Քիչ առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ 4 կողմ, 68 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով չընդունվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախաձեռնությունը:
Մինչ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կանխելով շահարկումները՝ վստահեցնում է, որ նախագիծը չի խախտում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը. «Այստեղ շարադրված են հանրահայտ փաստեր, որոնք բանալի են հանդիսանում Սերժ Սարգսյանի գործունեության մութ կողմերի վերաբերյալ օդում կախված բազմաթիվ չստուգված լուրեր վերջնականորեն ստուգելու համար: Այն Հայաստանը, որին ձգտում ենք մենք ՝«Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամներս, զերծ է քաղաքական հետապնդումներից, գործում է լիարժեք անկախ դատարան, որտեղ բոլոր մարդիկ անվերապահորեն հավասար են օրենքի առաջ: Մենք մեր հիմնական առաքելությունը համարում ենք ամենաթողությունից, անպատժելիությունից եւ հովանավորչությունից ազատ Հայաստանը»:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր կողմից կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին ու ՀՀԿ-ականներին զգուշացրեց. «Ուշ թե շուտ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը տեղի է ունենալու: Ցանկալի է,որ այն լինի ոչ թե ցավոտ ընթացակարգով, այլ նորմալ, իրավական ընթացակարգով: Հակառակ դեպքում ձեր համար ամեն ինչ լինելու է անկանխատեսելի: Սերժ Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այլեւ Արթիկում, Կոշում..»:
«Անջատե՛լ, ամեն ինչ ունի չափ ու սահման: Պետք չի խորհրդարանը կրկեսի վերածել»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ անջատեցին Փոստանջյանի խոսափողը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ