Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին հաքերային հարձակում Կարեն Ավագյանի դեմ

Փետրվար 22,2015 16:42

Aravot.am-ի տեղեկություններով՝ կրկին հարձակման է ենթարկվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական նոր էջը: Ավելին, կեղծ էջը շարունակում է պատգամավորի անունից տեղեկատվություն տարածել: Այժմ արգելափակված է պատգամավորի երեկ բացված նոր՝ իրական ֆեյսբուքյան էջը, մինչդեռ կեղծ էջը գրում է. «Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներից, որ նպաստեցին ինքնակոչ Կարեն Ավագյանի FB էջը փակել»: Նշենք, որ այս էջը թարմացված է այնպես, ինչպես երեկ թարմացվել էր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական էջը:

Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը հաստատեց մեր այս տեղեկությունը: Հետաքրքրվեցինք՝ ո՞րը կարող էր լինել ֆեյսբուքյան այս «դիվերսիայի» պատճառը, պարոն Ավագյանը պատասխանեց. «Այո, կրկին հարձակման է ենթարկվել իմ իրական ֆեյսբուքան էջը: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ իմ ֆեյսբուքյան էջը շատ ավելի հետևորդներ ուներ, քան շատ-շատ լրատվական կայքեր ու այլ էջեր: Կարծում եմ՝ օրինախախտներն անցնում են արդեն բոլոր սահմանները և պատժվելու են օրենքի ողջ ուժով»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման նախադեպ հիշո՞ւմ է, երբ այսպիսի հետևողականությամբ շարքից հանեն ֆեյսբուքյան որևէ էջ: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նման հետևողական դեպք չեմ հիշում»:

Հետաքրքրվեցինք՝ այս երևույթի դեմ պայքարելու ի՞նչ մեխանիզմներ կան, նա պատասխանեց. «Դժվար է ասել, քանի որ հարձակման հազար ու մի տարբերակ կա: Հիշում եմ, որ ժամանակին մի վրացու պրոֆիլ շարքից հանելու համար ռուսները շարքից հանեցին ողջ ֆեյսբուքը: Այս դեպքում խնդիրն այն է, որ ինչքանով ես եմ հասկանում, կոտրել են Կարեն Ավագյանի իրական պրոֆիլը, և որպես հետևանք՝ ֆեյսբուքը այդ էջը ջնջել է, որից հետո ստեղծել են կեղծ պրոֆիլ: Առաջին պրոֆիլը գոյություն չունի, փաստորեն իրականը դարձել է կեղծը: Դրանից հետո, որ բացում ես նոր պրոֆիլ, ֆեյսբուքը հասկանում է, թե իրականը դա չէ, քանի որ ֆեյքն է իրական ընկալում»:

Պատժի հետ կապված պարոն Մարտիրոսյանն ասաց. «Քրեական կարող է դիտվել էլեկտրոնային մեյլը կոտրելը, եթե այդպես են կոտրել ֆեյսբուքյան էջը: Ամենայն հավանականությամբ, օրինախախտները նույն մարդիկ են: Նրանց հայտնաբերելու համար պետք է դիմել Ֆեյսբուքին, որ ինքը գաղտնազերծի IP հասցեները, բայց նման դեպքերում ֆեյսբուքը չի միջամտում, հակառակ դեպքում ամեն մասնավոր դեպքին արձագանքելով՝ օրուգիշեր այդ հարցով զբաղված կլինեն: Լուծման տարբերակն է այն, որ հնարավորինս շատ գրեն ֆեյսբուքին որպես բողոք, որ ֆեյսբուքն էլ ուշադրություն դարձնի: Կարող է նաև վիրուսով են կոտրել, այդ դեպքում ամենայն հավանականությամբ դրսից պատվիրված բան է: Համենայն դեպս, բարդ իրավիճակ է այնքանով, որ գործողությունները լավ մտածված են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728