(Հատված)
Կյանքը՝ խաղադաշտ, կյանքը արհավիրք…
Եվ խաղադաշտում անզիջում պայքար,
Կարդացեք նաև
Շուրջը իշխում է և սպանդ, և կիրք,
Վրեժի կանչը չի առնում դադար:
Ոմանք հարբել են փողի մոլուցքից,
Ոտնատակ արել բյուր արժեքները,
Նրանք բոլորին նայում են վերից,
Մարդկանց լքել են սթափ մտքերը:
Օրենքը մերկ է, ուժն է թագավոր,
Ողջը զավթել են արտոնյալ մարդիկ,
Նրանք ուժեղ են ու ամենազոր,
Եվ դիրիժոր են, և հաղթած մարտիկ:
Նրանք են տերը մեր այս սուրբ երկրի,
Եվ որոշողը բոլոր հարցերի,
Կանոնը մեկն է. իրենք են հուշում,
Թե երբ մայր մտնի արևն իր մուտքում:
Ինչ քամիներ են պտտվում օդում,
Որ մարդկանց կյանքը դարձել է դժոխք,
Ցավ…, սով,… փոթորիկ… ոչ ոք չի զգում,
Մարդը դարձել է անհոգի կմախք:
Շուրջը քաոս է, կանոններ չկան,
Դժոխք է գուժում այսօրվա կյանքը,
Դիերի հոսքը չի զսպում մարդկանց,
Իշխող է դարձել սանձարձակ կիրքը:
Սարսափ է սուրում երկնակամարում,
Եվ անհուսության սերմեր շաղ տալիս,
Բյուր հոգիները մաղձով են լցվում,
Անզորությունից մայրերն են լալիս:
Տեր իմ, խոնարհ է այս ժողովուրդը,
Արդ որբացել է, չունի պահապան,
Հույսը չվել է թռչունների հետ,
Նրան հսկում է չարն ու սատանան:
Մեր արժեքների հսկա բանակը,
Դարձել է թիրախ թշնամու զենքին,
Արժեզրկվում է դրանց որակը,
Իսկ, ի՞նչ ենք թողնում մենք հայրենիքին:
Արժեքների սով, ավերված երկիր,
Մի բուռ ժողովուրդ…, փոքրիկ մի տարածք,
Մի քանի իշխան ու բազում ջրկիր,
Բոլորի դեմքին լոկ խամրած հայացք:
Այսօր չի գործում և ոչ մի կանոն,
Վերջին շնչում են և հույս, և հավատ,
Մարդկանց քայլերը՝ լոկ պարականոն,
Արժեքները՝ մեզ լքում են հավետ:
Անանիա Մաղաքյան