Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը փող ունի, բայց հարուստ չէ

Փետրվար 21,2015 15:30

Այս համոզմանն է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Այն, ինչ վերջին տասնօրյակում տեղի ունեցավ հայաստանյան քաղաքական դաշտում` Գագիկ Ծառուկյանին նվիրված Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո, աննախադեպ էր թերեւս մի առումով` իրադարձությունները շատ արագ զարգացան` մինչեւ տրամաբանական ավարտին հասնելը: Ինչպե՞ս կբնութագրեք այն ամենը, ինչ որ տեղի ունեցավ ՀՀԿ-ԲՀԿ կամ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարթությունում:

– Վստահ եմ, որ ՀՀ նախագահը նման ելույթ չպետք է ունենար: Այս ելույթը եկավ ապացուցելու, որ ճիշտ են մինչեւ այս արված այն բոլոր հայտարարությունները, որ Հայաստանում գործում են ոչ թե օրենքն ու Սահմանադրությունը, այլ իշխանավորի կամքը: Իհարկե, գործող իշխանություններն աշխարհի բոլոր երկրներում էլ մտահոգվում են ընդդիմադիրների ակտիվացման ժամանակ, բոլոր գործող իշխանություններն էլ չեն ցանկանում, որ ընդդիմությունը ուժեղ ու կազմակերպված լինի, եւ բոլոր գործող իշխանություններն էլ ցանկանում են գալիք հերթական կամ արտահերթ ընտրություններում հաղթել: Այս ցանկությունը ավելի քան տրամաբանական է:

Բայց այն իրականացնելու համար ժողովրդավարական երկրների իշխանավորները փորձում են այնպես կառավարել, որ ընտրական փուլում ասելիք ու մրցակիցներին հակադարձելու բան ունենան, իսկ ոչ ժողովրդավարական երկրներում կամ ժողովրդավարական արժեքներից դուրս իշխանավորների մոտ ի հայտ է գալիս մրցակիցներին ոչնչացնելու, նրանց անկյուն սեղմելու մղումը: Ինչքան իշխանավորը հեռու է ժողովրդավարական արժեքներից, այնքան ավելի բիրտ քայլերի է դիմում: Ասենք՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը բոլոր հավանական ու ոչ հավանական մրցակիցներին գնդակահարում է, Ադրբեջանի նախագահը բանտարկում է, իսկ մեր դեպքում հարկային, մաքսային ու ոստիկանական տեռորի է ենթարկում:

Մեր կարգի հասարակություններում քաղաքականությամբ զբաղվելը, բացի սեփական ֆինանսական ռեսուրսներ ունենալուց, նաեւ այլ կարգի «ունեցվածք» է պահանջում: Անգամ ոչ միայն մեր կարգի, շատ ավելի բարեկեցիկ ու զարգացած հասարակություններում նույնպես ֆինանսական ռեսուրսը բավարար պայման չէ քաղաքականությամբ զբաղվելու համար: Դրա համար առաջին հերթին պետք է սեփական գաղափար, երկրի ու հասարակության զարգացման սեփական տեսլական, ներքին հավատ արտահայտած կարգախոսների ու ելույթների նկատմամբ, քաջություն ու համարձակություն: Ծառուկյանի դեպքում իշխանությունների աջակցությամբ կամ թողտվությամբ վաստակած փողից բացի՝ ոչինչ չկար: Սյս պարագայում ով էլ որ քեզ համար ելույթներ գրի, ինչ գեղեցիկ ելույթներ էլ որ գրի, ինչքան սահուն էլ որ դրանք դու սովորես ու կարդաս, միեւնույն է՝ դրանք քոնը չեն դառնա, իսկ քանի որ քոնը չեն, դու չես կարող, դու չես ցանկանա, դու պատրաստ չես լինի կռիվ տալ դրանց համար: Հատկապես այն դեպքում, երբ երկրի նախագահն է քեզ պատերազմ հայտարարում: Այս իմաստով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտության ելքը կանխորոշված էր: Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի՝ Սերժ Սարգսյանը վստահ էր, որ հաջողություն է գրանցելու: Նա երեւի շատերից լավ էր ճանաչում Ծառուկյանին ու գիտեր, որ նա հակադրելու ու հակադրվելու ոչ մի ռեսուրս չունի:

Carukyan_Ter-Petrosyan_Raffi

– Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը պարտվե՞ց՝ կարծում եք:

– Ոչ, չպարտվեց: Ուղղակի բուրժուան բուրժուա չէր: Նա ստանձնել ու խաղում էր բուրժուայի դեր՝ այդպիսին չլինելով: Նա հավատացնում էր, որ հարուստ է, բարեգործ է, պատրաստ է ոչինչ չստանալու դիմաց զոհողությունների գնալ: Այդպես էլ ասում էր՝ «ինձ ոչինչ պետք չէ»: Բայց պարզվեց, որ նա ոչ թե հարուստ է, այլ շատ փող ունեցող: Իսկ հարուստ լինելը եւ շատ փող ունենալը բացարձակապես տարբեր բաներ են: Պարզվեց, որ նա ոչ թե բարեգործ է, այլ ողորմություն տվող, ով նաեւ տված ողորմության դիմաց խոնարհում ու հպատակություն է պահանջում: Պարզվեց, որ նա ռիսկի գնալու ոչ մի կաթիլ համարձակություն չունի ու ամենաչնչին ու ամենաառաջին վտանգի դեպքում պատրաստ է հանձնվել: Ոչ ոք, նաեւ Տեր-Պետրոսյանը, նրան չի մղել այս դաշտ: Նա է հայտ ներկայացրել: Նա է համապատասխան հայտարարություններ արել:

Նա է պատրաստակամություն հայտնել: Արդյունքում նրա հետ են քայլել: Ամեն ինչ եղել է հրապարակավ, բոլորի աչքի առաջ: Երբ ԲՀԿ-ն ծանրակշիռ թիմ ձեւավորեց պառլամենտում ու իշխանության հետ դաշինք կազմելու փոխարեն՝ սկսեց քննադատական դիրքերից խոսել, դարձավ ընդդիմության ճամփակից: Եվ մարդիկ ու քաղաքական ուժերն սկսեցին հույսեր կապել նաեւ նրա հետ: Բայց եղավ այն, ինչ եղավ: Լավ է գոնե, որ այսպես ստացվեց: Նա կարող էր թիմակիցներին լքել էլ ավելի կարեւոր ու էլ ավելի վճռական պահի:

– Տարատեսակ վերլուծությունների առիթ տվեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը` ուղղված Սերժ Սարգսյանին: Կարծում եք՝ Տեր-Պետրոսյանը միայնա՞կ է թողնում Գագիկ Ծառուկյանին: Ընդդիմությունը մահացա՞վ:

– Հայաստանում ընդդիմությունը չի մահանա, որովհետեւ հայաստանցու՝ ավելի լավ ապրելու ցանկությունը, իր քվեով իշխանություն ձեւավորելու ցանկությունը, արդար հասարակարգում ապրելու ցանկությունը միշտ լինելու է: Սրանք էլ ապահովում են ընդդիմության լինելիությունը: Այս առումով մենք այլ ժողովուրդներից ոչ լավը եւ ոչ էլ վատն ենք: Սրանք չափազանց բնական ու մարդկային ցանկություններ են, եւ սրանք են մարդկանց ու հասարակություններին սնող ու առաջ մղող ուժերը: Մենք շատ ավելի ծանր ժամանակներ ենք ապրել, շատ ավելի մեծ փորձությունների ենք ենթարկվել, որպեսզի նման անհաջողությունների հանդիպելիս թեւաթափ լինենք ու հուսահատվենք:

Իսկ Տեր-Պետրոսյանի Բաց նամակը վերաբերում է ոչ թե քաղաքականությանը, այլ Եղեռնի 100-ամյակին: Ես ավելի կարեւոր ու արժեքավոր եմ համարում նրա «Խոհերը»՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հետ կապված, քան այս Բաց նամակը: «Խոհերում» չափազանց տեղին ու չափազանց կարեւոր դիտարկումներ էին արվել, եւ ցանկության առկայության դեպքում, առանց այս Բաց նամակի էլ, իշխանությունները կարող էին այդ առաջարկությունները հաշվի առնել: Բայց նաեւ հստակ է այն, որ այս նամակից չի հետեւում, թե Տեր-Պետրոսյանը լքում է Ծառուկյանին կամ որեւէ մեկին: 2007 թվականից սկսած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցույց է տվել, որ ընկրկող, նահանջող ու թիմակիցներին լքող չէ: Սա մարդիկ տեսել են ծանրագույն 2008, 2009, 2010-11 թվականներին: Ընդհակառակը՝ այդ Ծառուկյանն է լքում եւ Տեր-Պետրոսյանին, եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ բոլոր մյուս թիմակիցներին, եւ բոլոր այն մարդկանց, ում խոստացել էր լինել նրանց հետ ու մնալ նրանց կողքին: Գոնե այս պահին սա ակնհայտ է:

– Որոշ վերլուծություններով՝ այս իրադարձությունները մեկընդմիշտ փակեցին Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը: Դա այս պատմության դրական կո՞ղմն էր:

– Ես չեմ կարող պնդել, թե այս զարգացումները կոչված էին ճանապարհ հարթել Ռոբերտ Քոչարյանի համար: Մի բան ակնհայտ է, որ ԲՀԿ-ն Քոչարյանի մտքի արդյունքն է, նաեւ Քոչարյան-Ծառուկյան կապն է ակնհայտ, բայց վերջին շրջանի ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցության համատեքստում Քոչարյան դերակատար ես չէի տեսնում: Քոչարյանի առկայության պարագայում թվարկված քաղաքական ուժերի միջեւ նման համագործակցություն չէր լինի, նաեւ Սերժ Սարգսյանը բոլորովին այլ կերպ կարձագանքեր դրան: Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նախկին թիմակիցներ ու ընկերներ են եւ նաեւ ընդհանուր տարաբնույթ շահերով փոխկապված գործիչներ եւ իրար հետ անաղմուկ պայմանավորվելու բազմաթիվ հնարավորություններ ունեն: Քոչարյանի դերակատարման պարագայում Գագիկ Ծառուկյանին իր տեղը ցույց տալու համար Սերժ Սարգսյանը նման հրապարակային քայլերի գնալու կարիքը չէր ունենալու:

– Ինչպե՞ս մեկնաբանել ռեպրեսիաներով ու կոշտ մեթոդներով պաշտոնավարմամբ աչքի ընկած Ռոբերտ Քոչարյանի կոչը Սերժ Սարգսյանին` զերծ մնալ բռնություններից:

– Սա այն դեպքն է, երբ հեղինակի խոսքին հավատ ընծայել չի կարելի, անգամ այն դեպքում, երբ հեղինակը ճիշտ բաներ է ասում կամ գրում: Մենք հիշում ենք նրա պաշտոնավարման շրջանը, մենք հիշում ենք 2003 եւ 2008 թվականների ընտրությունները, որոնց պատասխանատուն Քոչարյանն էր: Եթե նա իր պաշտոնավարման ժամկետը ավարտելուց հետո հանգիստ հեռանար՝ ապահովելով ազատ ու թափանցիկ ընտրություններ, ամենակոպիտ կերպով չխառնվելով ընտրական գործընթացների մեջ, եթե որպես հեռացող նախագահ իր գործը համարեր լեգիտիմ հաջորդ թողնելը, ապա նա այսօր տարբեր առիթներով իր կարծիքն ասելու ու լսելի լինելու իրավունքը կունենար: Շատ բան մարդիկ կամ կմոռանային, կամ կփորձեին մոռանալ:

Բայց նա ոչ միայն իր պաշտոնավարման ողջ ընթացքում է աչքի ընկել ճչացող բռնություններ կազմակերպելով: Հեռանալուց առաջ՝ 2008 թվականին, երբ թվում էր, թե նա անձամբ, ի տարբերություն 2003-ի, դրա կարիքը չուներ, կազմակերպեց այդ խայտառակ ընտրությունները՝ ցուցադրաբար իր վրա վերցնելով ընտրական գործընթացում տեղ գտած անօրինականությունների ու բռնությունների ողջ պատասխանատվությունը, 10 զոհերով ու 200-ից ավելի վիրավորներով մարտի 1 կազմակերպեց եւ բանտերում հարյուրավոր քաղբանտարկյալներ թողեց: Ահա այսպես է նա հեռացել: Սա է մեր հասարակությանը թողել հեռացող Քոչարյանը, եւ մարդիկ սա մոռանալ չեն կարող: Ոչ երկնիշ տնտեսական աճի մասին հիշեցումները, ոչ բռնությունների չդիմելու մասին կոչերը, ոչ իբր կարդացած գրքերի ցանկը, ոչ փոխըմբռնման առաջարկություններն ի վիճակի չեն ջնջելու այս ամենը մարդկանց հիշողությունից:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Գագիգ Ծառուկյանի պատահածը համապատասխանում է Ժան դը Լաֆոնթենի իմացական առակին՝ «գորտը որ կ’ուզենար եզից աւելի մեծ լինել»…

    (անշուշտ մարմնի մեծության մասին չի խոսքը… թէ ոչ, նախագահը վատ վիճակում էր գտնվելու)

  2. Գալուստ Ենոքյան says:

    Շնորհակալ եմ Նելլի Գրիգորյանին այս հարցազրույցի համար եվ հատկապես հայագետ ազգագրագետ Վարդան Հարությունյանին իր, այսօր միակ գրագետ, վերլուծության համար…քանի Վարդան Հարությունյանի նման հայազգի Մտածողներ կան Հայաստանում…դեռ ամեն ինչ կորած չէ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728