Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կախյալ անկախությունը

Փետրվար 23,2015 12:00

Դարերով երազած մեր անկախությունն անցյալ դարավերջին եւս մեկ անգամ իրականություն դարձավ: Մենք Հայաստանի երրորդ հանրապետության վկաներն ու ժամանակակիցներն ենք, եւ չնայած ասում ենք երրորդ հանրապետություն՝ իրականում համարում ենք, որ երեքից միայն առաջինն ու երրորդն են անկախ:
Խորհրդային Հայաստանը շատերը ոչ միայն անկախ չեն համարում, այլեւ լիարժեք պետություն էլ չեն համարում՝ չնայած Խորհրդային Հայաստանը ե՛ւ զինանշան ուներ, ե՛ւ օրհներգ, ե՛ւ դրոշ: Կոմունիստներն, ընդհակառակը, իդեալականացնում են Խորհրդային Հայաստանն ու խորհրդային տարիների հետ կապված ամեն ինչ՝ հիմնականում նշելով ու շեշտելով խորհրդային վերջին 20-25 տարիների ձեռքբերումները:

Դաշնակցականներն, ընդհակառակը, 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետությունն են սրբությամբ հիշում ու իդեալականացնում:
Եթե դաշնակցական ու կոմունիստ պատմաբանների գրած վերջին 100 տարիների Հայ ժողովրդի պատմությունները համեմատենք, ոչ միայն որեւէ ընդհանուր բան չենք գտնի, այլեւ միմիայն իրար հակասող բաներ կգտնենք:

Փաստորեն, մենք մեր ժողովրդի վերջին հարյուրամյակի ընդհանրական պատմությունը նորմալ գրած ու շարադրած չունենք, եւ եթե մեր հայ կուսակցականները մեր ժողովրդի պատմության առումով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ինչպե՞ս կարող ենք պատկերացնել, որ հայ եւ թուրք պատմաբանները կարող են նստել մի սեղանի շուրջ եւ ընդհանուր հայտարարի գալ մեր ժողովրդի պատմության թերեւս ամենաբարդ ու ամենաողբերգական ժամանակահատվածի վերաբերյալ: Դա, իհարկե, ֆանտաստիկայի ոլորտից է, բայց ֆանտաստիկայի ոլորտից է նաեւ այն, որ մենք ինքներս ենք ի վիճակի մի սեղանի շուրջ նստել եւ ընդհանուր հայտարարի գալ մեր ժողովրդի պատմության թեկուզեւ վերջին երկուսուկես տասնամյակների առումով: Դա, իհարկե, պատկերացնելու բան չէ: Պատկերացնելու բան չէ ոչ միայն երրորդ հանրապետության երկուսուկես տասնամյակների առումով, այլեւ Ղարաբաղյան պատերազմի մի քանի տարիների առումով:

Չնայած պատմությունն օբյեկտիվ իրողություն է, համաձայնվեք, որ պատմության խեղաթյուրումն առավել օբյեկտիվ իրողություն է: Եթե հանձնարարվի գրել Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը, դաշնակցականներն այլ կերպ կգրեն, ՀՀԿ-ն՝ այլ կերպ, քոչարյանականներն՝ այլ կերպ, կոմունիստներն՝ այլ կերպ, ԱԺՄ-ն՝ այլ կերպ, «Ժառանգությունը»՝ այլ կերպ, ԲՀԿ-ն՝ այլ կերպ, կոմունիստներն ու Հայրիկյանը՝ միանգամայն այլ կերպ, եւ արդեն նույնիսկ ՀԱԿ-ի ու նորաստեղծ ՀՀՇ-ի գրածներն իրարից արմատապես կտարբերվեն: Եվ եթե Սադոյան Արշակի ԱԺԴ-ն էդ պատմությունը գրեր, էդ պատմությունն ավելի շատ մազութին էր առնչվելու, քան հայ ժողովրդին:

Այսուհանդերձ, մեր երեխաները դպրոցում «Հայ ժողովրդի պատմություն» առարկան անցնում են: Եվ այդ դասագրքում, բնականաբար, տեղ է գտել նաեւ մեր Երրորդ Հանրապետության պատմությունը՝ ընդհանրացված ու միջինացված տարբերակով, եւ չնայած մենք մեր պատմության ճշգրիտ ու վերջնական տարբերակ մեր դպրոցականներին չենք մատուցում, ընդունելության քննություններին պահանջում ենք, որ մեր դպրոցավարտները մեր պատմության ճշգրիտ ու վերջնական տարբերակը մեզ մատուցեն, եւ ամեն տարի նույն ոգեւորությամբ զարմանում ենք, որ մեր շրջանավարտները «Հայ ժողովրդի պատմություն» առարկայից 20 միավոր չեն ստանում: Չենք հասկանում, որ նախ ինքը՝ առարկան պարունակող դասագիրքը պիտի 20 միավորի արժանիք ունենա:

Բայց վերադառնանք մեր անկախությանը: Ավելի ճիշտ՝ սկսենք «Մահ կամ ազատություն»-ից կամ «Ազատություն կամ մահ»-ից: Երկրորդն առավել գերադասելի է, որովհետեւ նախապատվությունն, այնուամենայնիվ, տրվում է ոչ թե մահին, այլ ազատությանը:
Այդուհանդերձ, մահը չափազանց կոնկրետ ու իրական է, իսկ ազատությունը՝ չափազանց վերացական ու հարաբերական: Վերջին տարիներին մեր կյանքի ու մեր ամեն ինչի գնով պարզեցինք նաեւ, որ անկախությունն էլ է չափազանց վերացական ու հարաբերական:
Ազատությունը մեզ համար այն ամենն է, ինչն արգելված է օրենքով: Այս խոսքերի հեղինակը ոչ թե ես եմ, այլ ազատության ու ժողովրդավարության երաշխավոր Ուինսթոն Չերչիլը: Ինչպես տեսնում եք, ազատության մասին Չերչիլի պատկերացման մեջ «Ազատություն կամ մահ»-ը ոչ մի կերպ չի տեղավորվում:

Թող տպավորություն չստեղծվի, թե էս ասածներս ՀՅԴ-ի դեմ են: Ազատությունն ու անկախությունը ոչ միայն դաշնակցականների համար է սեւեռուն գաղափար, այլեւ ոչ դաշնակցականներիս: Եվ շատ դեպքերում ոչ դաշնակցականներս ավելի դաշնակցական ենք, քան բուն դաշնակցականները: Եվ ինչքան շատ ենք ազատությունից ու անկախությունից խոսում, էնքան ավելի ենք կորցնում մեր ազատությունն ու անկախությունը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728