«Եթե եզդին եզդու հետ գժտված է լինում, ազգային տոների ժամանակ պարտադիր է, որ նրանք հաշտվեն. փոքրը գնում է մեծի տուն, և հաշտվում են»,- ասում է Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզի Թամոյանը:
Երեկ եզդիները տոնել են իրենց չորս ազգային տոներից մեկը՝ Խդր Նավին, որը համապատասխանում է մեր Սուրբ Սարգսի տոնին:
Ա. Թամոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տոնին նախորդող երեք օրերին եզդիները ծոմ են պահում, այցելում են իրենց հանգուցյալների շիրիմներին, իսկ ուրբաթ օրն արդեն դուրս են գալիս ծոմից և մեծ խնդությամբ նշում իրենց ազգային տոնը: «Մուրազ բաշխող հրեշտակի այս տոնին ամբողջ օրը, անգամ գիշերը, բոլորը երգում են, պարում, հատուկ ուտելիքներ են ճաշակում»,- ասաց Աշխարհի եզդիների միության նախագահը:
Նա իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քանի որ նրա թույլտվությամբ՝ բանակում ծառայող եզդի երիտասարդները Խդր Նավիի շրջանում մեկ շաբաթով գնացել են տուն:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Ա. Թամոյանն ընդգծեց, որ հայերն ու եզդիները լիարժեք բարեկամ ժողովուրդ են, և հայերը պետք է ընդունեն, որ այդ տարիներին տեղի է ունեցել նաև եզդիների կոտորած. «Թուրքիայում մոտ 500 հազար եզդի է սպանվել: Ես եղել եմ Թուրքիայի այն տարածքներում, որտեղ ապրել են եզդիներ, հանդիպել եմ մեծերի հետ, պատմություններ եմ գրի առել: Թեև եզդիների ցեղասպանության մասին անգամ գրքեր կան գրված, բայց այսօր քիչ է խոսվում այդ մասին»,- նշեց նա:
Նրա դիտարկմամբ՝ այդ վերաբերմունքի պատճառով է, որ այսօր Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակ է ստեղծվել եզդիների համար. «Միայն այս յոթ ամիսների ընթացքում 17 հազար եզդի է զոհվել այդ շրջանում»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ