Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ հետաքննել ադրբեջանցի դիվերսանտների գործը Ի պատասխան Վիկտորյա Նուլանդի

Փետրվար 23,2015 15:30

«Տիկին Նուլանդի տարածաշրջանային այցը կարեւոր էր հատկապես այն տեսանկյունից, որ սա նման մակարդակի ամերիկյան պաշտոնյայի առաջին գործուղումն էր Հայաստան՝ Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի պատժամիջոցների գործադրումից հետո, եւ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում նրա կողմից սպասելի էր երկկողմ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի տեսլականի ներկայացումը»,- «Առավոտի» հետ զրույցում ամփոփելով Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի այցը՝ ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Մեր զրուցակիցը գնահատելի է համարում այն, որ ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել մի շարք կարեւոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Միաժամանակ, մեզանում առավել մեծ ուշադրության արժանացան հայ-թուրքական հաշտեցման գործընթացի եւ դեռահասի սպանության ու մի շարք այլ հանցագործությունների համար Արցախում դատապարտված դիվերսանտներին ադրբեջանական կողմին հանձնելու հնարավորության մասին տիկին Նուլանդի կողմից հնչեցված տեսակետները: «Այսպես՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ապագայի առնչությամբ նա իր ուրախությունն է արտահայտել առ այն, որ Հայաստանը չի կասեցրել իր մասնակցությունը դրան, եւ շատերին տարօրինակ թվաց բարձրաստիճան պաշտոնյայի այս պնդումն անմիջապես այն բանից հետո, երբ պարոն Սերժ Սարգսյանը ետ կանչեց խորհրդարանից չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունները: Կարծում եմ, որ տիկին Նուլանդն իրավացի է՝ Հայաստանն այդ գործընթացի մասնակիցն է համարվելու այնքան ժամանակ, քանի դեռ չի չեղարկել արձանագրությունների տակ դրված ՀՀ պաշտոնական ներկայացուցչի ստորագրությունը: Դիվերսանտների հետ կապված տիկին Նուլանդի մարդասիրական մոտեցումները շատերին վրդովեցրին՝ դժվար է հասկանալ մարդասպաններին, փաստորեն, ազատություն շնորհելու եւ Ադրբեջանում հերոսացնելու առաջարկը:

Կարծում եմ, որ այս խնդիրը քաղաքական համատեքստում է պետք դիտարկել՝ մարդասիրական մղումների մասին ասածները դնելով մի կողմ»,- ասաց Արման Մելիքյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը, ինչպես եւ Հայաստանի Հանրապետությունը, չի ճանաչում ԼՂՀ-ն որպես անկախ պետություն, եւ քանի դեռ խնդիրն իր իրավական լուծումը չի ստացել, Արցախը դիտարկում են որպես Ադրբեջանի տարածք, որը գտնվում է Բաքվի դատական իրավազորության տիրույթում: «Հետեւաբար նաեւ ԼՂՀ դատական ատյանների գործունեությունն օրինական համարել չեն կարող: Արցախի դատարանների որոշումները օրինական կհամարվեն այն երկրների կողմից, որոնք կճանաչեն ԼՂՀ պետական անկախությունը: Ահա սրա մասին պետք է մտածեն ՀՀ քաղաքական ու պետական շրջանակները:

Մյուս կողմից՝ արժե հիշել նաեւ, որ, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի արտգործնախարարն էր առաջինը, ով բարձրաձայնեց ՌԴ-ի միջնորդությամբ դիվերսանտներին Ադրբեջանին արտահանձնելու հնարավորության մասին՝ սա նշանակում է, որ ամերիկացի պաշտոնյան պարզապես վերականգնել է հավասարակշռությունը»,- կարծում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս իրավիճակում հայկական կողմերը հնարավորություն են ստանում որոշ քայլեր կատարելու. «Եթե Հայաստանը ռուսական պատկան մարմինների հետ համատեղ քննություն է կատարում Գյումրիի դաժան սպանության գործով, ապա Արցախը կարող է առաջարկել ամերիկյան կողմին այս կարգի հանցագործությունների համատեղ նախաքննություն իրականացնել, ինչպես նաեւ մինչեւ արցախյան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծումը՝ իրավական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի քաղաքացիներին՝ ԼՂՀ դատարաններում եւ արցախցիներին՝ ադրբեջանական դատական ատյաններում՝ այս կարգի համագործակցության փոխընդունելի ձեւերը կարելի է գտնել»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728