Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւակ Մանուկյան. «Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին խոսելն առայժմ վաղ է»

Փետրվար 23,2015 12:30

Բադմինտոնը, լինելով օլիմպիական մարզաձեւ, Հայաստանում ավելի շատ ընկալվում է որպես ժամանցային զբաղմունք: Մինչդեռ, այն բարդ եւ լուրջ մարզաձեւ է: Բավական է ասել, որ բոլոր մարզաձեւերում գործիքի արագության բացառիկ ռեկորդը բադմինտոնի փետրագնդակինն է (վոլան)՝ 414 կմ/ժամ, իսկ մարզաձեւը մարզիկներից ամենից շատ համաչափ էներգիա խլողների առաջատարների շարքում է:

Հայաստանում բադմինտոնը որպես մարզաձեւ ի՞նչ վիճակում է: «Առավոտը» զրուցել է ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սեւակ Մանուկյանի հետ:

– Մարզական արդյունքները մեծապես պայմանավորված են մասսայականությունով: Այս առումով վիճակն ինչպիսի՞ն է:

– Ցավոք, բադմինտոնը մեզանում մեծ մասսայականություն չի վայելում, չնայած Երեւանում, Շիրակի մարզում, Վանաձորում, Իջեւանում, Գորիսում, Կապանում կան մի քանի դպրոցներ, որտեղ պարապում են: Անցած տարվա դեկտեմբերի 25-ին կայացավ բադմինտոնի ֆեդերացիայի ընդհանուր ժողով, որտեղ ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Ֆեդերացիայի նոր ղեկավար կազմն առաջնային խնդիր դրել է հենց մասսայականությունն ապահովելը: Արդեն Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել սկզբնական փուլում ամեն վարչական շրջանի առնվազն մեկ դպրոցում բադմինտոնի խմբակներ ստեղծելու շուրջ: Ընդորում, ֆեդերացիայի նախագահը պարտավորվել է այդ խմբակներն ապահովել մարզագույքով:

– Մենք ունենք մարզիկներ, ազգային հավաքական: Նրանց հետ ի՞նչ աշխատանքներ են տարվում:

– Վարպետության եւ մարզական արդյունքների առումով էլ առանձնապես ձեռքբերումներ չեն եղել: Եվ դրանում ոչ թե ֆեդերացիայի նախկին ղեկավարությունն է մեղավոր, այլ ֆինանսական հնարավորությունների բացակայությունը: Ֆեդերացիայի պետական աջակցության գումարը տարեկան 4 մլն. դրամ է, որը մի կերպ բավականացնում է միայն Հայաստանի առաջնություններ կազմակերպելուն եւ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մասնակցելուն: Մինչեւ հիմա մենք ունեցել ենք մոտ 150 մարզիկ, ինչը շատ քիչ է: Երեւանի եւ Հայաստանի առաջնություններ միշտ անցկացվել են: Բայց համաձայնեք, որ միայն դրանով հնարավոր չէ, ասենք, Եվրոպայի առաջնությունում նորմալ արդյունքներ ցույց տալ: Այժմ ցանկանում ենք հանրապետության առաջնություններում, հատկապես երիտասարդների համար, նոր տարիքային խմբեր սահմանել, կազմակերպել հանրակրթական դպրոցների առաջնություն: Իսկ ֆեդերացիայի նախագահ Աշոտ Աղաբաբյանը նաեւ նպատակ է դրել իր անձնական միջոցների հաշվին աջակցել, որպեսզի մեր հավաքականների բադմինտոնիստները հնարավորին չափ շատ միջազգային մրցումների մասնակցեն: Մասնավորապես, անցած մեկուկես ամսում բադմինտոնիստները Իրանում մասնակցել են միջազգային մրցաշարի: Մոտ օրերս մարզիկները միջազգային մրցաշարերի կմեկնեն Հոլանդիա, այնտեղից՝ Գերմանիա: Սրանք մենք դիտարկում ենք որպես մարտի վերջին Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստության, մրցափորձի ձեռքբերման կարեւոր փուլեր:

– Մարզիկների մեջ տղանե՞րն են շատ, թե՞ աղջիկները:

– Բադմինտոնը մեզանում, թերեւս, այն բացառիկ մարզաձեւն է, որտեղ աղջիկները գերակշռում են թե քանակով եւ թե մարզական ցուցանիշներով: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ տղաները պարտադիր զինծառայության մեկնելուց հետո հայտնի պատճառներով մարզաձեւ այլեւս չեն վերադառնում: Ֆեդերացիայի նախագահը ցանկանում է նրանց վերադառնալու համար համապատասխան պայմաններ ստեղծել:

– Միջազգային կամ այլ ազգային ֆեդերացիաների հետ համագործակցություն նախատեսվո՞ւմ է:

– Անշուշտ: Մեր ֆեդերացիան սերտ համագործակցություն ունի հատկապես Բուլղարիայի ֆեդերացիայի հետ, որը ղեկավարում է մեր հայրենակից Բուզանդ Կասաբյանը, որը մշտապես իրենց երկրում անցկացվող միջազգային մրցաշարերում աջակցում է մեր բադմինտոնիստների մասնակցությանը: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը եվրոպական միության հովանու ներքո Թբիլիսիում տարածաշրջանի երեք երկրների մասնակցությամբ նախատեսվում է համատեղ ուսումնամարզական հավաք կազմակերպել: Ժամանակի ընթացքում համագործակցության շրջանակներն անպայման կընդարձակվեն:

– Ամփոփելով՝ օլիմպիական խաղերի մասնակից բադմինտոնիստ մենք երբեւէ կունենա՞նք:

– Անկեղծ լինենք: Առայժմ՝ ոչ: Բայց այդպիսի նպատակ կա: Իսկ մինչ այդ, ցանկանում ենք այնպիսի մարզիկներ պատրաստել, որոնք հասնեն վարկանիշային մրցումներում ուղեգրերի համար պայքարելու մակարդակի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728