Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆարմանյանն ու Փոստանջյանը վիճեցին. «Ձեր՝ պարոն Լիսկայի պատմագիտական դոկտորի մակարդակը չեմ կիսում»

Փետրվար 23,2015 13:13

Քիչ առաջ քվեարկության դրվեց եւ չընդունվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Մինչ քվեարկությունը` բուռն քննարկում տեղի ունեցավ: Զարուհի Փոստանջյանը Գալուստ Սահակյանին հիշեցրեց. «Անցյալ տարի դուք խոստացաք այս ամբիոնից, որ պատրաստ եք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած այլ ազգերի՝ հույների, ասորիների, եզդիների նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունների մասին իմ կողմից ներկայացված օրինագիծը վերամշակել եւ նորից դնել շրջանառության մեջ: Դուք ոչ մի բան չասացիք, ձեր գործընկերները իմ նախագիծը վերցրել եւ դրել են շրջանառության մեջ՝ հանելով եզդիների նկատմամբ ցեղասպանության վերաբերյալ մասը: Ասում էին, որ չկան եզդիների նկատմամբ ցեղասպանության ապացույցներ: Ես ձեզ բոլորիդ բաժանել եմ ապացույցներ, նաեւ ներկայացրել եմ գրականություն: Ինչո՞ւ եք հանել այդ փաստը օրինագծից»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ինքն իր խոստումը կատարել է. «Մենք լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել, խոսել ենք պատմաբանների հետ: Տարիներ շարունակ ԱԺ-ում այդ խնդիրը բարձրացվել է, ինչ վերաբերում է եզդիներին, ես չեմ կարծում, որ այսպես ցեղասպանություններ ընդունելը դա բավականին առաջընթաց է այն առումով, որ ես դեռեւս որեւէ փաստաթուղթ չեմ կարողացել ձեռք բերել, որտեղ հիմնավորումներ լինեն: Ձեր բաժանած տեսակետը, կարծում եմ, հանձնաժողովը կնայի, եթե կլինեն հիմնավորումներ,կանդրադառնանք նաեւ այդ խնդրին»:

Պատգամավորները սկսեցին տարբեր տեսակետներ հայտնել եզդիների նկատմամբ ցեղասպանության հետ կապված: Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց Զարուհի Փոստանջյանին եւ նախագիծն օրակարգից հանի, վերամշակեն, նորից բերի:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ հայտարարեց. «Մի անմիտ բան է կատարվում, հետո հազար խելոք չեն կարողանում դուրս բերել: Րաֆֆի Հովհանիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը հայ պատմագիտական մտքի հսկաներից է, ուղարկեք նախագիծը նրան եւ նա 2 կնշանակի՝ ձեր մասնագիտորեն ոչ խոհեմ եւ ոչ գրագետ նախագծին: Մասնագետները պետք է խոսեն, չի կարելի պատմագիտությունը իջեցնել այս մակարդակի, սա անընդունելի է: Մարդիկ մազ են սպիտակեցրել այս փաստերի համար»:

Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանը նետեց. «Պարո՛ն Ֆարմանյան, եթե ձեր պատմագիտական մակարդակը պարոն Լիսկայի՝ պատմագիտական փիլիսոփայական գիտությունների դոկտորի մակարդակն է, ես չեմ կիսում այդ մակարդակը: Երբ ասում եք, որ մինչեւ հիմա չենք ուսումնասիրել եւ դա ասվում է ԱԺ ամբիոնից, ես դա էլ չեմ կիսում, որովհետեւ մենք որպես պետություն, որն ունի արդեն շուրջ 25 տարվա անկախ պատմություն, հնարավոր չի մինչեւ հիմա ուսումնասիրած չլիներ այդ հարցը»:

Գալուստ Սահակյանը հորդորեց կրքերը մարել. «Ինչի՞ համար ենք անում այսպես, որ եզդի ժողովուրդը հավատա, որ մեն իրենց շա՞տ ենք սիրում ու հարգում: Մեր ամբողջ կենցաղը, մեր ամբողջ որոշումները՝ կապված եզդիների հետ, նրանց դրվատանքի խոսքերը ակնհայտ են»:

Ի վերջո, քվեարկության արդյունքներով կողմ քվեարկեց 9 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 65 պատգամավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728