Կառավարությունը մտադիր է վարձու աշխատողների, նոտարների եւ անհատ ձեռնարկատերերի եկամտային հարկը վերադարձնել, բայց մի պայմանով՝ եթե այս քաղաքացիները հիփոթեքով բնակարան ձեռք բերեն նոր կառուցվող կամ կառուցված շենքերում: Ընդ որում, այդ բնակարանները պետք է գնվեն անմիջապես կառուցապատողից, կամ՝ եթե բնակարանը գնվում է պետության կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում, թույլատրվում է նաեւ այս նույն հիփոթեքային վարկի պայմաններով պատվիրել շինարարական ընկերությանը անհատական տուն կառուցել: Այս պայմաններն ընդունվել են դեռ անցյալ տարվա նոյեմբերի 19-ին, երբ Ազգային ժողովը «Եկամտային հարկի մասին» օրենքում լրացում կատարեց, իսկ կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատեց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: Այսպիսով կառավարությունը որոշել է աշխուժացնել հիփոթեքային շուկան, ինչպես նաեւ խթանել շինարարության ոլորտը, որը տեւական ժամանակ է՝ անկում է գրանցել:
Եկամտային հարկի վերադարձը, կարծես թե, դրական քայլ է, եւ այն առաջին հայացքից թվում է, թե լավություն է քաղաքացիներին: Բայց երբ մի փոքր խորանում ենք հայտնի հումորի տրամաբանությամբ՝ «էս որտե՞ղ են ուզում մեզ «գցած» լինեն», պարզվում է, որ այս որոշմամբ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսն են խթանում՝ չնայած որ քաղաքացուն վերադարձվում է մի քիչ գումար, բայց, ինչպես ասում են՝ «դե, չեղածից էլ լավ է»:
Ավելի պարզ ներկայացնելով օրենքը՝ նշենք, որ վարձու աշխատողը եթե հիփոթեքով բնակարան է ձեռք բերում, ապա նրա ամեն ամսվա եկամտային հարկը եռամսյակը մեկ է վերադարձվում նրա հաշվեհամարին, իսկ նոտարներինն ու անհատ ձեռնարկատերերինը տարեկան է վերադարձվում:
Եթե վարձու աշխատողի, նոտարի կամ անհատ ձեռնարկատերի եկամուտը բավարարում է հիփոթեքով բնակարան գնել, եւ եթե, ասենք, 500 հազար է մաքուր եկամուտը՝ աշխատավարձը, ապա նրա եկամտային հարկը կազմում է մոտ 128 հազար դրամ, իսկ եթե հիփոթեքի տոկոսը 80 հազար դրամ է, ապա պետությունը եկամտային գումարի ամբողջ ծավալով չի վերադարձնում, այլ տոկոսի չափով՝ 80 հազար դրամ: Այսինքն՝ եթե եկամտային հարկն ավելին է, քան տոկոսի գումարը, վերադարձվում է տոկոսի գումարի չափով, իսկ եթե վարկի տոկոսն ավելին է, քան եկամտային հարկը, ապա պետությունը վերադարձնում է եկամտայինի չափով: Օրինակ՝ եթե 24 հազար դրամ եկամտային հարկն է, 80 հազար դրամ՝ վարկի տոկոսը, ապա պետությունը վերադարձնում է 24 հազար դրամ եկամտային հարկի գումարը:
Եթե բնակարանը ձեռք է բերվել համավճարով, այսինքն՝ 1, 2, 3 անձով միասին վճարում են եւ հանդիսանում են համասեփականատեր, եւ եթե վերը նշված աշխատողների կատեգորիայում են, ապա նրանց եկամտային հարկը նույնպես վերադարձվում է, եթե համասեփականատեր չի տվյալ աշխատողը, նրա եկամտային հարկը չի վերադարձվում:
Դժվար է ասել, թե որքան մարդ կոգեւորվի այս ծրագրից ու կորոշի վարկի տակ ընկնել. իրականում հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն, ինչպես մեզ հետ զրուցած քաղաքացիներն են պնդում, առաջին հերթին խոչընդոտում են ցածր եկամուտը, վարկի 30% կանխավճարն ու վարկի կարճաժամկետ լինելը:
«Եթե հաշվի առնենք վերջին շրջանի թանկացումները ու առաջիկայում էլի սպասվող թանկացումները, մարդ հույս էլ չունի, որ աշխատավարձը լավ կբարձրանա, կամ եթե մարդը առեւտրի մեջ է, առեւտուրը կաշխուժանա, սրանց էլ գումարած երկրում անկայուն, անհույս վիճակը՝ ո՞վ ռիսկ կանի վարկի տակ ընկնել: Համ էլ՝ ի՞նչ երաշխիք, որ իրենց առաջարկած պայմաններով հիփոթեքով տուն առնենք, մի երկու տարուց էլի օրենք չեն փոխի, ու էդ եկամտային հարկի վերադարձը վերացնեն: Հիմա թվում է, թե հօգուտ քաղաքացիների է այս օրենքը, բայց մեր երկրում օրը մեջ նենց օրենքներ են հանում, որ վերջում շարքային քաղաքացիներն են տուժում»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց մի քաղաքացի, որը համարվում է վարձու աշխատող: Վերջինիս աշխատավարձը 270 հազար է, որից 68 հազարը եկամտային հարկն է, մաքուր աշխատավարձ է ստանում 202 հազար դրամ: 4 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է, բնակարանի կարիք ունի, բայց որքան էլ քննարկում է, մտածում է, վարկ ստանալու համար երաշխավոր, համավճարող է գտնում, էլի չի գայթակղվում կառավարության առաջարկով:
2000 թվականի սկզբներից մինչեւ 2008 թվականը մեր երկրում մեծ թափով բազմաբնակարան շենքեր սկսեցին կառուցել, շինարարության ոլորտը տնտեսության աճի մեջ մեծ տեղ էր զբաղեցնում, հետո կառուցապատողներն իրենց իսկ կառուցած շենքերի ձեռքը կրակն ընկան. անշարժ գույքի շուկան մինչ օրս ուշքի չի գալիս: Շինարարության ոլորտում, բազմաբնակարան շենքերի կառուցման բիզնեսում ներգրավված են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, իհարկե՝ պաշտոնապես ոչ իրենց անուններով. այսօր արդեն կառուցված ու տարիներ շարունակ գնորդ չգտնող այդ բնակարանները վաճառելու խիստ կարիք կա:
Ուստի պատահական չէ, որ այս օրենքի պարտադիր պահանջ է նոր կառուցված կամ կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելը: Թեեւ անշարժ գույքի շուկան աշխույժ չէ, հիմա էլ շարունակվում է բազմաբնակարան շենքերի կառուցումը: Եվ ահա, կառուցված ու կառուցվող բնակարաններն իրացնելու համար կառավարությունը որոշել է մարդկանց գայթակղել եկամտային հարկի վերադարձով ու մյուս կողմից էլ՝ շինարարության ոլորտում ներգրավված պաշտոնյաների բիզնեսին աջակցել:
Ըստ էության, եկամտային հարկի վերադարձով պետական բյուջեից կլորիկ գումար կպակասի, 1-2 տարուց հայտնի կլինի, թե այս ծրագրով որքանով կաշխուժանա շինարարության ոլորտը, ու բյուջեն որքան գումարից կզրկվի: Իսկ եթե ուզում են մարդկանց լավություն անել, հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալ, ապա լավ կլիներ նորակառույցի պարտադիր պահանջ չդրվեր. գուցե մարդն ուզում է խորհրդային տարիներին կառուցված էժան բնակարան գնել:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.02.2015