Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաշխարհային բանկի փորձագետները եթե անգամ դրական եզրակացություն տան, միեւնույն է, «Նաիրիտը» չի վերագործարկվի»

Փետրվար 21,2015 17:43
Nairit

Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը:

Փորձաքննության համար Համաշխարհային բանկը տրամադրելու է  110.000 դոլար:

«Նաիրիտի» աշխատակիցները թերահավատությամբ են լցված: Նաիրիտցիները, երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին, որի ընթացքում կառավարությունից պահանջում էին իրենց 18 ամսվա չմարված 5 միլիարդ դրամի աշխատավարձերը,  վստահությամբ ասում էին՝ փորձագետները կգան, այդ 110 հազար դոլարը կդնեն իրենց գրպանները, կուտեն եւ կգնան:

«Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք շատ ավելի շուտ էին սպասում փորձագիտական թիմին. « Մեզ ասել էին, որ ամսի 5-ին կգան, բայց ամսի 25-ից նոր սկսում են աուդիտը։ Մենք սպասում էինք, որ 23-ին 25-ին արդեն կավարտեն»:

Մեր զրուցակիցն ասում է, որ կա եզրակացության երկու տարբերակ՝ կամ պիտի ասեն՝ այո, կամ պիտի ասեն՝ ոչ. «Այո-ն հույս է տալիս, որ գործարանը հետագայում կաշխատի, բայց այդպիսի աուդիտներ եղել են մի քանի անգամ եւ բոլորը դրական եզրակացություն են տվել, բայց գործարանը չի աշխատել։ Մարդկանց անվստահությունը դրանից է գալիս։ Ես չեմ հավատում այս աուդիտին։ Աուդիտը եղել է մի քանի անգամ եւ կրկնում եմ, որ գործարանը ոչ միայն չի աշխատել, այլեւ մարդկանց ազատել են արդեն աշխատանքից։ Այսինքն, ո՞րն է այն հավանականությունը, որ այդ դրական եզրակացությունից հետո գործարանը պիտի աշխատի, չկա»:

Անուշ Հարությունյանի խոսքով՝ եթե նույնիսկ համաշխարհային բանկը դրական եզրակացություն տա ու որոշեն, որ գործարանը պիտի աշխատի, ապա դա պարտքի մարման հետ ոչ մի կապ չունի. «Մարդկանց ազատել են աշխատանքից եւ պետք է նրանց աշխատավարձերը վճարեն, իսկ թե ի՞նչ միջոցներով, կառավարությունը պետք է դրանով մտահոգվի»։

Անուշ Հարությունյանը վստահ է՝ կազմակերպությունը կգա, իր գործը շատ բարեխղճորեն կանի, եզրակացությունը կտա եւ կգնա. «Շատ հնարավոր է, որ այդ աուդիտը դիմի այն նույն կազմակերպությանը, որը արդեն մի անգամ արել է աուդիտ։ Սրանից տրամաբանորեն կարելի է հետեւություն անել, որ, այո, ժամանակ են ձգում»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728