Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը չաջակցեց Փաշինյանին՝ մեղադրելով հռչակագրի դրույթներից շեղվելու մեջ

Փետրվար 23,2015 13:43

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ չընդունվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին»:

Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության անունից Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այդ նախագիծն անլուրջ է եւ իրենք չեն աջակցելու դրան. «Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր հիմքերն առկա են, բայց այդ գործընթացը չի կարելի անլրջացնել տարօրինակ իրավաբանական հիմնավորումներով՝ չնախապատրաստելով քաղաքական ուժերի աջակցությունը՝ գոնե հարցը քննարկմանը հասցնելու համար»:

Նա հիշեցրեց, որ ՀԱԿ հանրահավաքների ընթացքում Կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Ազատության հրապարակում ընդունել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը. «Եվ հասկանալի չէ, թե ինչու մեր խմբակցության պատգամավորը, առանց իր խմբակցության հետ քաղաքական կոնսուլտացիա անելու, շեղվել է հռչակագրի դրույթներից եւ ներկայացրել բոլորովին այլ մի բան: Խմբակցությունը չի քվեարկի, քանի որ գործընթացը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական առումով նախապատրաստված չէ: Նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին՝ ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության որեւէ լուրջ հիմք չկա»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում բոլոր տեսակետները մանրամասն ներկայացրել է. «Բոլոր գնահատականներին մանրամասն անդրադարձել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ անկախ փաստաթղթի իրավական հիմնավորումներից, սա պատեհ առիթ է, որ այն ուժերը, որոնք հրապարակներում խոսում են իշխանափոխության մասին՝ ցույց տան իրենց մոտեցումը: Նա հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագիծն օրակարգ մտցնելուն. «Քննարկենք, կհամաձայնենք, թե չենք համաձայնի՝ ժամանակը ցույց կտա: Բայց ամիսներ շարունակ փողոցներում ասել, թե պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ այստեղ ասել՝ մենք գտնում ենք, որ ժամանակավրեպ է…մյուս ընտրություններին գնացեք, հետո ասեք՝ իշխանափոխություն ենք ուզում»: Նա կոչ արեց կողմ քվեարկել, հետո իրենց բացասական տեսակետը հայտնել:

Խաչատուր Քոքոբելյանի գնահատմամբ՝ սա շատ խճճված հարց է դարձել ընդդիմության կողմից, ուստի առաջարկեց Նիկոլ Փաշինյանին հետաձգել այն օրակարգ մտցնելու հարցը, որպեսզի ընդդիմության հետ քննարկի՝ շահարկումներից խուսափելու համար:

Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց: Նրա բացատրելով՝ նախագիծն արդեն մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է եւ ոչ մի առաջարկ չի ստացել դրա վերաբերյալ. «Ես ասել եմ, որ ցանկացած առաջարկություն կընդունեմ, ինչը կհիմնավորի Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը: Կընդունեմ առանց քննարկման, չեմ նայի նույնիսկ բովանդակությանը: Ավելին, ես ասել եմ, որ եթե այլ քաղաքական ուժ կներկայացնի Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը վերաբերվող որեւէ նախագիծ՝ առանց վերապահման կստորագրեմ եւ կմիանամ այդ նախագծին: Ուստի ամեն ինչ ասված է, բոլոր գնահատականները տրված են, եւ հարցը դնում եմ քվեարկության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` Արման Վեզիրյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728