Թե ինչպե՞ս հայությունը 1915թ. ցեղասպանությունից հետո գոյատեւեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի տարածքում եւ ի՞նչ դերակատարում ունեցավ նա պատմության մեջ. այս հարցերի պատասխաններն է շարունակում բանախոսությունների շարքով ներկայացնել ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:
ՆԱ անդրադարձավ կուսակցություններին, մասնավորապես, Կարպիս Ալթունօղլուի մոտիկ ընկեր՝ թուրք Իբրահիմ Քայփաքկայային, որը զոհվել է 1973թ. մայիսի 18-ին: Վերջինը մինչ այդ՝ 1972թ. ապրիլի 24-ին հիմնում է Թուրքիայի մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությունը (TKP/ML), ի դեպ, հիմնման պահից մինչ օրս ձախակողմյան հայերից շատ շատերն այս կուսակցությանն են անդամակցել: Իբրահիմ Քայփաքկայան գտնում էր, որ իր գաղափարական դավանանքը մոտ է չինական մոդելին՝ մաոիզմին: Հայությունը պատահականորեն չէր նախընտրել այս կուսակցությանը: Իբրահիմը Ձախերի մեջ միակն էր, որ ընդունելով հայկական ցեղասպանության իրողությունը, ընդգծում էր, որ Թուրքիա երկրում ապրել են հայերը, ցեղասպանության են ենթարկվել եւ նրանց պապենական հողերը բռնազավթված են, իսկ երկրում Մուստաֆա Քեմալի ներկայացրած քեմալիզմը ֆաշիզմ է: Եթե Թուրքիայում սոցիալիստական հեղափոխությունը հաջողության հասնի, ապա բոլոր ազգերը պետք է կողք կողքի հավասար իրավունքներով ապրեն՝ անկախ ազգային պատկանելությունից եւ թուրք տարրը չի կարող իշխող լինել: Ցավոք, նրա նմանը թուրք այլ հեղափոխականների մեջ չի եղել եւ մինչեւ հիմա էլ չկա:
Բանախոսը մանրամասնորեն ներկայացրեց հենց այս կուսակցությանն անդամագրված 4 հայորդու կյանքն ու գործունեությունը: Կուսակցության ակտիվիստներից մեկն էր ծննդով Սեբաստիայի Կամարակ գավառից, բանախոսի դպրոցական ընկեր՝ Հայրապետ Հանչերը (1955-1980 թթ.): Նա սպանվեց 1980թ. մայիսի 1-ին՝ Կեսարիայում, զենքը ձեռքին՝ թուրք ֆաշիստների հետ բախման ժամանակ: Նա ոչ միայն «Սուրբ Խաչ» Դպրեվանքի լավագույն շախմատիստներից մեկն էր, այլեւ ընդգրկված էր աչքի ընկնող շախմատի հավաքականներից մեկում, որտեղ շատ այլ հայեր եւս կային: Թուրքական հեղափոխական շարժման անկասկած ամենաերեւելի անձնավորությունն էր ծագումով տիգրանակերտցի, սասունցու թոռ՝ Արմենակ Բաքըրջյանը (1953-1980 թթ.), ով Թուրքիայում մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության բանվորա–գյուղացիական ազատագրական բանակի (TIKKO-զինված առաջին պարտիզանական խմբի) հրամանատարներից էր: Նրան Արմենակ էին կոչել ի պատիվ ֆիդայապետ Հրայր Դժոխքի` Արմենակ Ղազարյանի:
Մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող էր, երբ բանտարկվեց, նրան ուզում էին ցմահ դատել, սակայն ընկերները հաջողացրին 1977թ. Արմենակին բանտից փախցնելով՝ հասցնել Դերսիմ: Մինչ այդ, կազմակերպության համար զենք գնելու նպատակով, Արմենակը միայնակ, հեծանվով ու խաղալիք ատրճանակով մի քանի բանկ էր թալանել, այդ թվում՝ պետական բանկ: Ու երբ նա թիվ 1 հետախուզվողն էր Թուրքիայի ողջ տարածքում, եկել, բնակություն էր հաստատել ոստիկանության շենքի երկրորդ հարկում: Արմենակը, մինչեւ զոհվելը, պարտիզանական խմբերի զինվորական հրամանատար էր Դերսիմում, այդ գեղեցկագույն աշխարհի ամենահարգված մարդկանցից էր: Ամեն տարի նրա զոհվելու օրը՝ մայիսի 13-ին, դերսիմաբնակ հազարավոր մարդիկ ուխտի են գալիս նրա շիրիմին, իսկ այս տարի նրա ընկերները (Ս.Հացպանյանը եւս) դիմել են տեղական իշխանությանը, որպեսզի Արմենակի գերեզմանին հայերենով գրված մի խաչքար տեղադրեն:
Կարդացեք նաև
Նուբար Յալըմյանը (1957-1982 թթ.), ով Ռաքելի (Հրանտ Դինքի կնոջ) հարազատ հորաքրոջ զավակն էր, երկար տարիներ աշխատել էր Պոլսի «Մարմարա» թերթում, ապա ստիպված տեղափոխվել էր Նիդեռլանդներ եւ հակաթուրքական ակտիվ պայքար մղել: Յալըմյանները 1915թ.-ից մինչեւ 1964 թ. սարերում էին ապրել, մայրենի հայերենը չեն իմացել, խոսում էին միայն քրդերեն, սակայն երեխաներին հայկական անուններ են տվել:
Նուբարը 1981 թվականին այցելել է Հայաստան՝ Իրաքից ներգաղթած բարեկամների հետ հանդիպելու համար: Վերադառնալուց հետո «Պայքար» անունով հայերեն լեզվով հակաթուրքական կեցվածք ունեցող ամսաթերթ էր հրատարակում: Նա, իր իսկ բնակարանի մեջ՝ 1982 թվականի նոյեմբերի 5-ին դաժանորեն սպանվեց: Նուբարը մինչ օրս էլ օրինակ է ոչ միայն իր կազմակերպության երիտասարդների համար: Ս. Հացպանյանը մանրամասնեց, որ Քյոլնում պատահականորեն հանդիպած մի զազա ընտանիք որդուն անվանել էր Նուբար: Երբ բանախոսը զարմացել էր, նրանք ասել էին, որ իրենք ի պատիվ Նուբար Յալըմյանի են անվանել, քանզի Նուբարը զոհվել է հանուն իրենց ազատության:
Մանուել Դեմիրը (1961-1987թթ.) եւս «Սուրբ Խաչ» Դպրեվանքի 1980-1981թթ. շրջանավարտներից էր, որ TKP/ML-ի քաղխորհրդում բարձր դիրք էր գրավում, հինգ տարի Թուրքիայի զնդաններում տանջվելուց հետո, Պոլսին շատ մոտիկ մի մեծ զորամասի դեմ ռազմական գործողություն իրականացնելիս վիրավորվել եւ գերի էր ընկել: Իրավապահներն իրեն վայրագորեն խոշտանգելով՝ սպանեցին 1987 թվականին: Նա ծագումով Կեսարիայի Բյունյան գյուղաքաղաքից էր, իսկ նախնիները՝ 2 սերունդ առաջ, եկել էին Մուշի Բուլանըխից: Բյունյանը մինչեւ այսօր էլ հայտնի է իր ձեռագործ մետաքսե գորգերով: Ի դեպ, Ս. Խ. Դպրեվանքի շրջանավարտներից շատ շատերը տանջվել էին թրքական զնդաններում՝ TKP/ML-ին անդամակցելու եւ ակտիվ պայքար մղելու համար:
Հրանտ Դինքը (1954-2007թթ.) 1972-1980թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել հեղափոխական շարժմանը: Ձերբակալվել եւ թրքական բանտում կտտանքների է ենթարկվել 1981 թվականին: Նա Արմենակ Բաքըրջյանի դասընկերն էր եւ նրա եղեռնական սպանությունից հետո` այլեւս ակտիվ գործունեություն չծավալեց, փոխարենը՝ 1996 թ. ապրիլին մի խումբ ընկերներով հիմնեց «Ակոս» շաբաթաթերթը, որտեղ բարձրացնում էր հայ ինքնությանը վերաբերող հարցերը, հայ ազգի հետ կատարվածը: Հրանտ Դինքին հեղափոխական շարժման վերջին զոհը կարելի է համարել: Հրանտի արածն ավելին էր, քան իր բոլոր նախորդներինը՝ միասին վերցրած: Հրանտի սպանությունից հետո Թուրքիայի պատմության մեջ մեծ տեղաշարժ գրանցվեց: 2007 թվականից սկսած՝ Ձախերը, որոնց շարժման մեջ մեծ անվանդ ունեն նաեւ հայերը, սկսեցին ավելի զգաստ, ավելի համամարդկային հայացքով նայել հայկական խնդրին, շատ կազմակերպություններ իրենց շարքերում եղած հայորդիների հիշատակը խնկարկեցին, ներողություն խնդրեցին հայերից, ճանաչելով՝ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը, այժմ էլ փոխհատուցման պահանջի մասին են բարձրաձայնում: Թուրք Ձախերն ասում են, որ իրենք սխալվել են, երբ իրենց շարժման մեջ, իրենց կողքին մարտնչած հայորդիները երբեք իրենց ազգային խնդիրները չեն շոշափել, հիմա նոր-նոր են ընկալում, որ «Թուրքիայի Հանրապետությունը» կառուցվել է հայոց եւ հույների հողերի վրա, հայերից, հույներից թալանած ավարի հաշվին ապրելով հանդերձ, տարված իրենց սոցիալիզմի, մաոիզմի, մարքսիզմի գաղափարներով, իրենց կողքի հայ մարդուն չէին նկատում: Իրենք իրենց մեղադրում են, թե ինչպե՞ս չեն հասկացել հայերի ահռելի ներդրումը՝ հանուն մարդու ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության: Ձախերը պատրաստվում են ցեղասպանության 100-ամյակի լայնածավալ միջոցառումներին: Նրանք միակն են, ում հետ կարելի է երկխոսել: Ձախերն ուժ են ներկայացնում Տիգրանակերտում, Դերսիմում եւ ամենուրեք հայամետ կեցվածք են դրսեւորում: Հանուն հեղափոխական գաղափարների մարտնչած հանդուգն հայորդիները, որոնցից շատերին մոտիկից էր ճանաչում բանախոսը (ցուցադրեց նաեւ 15 հայ հեղափոխականի մեկտեղված լուսանկարները), բոլորն էլ արմատներով Արեւմտյան Հայաստանից, Գամիրքից եւ Կիլիկիայից էին եւ լինելով ցեղասպանության զոհերի շառավիղներից, հեղափոխության ճանապարհն էին ընտրել ոչ թե հանուն Թուրքիայի, այլ հաստատ իրենց պապենական հողերում կորսված արդարությունը վերականգնելու գիտակցմամբ:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.02.2015