Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա պոմիդորի քոլերի տակից երեխա են ման գալիս, որ համոզեն՝ քիմիական ֆակուլտետում սովորեն»

Փետրվար 21,2015 15:00

«Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը՝
«Նաիրիտի» աշխատել-չաշխատելու մասին

Երեկ Համաշխարհային բանկը (ՀԲ) պատրաստակամություն հայտնեց «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար միջազգային փորձագետներ հրավիրել, որոնք ֆինանսական վերլուծություն կանեն եւ կասեն՝ «Նաիրիտը» կարո՞ղ է վերագործարկվել, թե՞ ոչ: Այդ նպատակի համար ՀԲ-ն մտադիր է որպես դրամաշնորհ հատկացնել 110 հազար դոլար: Համաշխարհային բանկի մասնագետների համոզմամբ՝ Հայաստանի տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ու կենսունակ գիտելիքահեն տնտեսության զարգացմամբ: Եվ քանի որ այս օրերին ՀՀ կառավարությունում «գլուխ են կոտրում» էներգետիկ ու տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու համար լավագույն ուղիներ գտնելու, ապա Համաշխարհային բանկը, հավանաբար, կարծում է, որ խորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած «Նաիրիտը» հենց այն գործարանն է, որը կարող է նպաստել տնտեսական աճին եւ մեր երկրին մեծ օգուտներ բերել:

Սակայն ճիշտ հակառակ կարծիքի է «Նաիրիտը» երկար տարիների տնօրինած եւ գործարանի «կարողությունները» հինգ մատի պես ուսումնասիրած «Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը: Նրա համոզմամբ՝ Համաշխարհային բանկի այս նախաձեռնությունը հերթական փող աշխատելու տարբերակ է, «թե չէ՝ այդպիսի խորհրդատվական խմբեր մեր երկիրը տարբեր ոլորտներում շատ է տեսել»:
Գագիկ Ներսիսյանի խոսքերով. «Ես միշտ ուրախանում եմ, որ մեր երկիր փող է մտնում՝ որպես պետականության մասին մտածող մարդ եմ ասում, բայց դժբախտությունն այն է, որ այդ 110 հազար դոլարը իրենց մարդիկ կգան կստանան եւ կգնան: Իրենք իրենց ժողովրդին աշխատավարձ են տալու՝ ընդամենը դա, եւ այդ ամենը որեւէ առնչություն չունի «Նաիրիտի» հետ, պարտքերի, գործարանի աշխատող ժողովրդի հետ: Մի քանի փորձագետ կգան, ամեն մեկը մի 20-25 հազար դոլար փող կստանա այդ ուսումնասիրությունների համար, եւ դրանով ամեն ինչ կավարտվի՝ այն պարզ պատճառով, որովհետեւ «Նաիրիտը» որեւէ հեռանկար չունի աշխատելու»:

Գագիկ Ներսիսյանը վստահ է, որ «Նաիրիտը» հնարավոր չէ վերագործարկել այն պարզ պատճառով, որ ոչ մի ճանապարհ չկա կես միլիոն տոննա բեռնաշրջանառություն ապահովելու համար, իսկ «Նաիրիտի» հումքը գրեթե ամբողջությամբ դրսից է բերվում. «Մենք երկաթուղի չունենք: Լարսն էլ տարվա մեջ 8-9 ամիս փակ է: Այդ ո՞ր ճանապարհով պետք է գործարանի բոլոր հումքերը ներկրեն: Հայաստանում որեւէ հումք գոյություն չունի «Նաիրիտի» համար՝ բացի աղաջրից, որն օգտագործվում է հեղուկ քլոր ստանալու համար, իսկ եթե «Նաիրիտը» պետք է իր հզորությամբ աշխատի՝ 80 հազար տոննա տարեկան, դա նշանակում է, որ քլորի խնդիրն էլ չենք կարող լուծել՝ այդ քանակությամբ քլոր ստանալու համար»:

Եթե «Նաիրիտը» որոշեն վերագործարկել, ապա, գործարանի նախկին տնօրենի հաշվարկներով՝ 1 միլիարդ դոլար կպահանջվի, բացի այդ՝ պետք է բեռները բերվեն Բաքվի բեռնատար երկաթգծով, այլապես որեւէ այլ ճանապարհ գոյություն չունի: «Մենք ուրիշ ճանապարհ չունենք այդ քանակությամբ բեռներ ներկրելու: Մի տասը վագոն ցորեն բերելիս Այրումում կամ Նալբանդում 8-ը շուռ են տալիս, այն երկաթգիծը, որը Թբիլիսիից աշխատում է դեպի Հայաստան, ուղեւորատար ճանապարհ է: Այդ ճանապարհը չի կարող դիմանալ բեռների ծանրությանը»:

Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի այն դիտարկմանը, որ փորձագետները պետք է նաեւ ուսումնասիրեն ու պարզեն, թե քիմիական այդ գործարանը վերագործարկելու դեպքում ինչպիսի վնաս կհասցվի շրջակա միջավայրին, ապա պարոն Ներսիսյանը նկատում է. «Նաիրիտում» ընդհանրապես որեւէ էկոլոգիական հարց տասնյակ տարիների ընթացքում չի լուծվել: Իմ աշխատած տարիներին, սակայն, 90 տոկոսով կրճատվել էին արտանետումները, սակայն այն պարզ պատճառով, որ գործարանն իր հզորության 10 տոկոսով էր աշխատում: Հիմա եթե պետք է ամբողջ հզորությամբ աշխատի, պատկերացրեք՝ «Նաիրիտը» արտանետելու է 100 անգամ ավելի, իսկ դրանք խիստ թունավոր նյութեր են:

Իմ աշխատած տարիներին ես դրա մասին ահազանգել եմ, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում «Նաիրիտը»: Այն մարդիկ, որ 110 հազար դոլարը կստանան, կասեն՝ մաքրման ոչ մի հնարավորություն չկա, իսկ ամենաթանկարժեք ծախսերը արվում են, երբ որ բնապահպանական խնդիր են լուծում»:

Գագիկ Ներսիսյանը մատնանշում է մեր երկրում առկա պոչամբարները, որոնց սեփականատերերը չեն ցանկանում էկոլոգիական խնդիրները լուծել, քանի որ պետք է հսկայական գումարներ ներդնեն. «Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ նոր գործարկողը գործարանի համար մեկ միլիարդ դոլար ներդնելուց, հումք գնելուց հետո մեկ միլիարդ դոլար էլ հումք կդնի էկոլոգիական հարցերը լուծելու համար»:

Գագիկ Ներսիսյանի խոսքերով. «Եթե ես լինեի՝ կասեի, որ այդ գործարանից ձեռ քաշեն: Առավել եւս, որ հիմնական մասնագիտական անձնակազմը հեռացվել է աշխատանքից, գործարանի կոլեկտիվն, ըստ էության, լուծարվել է, իսկ «Նաիրիտում» շատ լուրջ մասնագիտությամբ մարդիկ են աշխատել, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք այլեւս ոչ մի տեղ չեն կարող վերապատրաստվել: «Նաիրիտի» հիմնական ինժեներական կազմը երկար ամիսներ Սումգայիթի գործարանում աշխատանքային վերապատրաստում է անցել»:

Մեր այն հարցին, թե գուցե Համաշխարհային բանկն ավելի շատ քաղաքական նպատակներով է փորձում Հայաստանին լավություն անել՝ ցույց տալու համար, որ ԵՏՄ-ն միակ միությունը չէ, որի վրա Հայաստանը հույս է դնում, Գագիկ Ներսիսյանն ասաց. «Ես ավելի քան համոզված եմ, որ դա ոչ մի ենթատեքստ չունի: Համաշխարհային բանկը ժամանակ առ ժամանակ մեզ ինչ-որ փողեր է տալիս եւ ուզում է իր տված փողերը արդարացնել»:
Այն առնչությամբ էլ, թե Հայաստանին գիտելիքահեն տնտեսություն է պետք, գործարանի նախկին տնօրենը կարծում է, որ դրանք «հերթապահ խոսքեր են»:
Ըստ նրա. «Բոլորը գիտեն, որ Հայաստանում կրթական ցենզը բարձր է, մարդիկ բնականից խելոք են, բայց որեւէ մեկը ջանք չի թափում: Գիտելիքահեն են ուզում՝ թող բերեն՝ դնեն, ենթադրենք, լավ էլեկտրոնային արտադրություններ, ասենք՝ «չիպերի» կամ տեղեկատվական տեխնոլոգիաների: Հայաստանում բացառիկ լավ երեխաներ կան, որոնք կարող են այդ արտադրությունները առաջ տանել, ի՞նչ են կպել «Նաիրիտից»: «Նաիրիտը» ոնց որ վատ նյութերով լցված տակառ լինի, եւ ուզում են՝ այդ տակառը վառեն եւ այդ հոտը գցեն Հայաստանում»:

Պարոն Ներսիսյանի խոսքերով՝ մեր երկրում քիմիկոսներ էլ չեն մնացել, քանի որ պետությունը քիմիական ուղղվածությամբ գիտական հիմնարկները փակել եւ օպտիմալացրել է. «Հիմա պոմիդորի քոլերի տակից երեխա են ման գալիս, որ համոզեն, տանեն՝ քիմիական ֆակուլտետներում սովորեն»:
Բացի այդ, Գագիկ Ներսիսյանը գտնում է, որ աշխարհում այլեւս չկա «Նաիրիտի» արտադրած կաուչուկի պահանջարկը, քանի որ ավելի էժան, կայուն եւ նորագույն տեխնոլոգիաներով կաուչուկ է արտադրվում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728