Բրնձով պատրաստվող ամենահամեղ ուտեստներից է բանջարեղենով ռիզոտոն: Թեեւ նրա մեջ միս չկա, սակայն այն չի կարող համարվել պահքի ճաշատեսակ: Այդուհանդերձ, որոշ փոփոխություններ անելու դեպքում՝ պաս պահողներն էլ կարող են ուտել:
Անհրաժեշտ մթերքները
Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ
Կարագ-50 գրամ
Բրինձ (իտալիկա կամ արբորիո տեսակի՝ միայն դրանք են պիտանի իսկական ռիզոտոյի համար)- 500 գրամ
Սոխ- 1 գլուխ
Պրաս (բուլղարական սոխ, պորեյ) – 1-2 ճյուղ
Սխտոր-3-4 պճեղ
Նեխուր(քարավուզ)- 1-2 ցողուն
Գույնզգույն պղպեղներ- կեսական կտոր ամեն գույնից կամ 1-2 հատ որեւէ գույնի
Բրոկոլի- 6-7 ծաղկակտոր
Սպիտակ գինի- 100 գրամ
Հավի կամ բանջարեղենի արգանակ- 1-1,5 լիտր
Պարմեզան տեսակի պանիր- 50 գրամ
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Ձիթապտղի յուղն ու կարագը միասին տաքացնել (պահքի մեջ գտնվողները կարող են կարագ չդնել): Մեջը լցնել սոխը, պրասը, նեխուրը: Կրակը պետք է մարմանդ լինի, որպեսզի սոխը հանկարծ չվառվի, այն պետք է ընդամենը թափանցիկանա: Քիչ հետո ավելացնել պղպեղները, բրոկոլիի կոշտ մասերը: Հինգ-վեց րոպեից ավելացնել բրինձը, լավ խառնել: Ավելացնել բրոկոլիի ծաղիկները եւ գինին: Հենց գինին գոլորշիանա ամբողջությամբ, ավելացնել 1-2 շերեփ արգանակ: Սպասել մինչեւ արգանակը լրիվ քաշվի բրնձի մեջ, ավելացնել հաջորդ 1-2 շերեփը: Կրկին սպասել մինչեւ բրինձը ամբողջովին կլանի արգանակը, եւ վերջապես՝ վերջին բաժին արգանակն ավելացնել: Երբ արդեն գրեթե քաշվել է արգանակը, ավելացնել պարմեզանը եւ կրակն անջատել: Ինչպես նկատեցիք՝ առանձին աղ չենք ավելացնում, բավարար է արգանակի միջի աղը եւ պարմեզանի աղիությունը: Պահք պահողները, բնականաբար, պարմեզան չեն ավելացնելու, եւ արգանակը լինելու է բանջարեղենային:
Մատուցել տաք-տաք: Կարելի է առանձին պարմեզան մատուցել՝ ցանկացողների համար:
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
21.02.2015