Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ոստիկանները հայտնաբերել էին ոստիկանության կողմից փնտրվող Գյումրու բնակիչ 13-ամյա Քրիստինա Գարիկի Խաչատրյանին:
Վերջինս, ըստ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, հայտնել է, որ ինքը տարբեր վայրերում է եղել. Արարատի և Կոտայքի մարզերում, Երևան քաղաքում: Իսկ թե ի՞նչ էր անում այդ տեղանքներում, ասել է, որ գնացել էր պարզապես զբոսնելու, իր ծանոթներին տեսնելու:
Ի դեպ, անչափահաս աղջիկը ծանոթություններ է ձեռք բերել սոցիալական կայքերով:
Հիշեցնենք, որ նա գտնվում է տատիկի խնամքի տակ. մայրն աշխատում է Մոսկվայում: Մեր տեղեկություններով, անհետանալու օրը աղջիկը տատիկին ասել է, թե դասերից հետո մեկ ժամով կուշանա, սակայն հեռախոսն անջատել ու կորել էր:
Կարդացեք նաև
Դպրոցի տնօրենը, անչափ մտահոգված աղջկա ապագայով, մեր միջոցով հորդորեց լրագրողներին այլևս չանդրադառնալ կատարվածին, քանի որ սա հոգեբանորեն վատ կարող է անդրադառնալ Քրիստինայի վրա: Տնօրենն աշակերտուհու հետ դեռ դեմ առ դեմ չէր հասցրել խոսել, քանի որ նրան երեկ գիշեր էին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղափոխել Գյումրի, որտեղ և նրան քննել էին տեղի իրավապահները:
Հավելենք, որ աղջկա մայրը, լսելով նրա անհետացման մասին, շտապ վերադարձել է Մոսկվայից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ