Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Պահանջվում են «միամիտ մարդիկ»

Փետրվար 23,2015 16:00

Պետք է ի հայտ գան «անզեն խաչակիրները»

1219 թվականին կաթոլիկ վանական սուրբ Ֆրանցիսկոս Ասիզցին միայնակ գնաց Արեւելք՝ մահմեդականների մոտ: Մինչ այդ եւ դրանից հետո նրա հայրենակից իտալացիները եւ ընդհանրապես եվրոպացիները նույնպես գնում էին այդ ուղղությամբ՝ Տիրոջ մասունքները անհավատներից ազատագրելու: Բայց նրանք դա անում էին հրով եւ սրով՝ մեղմ ասած, ոչ միանշանակ հետք թողնելով պատմության մեջ, որովհետեւ բացի զուտ գաղափարական դրդապատճառներից՝ կային բազմաթիվ քաղաքական եւ տնտեսական մոտիվներ: Ֆրանցիսկոսը գնաց մահմեդականների մոտ զուտ հոգեւոր նպատակներով՝ նա «խաչակիր» էր բառիս ուղիղ, «խաղաղ» իմաստով, որովհետեւ միայնակ, առանց զենքի, վտիտ մարմնով այդ մարդը փորձում էր մահմեդականներին ՀԱՄՈԶԵԼ, որ նրանք քրիստոնեություն ընդունեն:

Միամտությո՞ւն է: Այո: Բնականաբար, իսլամի հետեւորդները նրան, ժամանակակից լեզվով ասած, «պասլատ արեցին» (լավ է՝ չվառեցին), բայց Ֆրանցիսկոսին մենք հիշում ենք սիրով եւ հպարտությամբ, իսկ խաչակիրներին՝ ոչ այնքան: Ի դեպ, մի քանի օր առաջ «Իսլամական պետության» զինյալները առեւանգել եւ դաժանորեն սպանել են 21 եգիպտացի քրիստոնյայի: Ահաբեկիչներից մեկն ասաց՝ «ահա այդպես ենք մենք վարվելու բոլոր խաչակիրների հետ»: Չնայած նրա զոհերն ամենեւին խաչակիրներ չէին՝ խեղճուկրակ «խոպանչիներ», որոնք գնացել էին Լիբիա՝ մի կտոր հաց վաստակելու:

Հյուգոյի «Թշվառներում» եպիսկոպոս Մարիելը իր արարքներով եւ խոսքով համոզում է հանցագործ Ժան Վալժանին հանել իր միջից իրեն տանջող չարիքը: Կա՞ր արդյոք ռիսկ, որ Վալժանը կվաճառեր իրեն նվիրած արծաթե մոմակալները եւ կշարունակեր հանցագործություններ կատարել: Իհարկե, կար, բայց եթե տարբերակ կա տասից մեկին փրկելու, ինչո՞ւ դա չանել: Ֆրանսիական մի ֆիլմում Ժան Ռենոյի հերոսը իր ընկերների հետ որոշում է հետ կանգնել ավազակության ճանապարհից եւ ռեստորան բացել: Երբ ֆիլմի վերջում նրա նախկին ընկերները զենքուզրահով ներխուժում են այդ ռեստորան՝ «դավաճաններին» սպանելու, գլխավոր հերոսն է ասում՝ «մենք չենք կրակում, նրանք էլ չեն կրակելու»: Ավազակներն ի վերջո թողնում, գնում են: Կարո՞ղ էին նրանք սպանել նորաթուխ ռեստորանատերերին: Իհարկե: Բայց դա բացարձակապես որեւէ իմաստ չէր ունենա:

Աշխարհում սեփական համոզմունքներն առաջ տանելու համար սովորաբար վերցնում են ինչ-որ բութ գործիք՝ դիմացինի գլխին խփելու համար: Դիմացինն, իհարկե, չի համոզվում, եւ կա՛մ ատելությունը սրտում՝ ենթարկվում է, կա՛մ էլ ինքն է մահակ վերցնում, ընդ որում՝ ավելի մեծ: Բայց եվրոպական մշակույթում եղել են եւ կան մարդիկ, որոնք հանդես են եկել բանականության, բանակցության, իրար համոզելու, փոխզիջում գտնելու դիրքերից: Իհարկե, նրանք չեն կարող կանգնեցնել պատերազմը Միջին Արեւելքում կամ Ուկրաինայում: Սակայն կարող են եւ պարտավոր են անընդհատ հիշեցնել, որ երկու կողմերում էլ մարդիկ են կանգնած, եւ ոչ մի քաղաքական, կրոնական կամ «կայսերապաշտական» հավակնություն հավասարազոր չէ անգամ մի կաթիլ մարդկային արյան:

Ներքաղաքական խնդիրներում, առավել եւս՝ Հայաստանի նման փոքր եւ միատարր երկրում դա առավել եւս այդպես է: Պարզապես այդ խոսքն ասողներն են մեզանում գրեթե բացակայում: Նրանք, ովքեր կոչված են դա անել, մտել են այս կամ այն խրամատը եւ ամեն օր մամուլի ակումբներից, Ֆեյսբուքից, եթերից, կայքերից հասարակության վրա թափում են իրենց թիմերի մաղձը:

Իդեալական կլիներ, որ նման առաքելություն իրականացնեին մեր հոգեւորականները: Բայց նրանց բարձր դասը Հայաստանում ընկալվում է որպես իշխանության մաս, իսկ շարքային քահանաները՝ հաճախ որպես կնունք-թաղումների վրա փող աշխատողներ:
Ամեն մի դար պահանջարկ է ձեւավորում այն մարդկանց, որոնք հակադրվում են դրա հիմնական միտումներին: Մեր ժամանակներում կրկին, հավանաբար, պահանջարկ կա «միամիտ իդեալիստների»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728