Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին սերերս ինձ մերժեցին»

Փետրվար 23,2015 13:30

Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետ

– Մանուկ հասակում ո՞ւմ չեն հարցրել, թե ինչ է դառնալու: Պատասխանը տարիների հետ փոխվում է, ու թերեւս քչերն են հավատարիմ մնում իրենց մանկության երազանքին: Հետաքրքիր էր իմանալ, թե ժամանակին ի՞նչ նախասիրություններ է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Երազանքը դարձե՞լ է իրականություն:

– Երբ փոքր էի, ինձ ամենից շատ գրավում էր հողագործությունը. հայրս գյուղացի էր, ու ենթադրում էի, որ կշարունակեմ իր գործը: Ու մինչեւ հիմա էլ սիրում եմ հողը, բույսերը… Վաղ պատանեկության տարիներին ցանկությունս էր գործարանի աշխատող դառնալ. այն ժամանակ հարգված էին բանվորները, ու առաջադեմ բանվորներին մեծ տեղ էին տալիս: Որոշ ժամանակ տատանումների մեջ էի ու որեւէ հստակ ծրագիր, նպատակ չունեի: 7-րդ դասարանում էի սովորում, երբ Ստեփանավանում թատերական խմբակ բացվեց: Մի ներկայացման մեջ ինձ դեր տվեցին, ներկայացումից հետո շատ գովեցին: Հայրս եկավ, նայեց ամբողջ ներկայացումն ու շատ էր հպարտանում ինձնով: Միակ խանգարող հանգամանքն ամաչկոտությունս էր, քանի որ փոքրուց շատ ամաչկոտ էի: Ամիսներ անց Երեւանից ռեժիսոր Ցոլակ Նիկողոսյանը եկավ, նկատեց ինձ ու առաջարկեց, որ թատրոնում աշխատեմ: Այդպես ակամա մտա թատրոն: Ու չնայած 60 տարի է, ինչ թատրոնում եմ, բայց անընդհատ, իմ կյանքի տարբեր ժամանակահատվածներում շատ հաստատուն որոշումներ եմ կայացրել, որ հեռանամ թատրոնից, բայց չի ստացվել:

– Այսինքն՝ Ձեր կամքո՞վ չեք ընդունվել Գեղարվեստաթատերական ինստիտուտ:

– Այն ժամանակ Ստեփանավանից ինձ տեղափոխեցին Երեւան՝ Պատանի հանդիսատեսի թատրոն: Որոշ ժամանակ խաղալուց հետո, թողեցի այդ թատրոնը, որոշեցի ընդհանրապես դերասանությամբ չզբաղվել: Ոչ մի միտք չունեի սովորելու, բայց Վարդան Աճեմյանն իմ հետեւից մարդ ուղարկեց, գնացի իր մոտ, ասաց. «Ընդունվիր Գեղարվեստաթատերական ինստիտուտ, միանգամից 2-րդ կուրս կգնաս»: Հունվարն անցել էր, երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակն էր, երբ ես ոտք դրեցի ինստիտուտ: Ոչնչից տեղյակ չէի, իրենք ձեւակերպեցին, բոլոր հարցերը լուծեցին: Այդպես մի կերպ ինստիտուտն ավարտեցի՝ սովորելով ընդամենը երկուսուկես տարի: Վավիկ Վարդանյանի, Վարդան Աճեմյանի եւ ամբողջ թատերական աշխարհի մարդկանց նպատակը ինձ դերասան դարձնելն էր, ինչը չէի ցանկանում:

– Ի՞նչ կպատմեք խորհրդային ուսանողական տարիների մասին:

– Մեր կուրսում զարմանալի բարի մթնոլորտ էր: Սովորելու, գիտելիք ստանալու առանձնակի տենչ կար բոլորի մոտ: Լավ չէի սովորում ինստիտուտում, քանի որ արդեն ընտանիք ունեի, ու կրթաթոշակն ինձ չէր բավականացնում: Կինոստուդիայի կրկնօրինակման բաժնում էի աշխատում, ֆիլմեր էի ձայնագրում: Հաճախ դասերին էլ չէի հասցնում ներկայանալ: Մեր կուրսի ավագն Ավետիք Իսահակյանի հարսն էր՝ Բելլա Իսահակյանը, ու միշտ իմ բացակաները մատյանում չէր նշանակում, որ ինձ թոշակից չզրկեն: Կուրսիս ղեկավարը Վարդան Աճեմյանն էր, ում օրոք ինձ հաջողվեց մի քանի լավ դերեր խաղալ: Ես միշտ էլ ասել եմ, որ չեմ սիրել իմ մասնագիտությունը, բայց երբ ինչ-որ բան անում ես, պետք է անես հաճույքով, նվիրվես գործին ամբողջ էությամբ:

– Թատերականը տարեկան մեծ թվով դերասաններ էր «թողարկում»: Ձեր կուրսից կայի՞ն երիտասարդներ, ովքեր հայտնի դերասաններ դարձան:

– Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ հայտնի դերասաններ դարձան, բայց շնորհալիներ կային: Օրինակ՝ Հրաչիկ ունեինք, որը արհմիությունում աշխատեց, Եղեգնաձորից Ռոմիկ անունով մի երիտասարդ կար, որ տեղի թատրոնում տեղավորվեց, Աղասին էլ ռադիոհաղորդավար դարձավ, իսկ Մարիետան Թիֆլիսի թատրոնում էր աշխատում: Հիմա, ցավոք, ոչ ոքից տեղեկություն չունեմ:

– Ճի՞շտ է, որ պրոռեկտոր Դանիելյանի հետ թաքուն շախմատ էիք խաղում:

– Սուրեն Դանիելյանը գրականություն էր դասավանդում ու, միեւնույն ժամանակ, բուհի պրոռեկտորն էր: Դասի ժամանակ գալիս ինձ կանչում էր իր առանձնասենյակ, դուռը փակում էր, ու ժամերով շախմատ էինք խաղում: Կիսամյակի վերջում կանչեց ինձ ու ասաց. «Քեզ կրթաթոշակից զրկում եմ, քանի որ դասերին չես մասնակցում»: Բորբոքված պատասխանեցի. «Ընկեր Դանիելյան, խիղճ ունեցեք, դասի չեմ գնում, որովհետեւ կանչում եք շախմատ խաղալու»: Հետո իմացա, որ կատակում է: Բախտս բերել է, որ եւ՛ ինստիտուտում, եւ՛ թատրոնում հեքիաթային, մաքուր մարդկանցով եմ շրջապատված եղել:

– Հիշո՞ւմ եք Ձեր առաջին ելույթը…

– Առաջին ելույթս Ստեփանավանի թատրոնում էր՝ «Քաջ Նազարը», Զորավար էի խաղում: Պետք է հարցնեի՝ «Արթնացե՞լ է գերագույնը»: Երբ գործողությունը վերջացավ, շատ տխուր անցա ետնաբեմ: Ընկերս հետաքրքրվեց, թե ի՞նչ է եղել: Պատասխանեցի՝ խոսքերս չասացի: Ասաց՝ ո՞նց չասացիր, ասել ես: Այսինքն՝ այնքան հուզված էի, որ չհասկացա՝ խոսքերս ասացի՞, թե՞ ոչ: Հետո ռեժիսորը՝ Հովհաննես Կարապետյանը, ասաց. «Ապրես, տղա ջան, ապրես»:

– Փառքով մկրտված ապագա Ժողովրդական արտիստը հաճա՞խ էր փոխում սերերին:

– Չեմ թաքցնում, իհարկե, երիտասարդ տարիներին սիրահարվել եմ, այն էլ՝ հաճախ: Ցավոք, իմ առաջին սերերն ինձ չընդունեցին, չգիտես ինչու՝ մերժեցին: Բայց այդ զգացումը՝ սիրելը, մի անբացահայտելի գաղտնիք է: Չգիտես՝ ինչո՞ւ ես սիրում: Երբ սիրահարված էի, ես բոլորովին ուրիշ մարդ էի՝ բարձր, վեհ, իմաստուն, կրթված, բարի եւ այլն: Ափսոփում եմ, որ այսօրվա երիտասարդները չեն հասկանում, թե ինչ է սերը: Հիմա շատ հաճախ նկատում եմ, որ մարդիկ ամուսնանում են հաշվենկատորեն, բայց դա, հաստատ, երջանկություն չի:

– Պարոն Սարգսյան, կխնդրեմ համեմատեք Ձեր եւ մեր օրերի երիտասարդությունը:

– Մենք շատ միամիտ էինք, մաքուր, այսօրվա երիտասարդությունն ավելի լայնախոհ է, լայնահայաց է, տեղյակ է… Բայց, ցավոք, չկա արվեստի հանդեպ սերն ու նվիրումը: Շատ խանդոտ է բեմը, եթե չես նվիրվում, քեզ դուրս է շպրտում: Երիտասարդների հիմնական մասը պարզունակ է, հասարակ: Առիթի դեպքում միշտ այս օրինակն եմ բերում. հանճարեղ Հովհաննես Աբելյանը, հետնաբեմում կանգնած, դողում էր, ու երբ դերասաններից մեկը հարցնում է, թե՝ վարպե՛տ, ի՞նչ է եղել, Աբելյանը պատասխանում է. «40 տարի բեմ եմ մտնում եւ 40 տարի ոտքերս վախից դողում են»: Այս բաներն այսօր չկան, այսօրվա երիտասարդները բեմը չեն զգում:

Հարցազրույցը վարեց
ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Այս հարցազրույցը տպագրվել է 2008 թ. «Քեզ համար» ամսագրում: Բայց այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը, «մեղավորը» հերոսն է՝ իմաստուն Սոս Սարգսյանը:

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728