Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Երնջակյանը՝ Կամերայինի 40-ամյակի մասին.«Դեռ ցանկություն կա աշխատելու, ոչ թե նստել բեմի վրա, որ մեզ մեծարեն»

Փետրվար 21,2015 18:48

«Անկեղծ ասած` կոնկրետ նախագծերի մասին դեռ չենք խոսել ու պայմանավորվել, մտադրություն ժամանակին կար, բայց դա հնարավորությունների և միջոցների հետ է կապված»,-Aravot.am-ի հարցին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի առաջարկությունը՝ Կամերային թատրոնի 40-ամյակը նշելու կապակցությամբ, այսպես պատասխանեց Երևանի Կամերային թատրոնի համահիմնադիր, ռեժիսոր Արա Երնջակյանը:

Նշենք, որ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել այսպիսի նախաձեռնությամբ. ««Երեկ անցնում էի Մատենադարանի մոտով և մտքովս անցավ մի միտք` ինչ հավես կլինի, եթե մյուս տարի կարողանան աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան գալ Բորիս Լիվշիցը, Միխայիլ Ավակիմովը, Արտաշես Քարթալյանը և, իհարկե, այստեղ միանան Հրանտ Թոխատյանին, Միքայել Պողոսյանին, Գեորգի Ամիրաղյանին (ինչպես կասի Ֆորշը, թող ներեն ինձ բոլոր այն տղերքը, ում անունները ես չտվեցի)։ Համոզված եմ, եթե Արա Երնջակյանը վերոնշյալ կազմով վերականգնի «Էտյուդ կանանց մասին», «Երևանյան օրերի խրոնիկա», «Հայք», «Նազար», Ներոն», «Обыкновенный концарт», «Կաբարե» և գլուխգործոց «Господа все рушится, но еще можно жить и веселиться» ներկայացումները, ապա հավատացեք, որ 70-80-ների սերնդի այն ներկայացուցիչները, ովքեր այսօր կյանքի բերումով գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում, կգերակատարեն «Արի տուն» ծրագիրը»:

Նշենք, որ 2016-ին Երևանի Կամերային թատրոնը դառնում է 40 տարեկան. այն փաստացի հիմնադրվել է ավելի ուշ, բայց «Տղամարդկանց ակումբը», որը հետագայում դարձավ Կամերային թատրոն, ստեղծվել է 1976-ին:

Պարոն Երնջակյանից հետաքրքրվեցինք՝ հնարավորություն ասելով նկատի ունի պետական աջակցությու՞նը, նա պատասխանեց. «Եվ պետական աջակցություն, և հազար ու մի բան: Մայիսին մտադրություն կա հավաքվելու և քննարկելու, թե ինչքանով է նպատակահարմար, որ այդ ամենը արվի»:

Հարցին՝ Կարեն Քոչարյանի առաջարկը իրականանալի՞ է, և արդյոք ուրվագծվո՞ւմ են հոբելյանական միջոցառումները, Արա Երնջակյանը պատասխանեց. «Տեսականորեն այո, բայց գործնականորեն հստակ որևէ բան ասել չեմ կարող: Ինչ վերաբերում է հոբելյանական միջոցառումներին, ապա դա մենք կամ պիտի անենք սկսած КВН-ից, քանի որ թատրոնը այդտեղից է առաջացել, կամ էլ կարելի է Կամերային թատրոնի՝ պետական կոչում ստանալուց հետո նշել»:

Անկեղծանալով պարոն Երնջակյանը նշեց, թե կան կոլեկտիվներ, որոնք ավելի շատ զբաղված են պատմություն ստեղծելով, բայց իրենք դեռ այդ տարիքին չեն, դեռ ցանկություն կա աշխատելու, ոչ թե նստել բեմի վրա, որ իրենց մեծարեն ու մանրամասնեց. «Այդ հոբելյանն անկեղծ ասած՝ մեծ կարևոր նշանակություն չունի մեզ համար: Թատրոնը աշխատում է, և ամենակարևորն այն է, որ կա հանդիսատես, ու ներկայացումները սիրված են հանդիսատեսի համար: Իսկ հոբելյանը հետմահու մի օր կանեն, էլի»:

Մեր այն դիտարկմանը, թե հենց նման մշակութային երևույթներով չէ՞, որ պետք է մշակութային կյանքը զարգացնել ու հասարակությանը հնարավորություն տալ թոթափել վերջին շրջանում ներքաղաքական զարգացումների արդյունքում կուտակված բացասական լիցքերը, պարոն Երնջակյանը պատասխանեց. «Տեսնում ենք դրա անհրաժեշտությունը, այդ պատճառով էլ թատրոնն աշխատում է, և շաբաթը հինգ ներկայացում ենք խաղում. հանդիսատեսը գալիս է, լիցքավորվում կամ լիցքաթափվում՝ վերապրելով այդ ամենը: Հոբելյանը մեկ օրվա միջոցառում է. ավելի կարևոր է  այն, ինչ մենք անում ենք ամեն օր»:

Դերասան Հրանտ Թոխատյանը պետության հետ առանձնապես մեծ հույսեր չի կապում. կարծում է՝ այդպիսի ծրագրեր արվեստագետներն իրենք պետք է իրագործեն ու «եթե պետությունն ուզենա մասնակցել, կմասակցի»: Հրանտ Թոխատյանի կարծիքով՝ նախագիծը իրագործելի է և այն հնարավորություն կտա հանդիպել իրենց հին ընկերներին: Սակայն ձևաչափի առումով ոչինչ ասել չի կարող, քանի որ դեռ պետք է հանդիպեն ու քննարկեն: Հրանտ Թոխատյանի փոխանցմամբ՝ ինքը 28 տարի առաջ հեռացել է պետական համակարգից, ուստի այդ համակարգից ոչինչ չի հասկանում և պետական ֆինանսավորման հարցն իր մոտ երբեք էլ չի առաջացել, քանի որ «պետական որևէ մարմնի հետ գործ չի ունեցել և չունի, և երևի թե չունենա էլ: Այդպես ավելի հեշտ ու լավ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728