Այսօր ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկից հետո, ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ-ն հայտարարեց, որ բոյկոտելու է այս քառօրյան՝ հաշվի առնելով ներքաղաքական ստեղծված իրավիճակը:
Այս քառօրյայի համար առաջարկվող օրակարգը չէր բավարարել նաեւ ՀԱԿ խմբակցությանը: Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հեգնեց, որ խորհրդարանում «լավ» ավանդույթ է ձեւավորվել՝ օրակարգում քննարկել երկրի համար «ամենակարեւոր» հարցերը. «Մենք, իհարկե, միամիտ չենք եւ հասկանում ենք, որ Դուք, որպես ԱԺ նախագահ եւ ՀՀԿ-ի թիմի անդամ, լիովին աջակցել եք Սերժ Սարգսյանին, որոնք կիրառվեցին Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի նկատմամբ, բայց դիտարկելով Ձեզ զուտ ԱԺ նախագահի դերում, գտնում ենք, որ ԱԺ-ն անհետաձգելի քննարկման հարց պետք է դարձներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծելուն ուղղված Սերժ Սարգսյանի ահաբեկչական գործողությունները»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նրա խոսքն ընդհատեց՝ ասելով, որ սա մտքերի փոխանակություն չի. «Երկրորդը՝ Գագիկ Ծառուկյանի թիմն ունի մի ամբողջ խմբակցություն: Ձեր խոսքերի կարիքը չունի, որ պետք լիներ՝ չէին բոյկոտի»:
Լեւոն Զուրաբյանը դիմեց Գալուստ Սահակյանին՝ ասելով «Եթե դուք դեմոկրատական երկրի խոսնակ լինեիք, պետք է անհետաձգելի միջոցառում անեիք, հանձնաժողով ստեղծեիք, ուսումնասիրեիք այդ ոտնձգությունների հեղինակին պատասխանատվության հարցը, արդյոք դուք պատրաստվո՞ւմ եք նման քայլ անել»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանը ձախողված վրեժխնդրություն որակեց Լեւոն Զուրաբյանի առաջարկը եւ ասաց, որ համաձայն չէ նրա հետ: Նա ասաց, որ ԱԺ-ն թատերաբեմ չէ :
Ավելի ուշ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ քանի որ ԱԺ-ն համարժեք քայլեր չի պատրաստվում ձեռնարկել, իրենք հանրահավաք կանեն. «Մենք կոչ ենք անում ժողովրդին հավաքվել Ազատության հրապարակում՝ մարտի 1-ին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ