Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ես քաղաքականությունից հեռացած ՀՀ առաջին նախագահ եմ

Փետրվար 21,2015 12:00

Սա էր Սերժ Սարգսյանին ուղղված
Տեր-Պետրոսյանի բաց նամակի հիմնական ուղերձը

Սխալ են բոլոր նրանք, ովքեր վերջին օրերին փորձում են Գագիկ Ծառուկյանին «դավաճան», «կես ճանապարհին փոշմանած» ու «անսկզբունքային» անվանել` նրա մի քանի ելույթների եւ վերջին հայտարարության միջեւ հակասություններ փնտրելով եւ «հիասթափված» բացականչություններ անելով: Փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը չեղյալ համարելով եւ «այսպես շարունակել չի կարելի» արձանագրումով` Ծառուկյանը որեւէ մեկին, առավել եւս՝ ինքն իրեն չի դավաճանել:

Ծառուկյանով Հայաստանում «հարցեր լուծողներն» ու քաղաքական դաշտում «արեւի տակ տեղ ունենալու» ձգտումով «կազմաքանդիչները» պետք է բացատրեն, թե մինչեւ երբ են շարունակելու մոլորեցնել հասարակությանը, որի մի մեծ հատված, իսկապես, հավատացել էր, որ Ծառուկյանը ունակ է իշխանությանը լուրջ այլընտրանք դառնալ ու հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Հիմա նույնպես դեռ կան ինչ-որ խմբեր, որոնք փորձում են համոզել, թե «Ծառուկյանը չի պարտվել», «Ծառուկյանը ոչ թե նահանջել է, այլ շանս է տվել իշխանությանը»՝ դարձյալ հասարակությանը մոլորեցնելով եւ սեփական շահն ու ակնկալիքները «ճարպկությամբ» թաքցնելով:

Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ երբեք չի եղել, դա գիտեր թե՛ ինքը, եւ գիտեին թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը եւ բոլորը նրա շրջապատում: Բայց մեկը` հրապարակավ, մյուսը` ընդհատակից իրենց ակնկալիքներն ունեին եւ իրենց նպատակին ձգտում էին Ծառուկյանով հասնել: Որ Ծառուկյանը՝ որպես գործող իշխանական էլիտայի մաս, չէր կարող հակադրվել այս իշխանությանը, պարզ էր շատերին, այդ մասին գոնե 2011-ին «քաղաքագիտական վերլուծության» ի հայտ գալուց հետո ասվել է բազմիցս: Պարզապես այդ շրջանում դա ասողները համարվում էին «դավաճաններ» եւ «ռեժիմի սպասարկուներ», իսկ այսօր իրենք են բաց հայտարարում «ռեժիմի» հետ շփվելու իրենց պատրաստակամության մասին:

Այսօր Քոչարյանի դեպքում դեռ միանշանակ չենք կարող պնդել, որ նա այլեւս ցանկություն չի ունենա ուղղակի կամ միջնորդավորված մասնակցություն ունենալ քաղաքական կյանքին ու Սերժ Սարգսյանի իշխանության համար խոչընդոտներ ստեղծել: Քոչարյանը, հավանաբար, կուզենար, որ փետրվարի 20-ին չարտոնված հանրահավաք լիներ եւ եւս մեկ մարտի 1 վերապրեինք, որտեղ ինքը այս անգամ ոչ ի պաշտոնե կգործեր:

Տեր-Պետրոսյանի դեպքում ամեն ինչ հստակ դարձավ նրա` Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով: Նախ` նամակի հիմնական ուղերձը քաղաքականությունից նրա դուրս գալու արձանագրումն էր: Նա այդ նամակով իր ծառայությունն առաջարկելով` Սերժ Սարգսյանին ուղերձ հղեց, որ այսուհետ իրեն ընկալի որպես Հայաստանի առաջին նախագահ, այլ ոչ թե քաղաքականությամբ զբաղվող եւ «ռեժիմի» դեմ հանդես եկող ընդդիմադիր:

Տեր-Պետրոսյանն իր քայլով մի քանի խնդիր լուծեց: Որպեսզի ավելի շուտ «չբացահայտվի» Ծառուկյանի կողմից նրան` մի կողմում թողնելն ու Սերժ Սարգսյանի հետ բանակցելը, Տեր-Պետրոսյանն ավելի առաջ անցավ՝ կարծես հասկացնելով Ծառուկյանին, թե դու «Տաշիրի» Սամվելի միջոցով ես բանակցելու Սերժ Սարգսյանի հետ, իսկ ես կարող եմ դա ուղիղ անել: Բացի այդ, եթե Ծառուկյանը «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հիմնական ճարտարապետ ու պատասխանատու մատնանշեր Տեր-Պետրոսյանին, ապա չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող էր գնալ կոշտ քայլերի նաեւ ՀԱԿ առաջնորդի նկատմամբ: Հետեւաբար Սերժ Սարգսյանին ուղղված նամակը իրականացնում էր նաեւ կոնկրետ «ապահովագրող» նշանակություն անձամբ Տեր-Պետրոսյանի համար:

Ի հայտ եկավ նաեւ ժամանակագրական անհամապատասխանություն. եթե «համաժողովրդական շարժման» առաջնորդը վստահ էր, որ «իշխանության ժամերը հաշված» են (հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր նախատեսված հանրահավաքը հրավիրված էր 24 ժամում Սերժ Սարգսյանի իշխանությունը «տապալելու» կոչով), եւ Սերժ Սարգսյանը շուտով հրաժարական էր տալու, ինչո՞ւ պետք է նրան ավելի վաղ նամակ գրեր, եթե Սերժ Սարգսյանը կարող էր նախագահի պաշտոնին չլինել ժամեր անց:

Իսկ ամենահետաքրքրական փաստն այն էր, որ անգամ ՀԱԿ համակիրների համար էր Տեր-Պետրոսյանի նամակը անակնկալ, որովհետեւ այդ օրը, երբ նամակն արդեն իսկ հրապարակվել էր, դեռ համացանցում փետրվարի 20-ին հանրահավաքի գնալու եւ «ռեժիմը տապալելու» կոչեր էին հնչում իներցիայով, մինչդեռ «շարժման առաջնորդն» արդեն իսկ Սերժ Սարգսյանի հետ շփվելու հայտ էր ներկայացրել: Այսինքն` Տեր-Պետրոսյանը մտադիր էր աշխատել Սերժ Սարգսյանի հետ, իսկ շարքերը պատրաստվում էին «կազմաքանդե՞լ» Սերժ Սարգսյանի «ռեժիմը»…

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարել է, որ նախագահը ծանոթ է Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին եւ համապատասխան արձագանք կլինի: Հանրապետական գործիչներն արդեն արձագանքել ու դրական են գնահատել այդ նամակը: Տեր-Պետրոսյանի նպատակը հենց սա է` քննարկել, քաղաքական օրակարգի հարց դարձնել իր նամակը, իր կողմից առաջ քաշված անունների շուրջ բանավիճել` ինչո՞ւ սրա անունը կա, նրանը` ոչ: Կրկին եւս մեկ «ճշգրիտ» հաշվարկ Տեր-Պետրոսյանի կողմից, միայն թե «բուրժուադեմոկրատական հեղափոխության» եւ «քաղաքագիտական վերլուծության» սնանկությունն ու վախճանը չարձանագրվի ու մոռացության տրվի «անսխալական» գործչի պատասխանատու լինելու թեման:

Սերժ Սարգսյանը ճիշտ կվարվի, եթե համաձայնվի քննարկել Տեր-Պետրոսյանի բաց նամակը ու աշխատի նրա առաջարկների շուրջ: Անհեռատես կլինի այն նախագահը, որը իր շուրջը «լայն կոնսոլիդացիայի» առաջարկից եւ այսպիսի շքեղ հնարավորությունից հրաժարվի: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի համար ավելի լավ է իր հետ աշխատեն, քան Ազատության հրապարակում «ռեժիմը կազմաքանդելու» մասին ճառեր ասեն տարիներով` Ծառուկյանին «ընդդիմադիր» եւ «փրկիչ» օծելով:

Այնպես որ՝ ավելորդ հոգոցներ, տվայտանքներ ամենեւին էլ պետք չեն: Պարզապես քաղաքական գործիչները պետք է զերծ մնան «Բաղրամյան 26-ի ագենտներ», «դհոլներ», «ԱԽՔ»-եր եւ այլ որակումներ տիրաժավորելուց: Հատկապես Հայաստանի քաղաքական կյանքը բումերանգի էֆեկտով է օժտված:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728