Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Իմ գնահատականները բացառապես քաղաքական են լինում»

Փետրվար 21,2015 16:40

«Ես ինքս ինձ քաղաքական գործիչ եմ համարում, և այս տարիների ընթացքում կարողացել եմ բացառապես մնալ քաղաքական գործընթացների և քաղաքական գնահատականների շրջանակներում»,-Aravot.am-ի հարցին՝ ներքաղաքական վերջին վերադասավորումներից հետո, մասնավորապես, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ գնաց հաշտեցման չի՞ զղջում Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած իր՝ մեղմ ասած խիստ գնահատականների համար, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ծրագրային ելույթում սուր քննադատության ենթարկեց թե’ Գագիկ Ծառուկյանին, թե’ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին՝ նրան համարելով «չարիք»: Այս ելույթից հետո Կարեն Ավագյանը ևս բազմաթիվ քննադատական գնահատականներ հնչեցրեց Գագիկ Ծառուկյան գործչի հասցեին:

Կարեն Ավագյանից հետաքրքրվեցինք՝ այսուհետ ինչպե՞ս է նայելու Գագիկ Ծառուկյանի երեսին, մանավանդ, եթե նա շարունակի մնալ քաղաքականության մեջ, պարոն Ավագյանն արձագանքեց. «Իմ ցանկացած հրապարակային խոսք ու մեկնաբանություն կամ թե գնահատական բացառապես քաղաքական են, այլ ոչ թե անձնական, որը չգիտես ինչու որոշ մարդիկ այդպես էլ չեն ուզում հասկանալ: Իսկ քաղաքական գործընթացները շարունակվում են. օրակարգերը փոխվում են, և ես որպես քաղաքական գործիչ, մասնակցում եմ բոլոր գործընթացներին: Նորից եմ կրկնում, իմ գնահատականները բացառապես քաղաքական են լինում, իսկ քաղաքական գնահատականների համար ես չեմ զղջում»:

Մեր այն դիտարկմանը, թե ակնհայտորեն իր հնչեցրած գնահատականները պիտակավորումներ էին պարունակում, պարոն Ավագյանն այսպես պատասխանեց. «Որևէ պիտակ, որևէ անձնական դաշտ տեղափոխելու խնդիր բացարձակ չկա, անձնական խնդիր էլ գոյություն չունի: Դրանք բացարձակապես քաղաքական գնահատականներ են: Երևույթներ և գործընթացներ են, որոնց մեջ ես իմ փոքրիկ ներդրումն ունենում եմ»:

Հարցին՝ ի՞նչ է հուշում իր քաղաքական փորձառությունը՝ Գագիկ Ծառուկյանը կշարունակի՞ մնալ քաղաքականության մեջ, մանավանդ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը դեռ իր խոսքը կասի քաղաքականության մեջ, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Դա արդեն անձնական հարց է և խնդիր, որը պետք է ուղղեք իրեն»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ արգելափակվել է Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական էջը և բացվել կեղծ էջ: Հետաքրքրվեցինք՝ դա կապ ունի՞ իր՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած արտահայտությունների հետ, պարոն Ավագյանը պատասխանեց. «Օգտագործվել է պարզունակ մեթոդ, և չեմ կարծում, որ դրանով հասան նրան, որ ես իմ խոսքը չեմ կարող հնչեցնել: Իմ գործունեությունը հրապարակային է, և միայն սոցցանցերում չէ, որ կարող եմ արտահայտել իմ կարծիքն ու հայտարարություններով հանդես գալ: Ամեն դեպքում արդեն կա նոր էջ, ու հույս ունեմ, որ նման պարզունակ քայլերի մարդիկ այսուհետ չեն դիմի քաղաքական գործընթացներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728