եւս խրախուսում են, որ իրենց երեխան հանդուրժող ու զուսպ լինի, շարունակի կրել իր դառը ճակատագիրը, ճակատագիր, որ հենց ծնողներն են նախագծել նրա համար:
Իսկ երբ ծնողներին չի հաջողվում հաշտեցնել երիտասարդ զույգին, գործին խառնվում են գյուղապետերը, մարզպետարանների աշխատակիցները, հաճախ էլ պարզապես գյուղի հարգված մեծերը: Վերջիններս ջանք չեն խնայում, որպեսզի «ընտանիքը» չքայքայվի, որպեսզի
կինը շարունակի ապրել բռնարար ամուսնու հետ, իսկ վերջինս իրեն «հավաքի» եւ այլեւս չփորձի ծեծել կնոջը:
Հաճախ հենց այսպիսի «լուծում» են ստանում ընտանեկան բռնության դեպքերը: Հետաքրքիր է, թե 2014 թվականին ընտանեկան բռնության արդյունքում մահացած 12 կանանցից քանիսի դեպքում էին այսպես «լուծվել» խնդիրները, մինչեւ որ բանը չհասավ ոսկորին՝ արժենալով մարդկային կյանքեր:
Արման Ղարիբյան
Հոդվածը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ արձագանքման խմբի շրջանակներում:
ձեր բոլորիդ էլ վերջացնելու են: քիչ է մնացել ձեր “արագ արձագանքներին”