Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դա եղել է գրագետ, հայեցի, գրավոր, բարձրակարգ խոսք». Սերգո Երիցյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Փետրվար 21,2015 17:54

«Մայրենի լեզվի հետ կապված դժվարությունները պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե որքանով ենք մենք աջակցում մայրենիի զարգացմանը, որքանով ենք օգնում նրան, որ կարողանա ինքնապաշտպանվել, կարողանա իր առաքելությունը կատարել, ինչպես դա արել է դարեր շարունակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀ կրթության ու գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Ըստ նրա՝ լեզվին օգնելու բազմաթիվ ճանապարհներ կան: «Օրինակ՝ Լեզվի պետական տեսչությունը փորձում է վերահսկել, հսկողություն սահմանել, որ չխաթարվի մայրենիի անաղարտությունը, և այդ ճանապարհով օգնել լեզվին»,- ասաց Ս. Երիցյանը՝ հավելելով, որ լեզվին կարելի է գործուն աջակցություն ցուցաբերել բառարանները վերահրատարակելով, որոնք տասնյակ տարիներ չեն վերահրատարակվել, ասել է թե՝ չեն թարմացվել. «Մինչդեռ այսօր կարելի է խոսել հարյուր հազարից ավելի բառերի, արտահայտությունների, դարձվածքների մասին, որոնք բառարաններում չկան»,- նշեց Ս. Երիցյանը:

Նա նաև կարևորեց արդեն տասը տարուց ավելի չգործող տերմինաբանական խորհրդի վերագործարկումը, որը, ըստ նրա, պետք է գործի կառավարությանը կից, ինչպես նաև անհրաժեշտ համարեց ունենալ առաջիկա տասը տարվա լեզվաքաղաքականության ծրագիր:

Ս. Երիցյանն ընդգծեց, որ այսօր միասնականացման, ընդհանուր եզրակացության անհրաժեշտություն կա, քանի որ կան բառեր, որոնք տարբեր կերպ են գրվում, օրինակ՝ «նախ և առաջ» կամ «նախևառաջ». ամեն մի լեզվաբան իր մոտեցումն է ներկայացնում:

Բանախոսը բերեց նաև մի քանի բառերի օրինակներ, որոնք տարբեր կերպ են օգտագործվում՝ էքսկլյուզիվ-բացառիկ, ռեալիստ-իրատես, սպեցիֆիկ-յուրահատուկ, էմոցիա-հույզ և այլն. «Կան 2-3 փոքր բառարաններ, որոնք 3-4 հազար տերմիններ են ընդգրկում, բայց այդ բառարաններն էլ դեռ լիովին քննություն չեն բռնել: Տարիներ առաջ ոչ ոք չէր մտածի, որ «ինտերնետ»-ը կփոխարինվի «համացանց»-ով, «գործառույթ»-ը՝ «ֆունկցիա»-ով: Բայց փոխարինումը տեղի ունեցավ: Մեր լեզուն շատ հարուստ է, և անցումը ստիպողաբար չես անի»,- ասաց նա՝ նկատելով, որ ժամանակակից հայ գրականությունն այնքան էլ ակտիվ չէ այս հարցում. «Օրինակ՝ 30-40-ական կամ 60-70-ական թթ. մեր գրականությունը նաև լեզուն մաքրելու առաքելություն էր կատարում: Բառերը պետք է զուսպ ու հիմնավորված լինեն, ոչ թե սենսացիաներ առաջացնելու համար լինեն»,- ընդգծեց նա:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում, Ս. Երիցյանի խոսքով, խախտումները սահմանված են, բայց ոչ մի այլ տեղ պատասխանատվության մասին խոսք չկա. «Մենք չունենք պատժիչ մեխանիզմներ, մենք միայն կարող ենք հորդորակներ ուղարկել հեռուստաընկերություններին և խնդրել, որ այս կամ այն սխալն ուղղեն»,- ասաց Լեզվի պետական տեսչության պետը՝ վստահեցնելով, որ հորդորակները բավականին օգուտ են տվել. «Երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ եկան և մեզ հետ քննարկումներ ծավալեցին»,- տեղեկացրեց նա՝ հույս հայտնելով, որ օրենքում կներդրվի զգուշացումների մեխանիզմը. «Պետք է նախ զգուշացումներ լինեն, որ չգնան ու միանգամից տուգանեն: Առաջին զսպաշապիկը պետք է լինի զգուշացումը»,- համոզված է Ս. Երիցյանը:

Հարցին, թե Լեզվի պետական տեսչության պետն ինչ գնահատական կտա ՀՀ նախագահի՝ Գ. Ծառուկյանին ուղղված ելույթին, Ս. Երիցյանն ասաց, որ չէր ցանկանա գնահատական տալ որևէ պաշտոնյայի և հավելեց. «Բառերը բառեր են… գրագետ խոսված բոլոր կողմերից: Ուրիշ բան է, թե բառերն ինչ ենթատեքստում են օգտագործվում: Դա եղել է գրագետ, հայեցի, գրավոր, բարձրակարգ խոսք»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. M says:

    գործառոջյթը չի ֆունկցիայո փոխարինվել մեծն լեզվագետ` այլ հակառակը: Իհարկե չգիտեմ սա ում խնդիրն է` լրագրողի, թե Լեզվի տեսչության ղեկավարի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728