Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարության համատեքստը

Փետրվար 21,2015 14:30

Ինչու է արդիական «Ես Ծառուկյան եմ» կարգախոսը

«Երբ նրանք եկան կոմունիստների ետեւից, ես լռեցի, որովհետեւ կոմունիստ չէի: Երբ նրանք եկան սոցիալ-դեմոկրատների ետեւից, ես լռեցի, որովհետեւ սոցիալ-դեմոկրատ չէի: Երբ նրանք եկան արհմիությունների ակտիվիստների ետեւից, ես լռեցի, որովհետեւ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան հրեաների ետեւից, ես լռեցի, որովհետեւ հրեա չէի: Երբ նրանք եկան իմ ետեւից, այլեւս ոչ ոք չկար, որ պաշտպաներ ինձ»:

Գերմանացի հոգեւորական Մարտին Նիմյոլլերն այս տողերը գրել է նացիստական Գերմանիայում զանգվածային հետապնդումների ժամանակ` ի պատասխան գերմանական մտավորականության հանցավոր անտարբերության, որը բերեց անդառնալի կորուստների:
Սերժ Սարգսյանի վերջին հակածառուկյանական ելույթից հետո համացանցում մի այսպիսի ձեւակերպան հանդիպեցի՝ «մենք բոլորս Ծառուկյան ենք» (իրականում կիրառվում է մականունը, որը, հասկանալի պատճառնելով, չեմ ուզում կրկնեմ): Այս ձեւակերպումը ծաղրական զուգահեռ է անցկացնում «ես Չառլի Հեբդո եմ» ֆրանսիացի ծաղրանկարիչների դաժան սպանությանը վերաբերող հայտնի արտահայտության հետ` ցույց տալով Գագիկ Ծառուկյանի` զոհ լինելու փաստի անհեթեթությունն ու նրան պաշտպանելու երեսպաշտությունը:

Իրոք, արժանի՞ է, արդյոք, Գագիկ Ծառուկյանը որեւէ համակրանքի եւ պաշտպանության: Սերժ Սարգսյանի հնչեցրած բոլոր գնահատականները, իրականում, անհերքելի ճշմարտություն են: Ո՞վ չգիտի, որ Ծառուկյանը, մեղմ ասած, Արիստոտել չէ: Ո՞վ չգիտի, որ նա իր հարստությունը դիզել է ոչ այնքան մրցակցային եւ արդար պայմաններում: Ո՞վ չգիտի, որ նա ձգտում է իշխանության` սեփական ամբիցիաները բավարարելու` «ձեռագիր թողնելու» եւ կապիտալը պաշտպանելու համար:

Կարծես, ամեն ինչ պարզ է: Վերջապես արդարությունը կհաղթանակի եւ Ծառուկյանը կստանա իրեն արժանին: Թե՞ ոչ:

Կարծես, պիտի գոհ լինեմ այս ամենից: Ի սկզբանե խորը հակակրանք եմ ապրել Ծառուկյանի եւ նրա կուսակցության նկատմամբ: Անգամ ամենավատ երազում չեմ ուզեցել պատկերացնել նրան երկրի ղեկին` մեր երկիրը արտերկրում ներկայացնելիս: Նրա գաղափարներն ինձ խորթ են, գործունեությունը` չափազանց կասկածելի:
Ահա այստեղ է այն կետը, որում մենք բախվում ենք արդարության կոնտեքստին: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը, ով տարիներ շարունակ համագործակցել եւ հովանավորել է Ծառուկյանին, ամենեւին Հայաստանի քաղաքական դաշտի մաքրման եւ առողջացման մասին չի մտածում (հուշում` Սամվել Ալեքսանյան): Մի կողմ դնենք այն փաստը, որ Սարգսյանը, փաստորեն, խոստովանում է, որ տարիներ շարունակ իմացել է Ծառուկյանի` հարկերից խուսափելու մասին եւ ոչինչ չի ձեռնարկել:

Խնդիրն այստեղ ավելի խորքային է: Փաստացի, մենք գործ ունենք մի իրողության հետ, երբ երկրի իշխող ուժը արդարություն է իրականացնում եւ մարդուն իրավացի մեղադրանքներ է ներկայացնում միայն այն ժամանակ, երբ վերջինս անհնազանդ է դառնում: Իսկ երբ արդարությունն իրականացվում է ընտրողաբար` այն վերածվում է հաշվեհարդարի եւ դադարում է արդարություն լինելուց:

Այս վարքագիծը, ցավոք, բնորոշ է մեր ժողովրդի մեծամասնությանը: Մենք պայքարում ենք հայատյացության դեմ, բայց վերջին խոսքերով վիրավորում ամբողջ թուրք ազգին, կամ պարսիկ զբոսաշրջիկների: Խոսում ենք մարդու իրավունքներից, բայց արդարացնում մեր կողմից չընդունվող սոցիալական խմբերի իրավունքների ոտնահարումը: Պաշտում ենք մեր ազատամարտիկներին, բայց մեկ-մեկ էլ ծեծում ենք նրանց, երբ նրանք այլ քաղաքական ճամբարից են:

Արդարությունը, սակայն, ճկուն չէ: Այն չի ճանաչում բացառություններ: Արդարության իրականացման ետեւում կարող է միայն արդարության ձգտումը լինել, ոչ այլ ինչ:
Ես երբեք չեմ միանա Ծառուկյանին, չեմ ընտրի նրան եւ օրենքի սահմաններում կանեմ այն ամենը, որպեսզի նա չհասնի իշխանության: Սակայն արդարությունը, իսկական, անպիղծ արդարության հրամայականը ուղղակի ստիպում է արտաբերել այն բառերը, որ երբեք չէի մտածի, որ երբեւէ կարտաբերեմ՝ «Ես Ծառուկյան եմ»:

Պարադոքսալ է, բայց սա է միակ ճանապարհը դեպի արդարություն, դեպի հատուցում, երբ բոլորը կստանան իրենց արժանին, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը:

ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է ԲՀԿ առաջնորդի եւ ՀՀ նախագահի հաշտեցման հանդիպումից առաջ:

«Առավոտ» օրաթերթ
20.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Մենակ դոդը կասի “ես “Ծառուկյան եմ”, կամ հերթական շուստրին, որ ուրիշներին է դոդի տեղ դրել:
    Իսկ հոլոկոստի անմեղ զոհերին, ռասիզմից ու ֆաշիզմից տուժածներին քրեա-արևտրականի հետ համեմատելը անբարոյականություն է:

    չհասկացաք, մարդիկ հիմար չեն, նման բաները չեն անցնում: ռուսերեն գրեմ, որ հասկանաք No Pasaran

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728