Լրահոս
Օրվա լրահոսը

Կխթանվեն ներդրումային ծրագրերը

Փետրվար 23,2015 13:38

Նախօրեին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքները ՝ առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քաղաքականությունը:

Այս առումով նախարար Սարգսյանը կոլեգիայի անդամներին ծանոթացրել է ՀՀ վարչապետի մոտ կայացած՝ շինարարության բնագավառում ներդրումային ծրագրերի խթանման վերաբերյալ խորհրդակցության հանձնարարականներին և հիմնական դրույթներին: Միաժամանակ, ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից նա կարևորել է քաղաքաշինության նախարարության աշխատակազմում  նոր՝ կառուցապատման ներդրումային վարչության ստեղծումը, որն արդեն ուսումնասիրություններ է իրականացնում Երևանի և հանրապետության տարբեր բնակավայրերում՝ ներդրողների համար իրացման ենթակա տարածքներ ընտրելով և նրանց առաջարկելով ամբողջական փաթեթներ՝ հողամասերն իրենց ենթակառուցվածքներով, էսքիզային նախագծով:

 «Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքը կլուծի նաև կիսակառույցների հարցը

Որպես գերատեսչության առջև դրված գերխնդիր, Ն. Սարգսյանը կարևորել է նախարարության մշակած և ՀՀ կառավարության ու ԱԺ հաստատմանը ներկայացվելիք «Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքը, որի դրույթները կենտրոնից զատ կարող են տարածվել ինչպես հանրապետության այլ բնակավայրերի, այնպես էլ՝ Երևանի այլ վարչական շրջանների վրա: «Ավելին, այս օրենքի ընդունումը լուրջ խթան կարող է դառնալ կիսակառույցների խնդիրը լուծելու առումով, քանի որ օրենքով կիրառվող գործակցով հարկը կստիպի ներդրողներին կամ արագ ավարտել շինարարությունը, կամ մատչելի գնով ձերբազատվել տվյալ հողամասից կամ շինությունից»,- նշել է քաղաքաշինության նախարարը՝ միաժամանակ անդրադառնալով նաև «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքին, ինչպես և՝ «ՀՀ պետական պարգևների և կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելուն (ներառելով և վերականգնելով «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչումը):

 Առանց բակային տարածքների՝ ոչ մի բնակելի շենք

Այս տրամաբանությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ արդեն իսկ իրավական ակտերի շրջանակում մշակվում են հատուկ նորմատիվային պահանջներ՝ հետայսու բացառելով առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը, միաժամանակ, կառուցվող շենքերում որպես պարտադիր նորմ նախատեսելով մանկական սենյակի, ծերերի զրուցարանի և այլ սոցիալ-մշակութային նշանակության տարածքների առկայությունը:

 Նալբանդյան-Թումանյան խաչմերուկը՝ ճարտարապետ Բունիաթյանի անվան հրապարակ

Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուն անդրադառնալով կոլեգիայի օրակարգային հարցերին, ներկայացրել է «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրի առաջարկը՝ Նալբանդյան-Թումանյան հրապարակը ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի անունով կոչելու վերաբերյալ. Կոլեգիայի անդամները խնդրո առարկա առաջարկը հավանության են արժանացրել, ինչը նշանակում է, որ առաջիկայում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը կդիմի Երևանի ավագանուն՝ քննարկելու այս հարցը: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է նաև շինարարության և ճարտարապետության երախտավորների գործունեության քարոզման ու հանրահռչակման խնդրին՝ ճարտարապետության ոլորտի երախտավորների կյանքն ու գործը հանրությանը ճանաչելի դարձնելուն ուղղված աշխատանքներին:

Ն. Սարգսյանն առաջարկել է շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին՝ ներկայացնել հիդրոշինարար Հովսեփ Տեր-Աստվածատրյանի 130-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ առաջարկություն:

 ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին դիմելով հորդորել է առաջարկություններ ներկայացնել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, միաժամանակ տեղեկացնելով քաղաքաշինության նախարարության երկու նախաձեռնությունների մասին: Դրանցից առաջինը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ համատեղ (ղեկավար՝ Սամվել Կարապետյան)՝ Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական գրքի հրատարակությունն է, մյուսը՝ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ում իտալահայ ճարտարապետ Լևոն Կուրեղեանի՝ Եղեռնի թեմայով ցուցահանդեսի բացումը:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728