Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի սպանության գործով երրորդ դատաբժշկական փորձաքննությունը երկարաձգվում է

Փետրվար 21,2015 14:00

2013 թվականի սեպտեմբերից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ ըստ մեղադրանքի Սամվել Դիլոյանի, Արեն եւ Արտակ Վերանյանների՝ խմբակային սպանության եւ խմբակային խուլիգանության հոդվածներով քրեական գործի դատաքննությամբ ապացուցվեց, որ հանգուցյալ փաստաբան Սամվել Շարբաթյանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին քաշքշուկի ընթացքում՝ այն էլ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ: Այդ հանգամանքը հաստատվել է նաեւ գործում առկա երկու դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից առաջինով, ըստ որի՝ տուժողի մահը վրա է հասել մեկ հարվածի հետեւանքով: Իսկ դատաբժշկական հանձնաժողովը երկրորդ եզրակացությամբ բացառել է մահվան առաջացումը մեկ հարվածից կամ մեկ ներգործությունից՝ նշելով, որ տուժողի մարմնի վրա հարվածները բազմակի են եղել՝ նման հետեւության հանգելով բացառապես անորակ, ոչ մասնագետի կողմից արված եւ անհայտ ծագման լուսանկարներով, որոնք, անհասկանալի է ընդհանրապես, ինչպես են հայտնվել փորձագետների մոտ:

Դատաքննության ավարտին՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ին, դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով առողջապահության նախարարությանը: Նույն օրը դատարանն իր որոշումը ուղեկցական գրությամբ գործի նյութերի հետ ուղարկեց նախարարությանը՝ խնդրելով փորձաքննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում: Նախարարն էլ 2014 թվականի նոյեմբերի 20-ի՝ հանձնաժողովային փորձաքննության կազմը հաստատելու իր որոշման մեջ էր առանձին կետով հանձնաժողովի նախագահին հանձնարարական տվել փորձաքննության սեղմ ժամկետների վերաբերյալ:

Փորձաքննության գործընթացի սկիզբը նախարարի հիշյալ հրամանի օրվանից հաշվարկելու դեպքում ստացվում է՝ արդեն երկուսուկես ամիս է՝ պաշտպանական կողմը ծանուցված չէ փորձաքննության կատարման օրվա, տեղի եւ ժամի մասին: Այս երկարաձգումն անհանգստացնում է մեղադրյալներ Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանին, քանի որ նրա պաշտպանյալները կալանքի տակ են արդեն 2 տարի 12 օր: Պաշտպանական կողմը թեեւ ամբողջությամբ համամիտ չէր առաջին փորձաքննության եզրակացության դրույթներին, բայց չէր էլ վիճարկում այն: Իսկ երկրորդ դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ դեռեւս մինչդատական վարույթում էր դիրոքորշում հայտնում, որ այն ուղղակի փաստաթուղթ է կամ թուղթ, որը չի կարող որպես եզրակացություն գնահատվել: «Երկրորդն ակնհայտ սխալ, ակնհայտ անհիմն եզրակացություն է, կարելի է ասել նոնսենս, որովհետեւ փորձագետների հանձնաժողովը եզրակացություն է տվել՝ հիմնվելով անհայտ ծագման, անհայտ անձի, անորակ լուսանկարների վրա, նույնիսկ դրանց մի մասի պատկանելությունն է անհայտ կամ թե ինչպես են հայտնվել փորձագետների մոտ:

Եթե հարցնեք ցանկացած իրավաբանական բուհի առաջին կուրսի ուսանողի՝ արդյոք հնարավո՞ր է լուսանկարով որոշել մարմնական վնասվածքի բնույթ, տեղակայում, առաջացման մեխանիզմ, վաղեմություն, ծանրության աստիճան, բնականաբար, նույնիսկ ծույլիկ ուսանողը կասի, որ այդպիսի բան չի կարող լինել: Ես չեմ ուզում հավատալ, որ երկրորդ հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետներն այդ ծույլիկ ուսանողի կրթական մակարդակը անգամ չունեն, որովհետեւ ակնհայտ է, որ ունեն, ու հենց դա է հիմք տալիս պաշտպանական կողմին համոզմունք հայտնելու, որ այստեղ ոչ թե դատավարական գործընթացներ են կատարվել, այլ ակնհայտ ապօրինի գործողություններ, ինչից ելնելով՝ պաշտպանական կողմը դատարանում բանավոր կարգով բազմիցս հնչեցրել է նույնիսկ այդ եզրակացությունը կազմողների կողմից հանցագործության կատարման մասին հաղորդումներ»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:

Պաշտպանական կողմն առարկում էր նաեւ լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննության նշանակմանը, բայց քանի որ, դատարանի կարծիքով, այն կարեւոր նշանակություն ունի գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության համար, այլ բան չէր մնում, քան ընդունել այդ որոշումն ու սպասել արդյունքներին: Այժմ գործի ելքն ամբողջությամբ այս երրորդ եզրակացությունից է կախված, քանի որ գործով բոլոր ապացույցներն արդեն հետազոտված են: Պաշտպանը հույս է հայտնում, որ արդեն շուտով իրենց մասնակցությամբ կկատարվի լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը, եւ եզրակացությունն ստանալով՝ մեղադրանքի կողմը վերջնական դիրքորոշում կարտահայտի՝ կհրաժարվի մեղադրանքից, այն փոփոխելու միջնորդություն կանի կամ էլ ժամանակ կխնդրի ճառերի համար, ինչին էլ կհաջորդի դատարանի որոշումը: Պաշտպանը չի ուզում կանխատեսել սպասվելիք եզրակացության բովանդակությունը, բայց շարունակում է մնալ իր համոզմունքին: «Հիմա մենք ուզում ենք որոշել՝ այդ փորձագետները ճիշտ են արել, թե ոչ, այսինքն, ստացվում է, փորձում ենք ապացուցել, որ մածունը սպիտակ է, մինչդեռ դա ապացուցման կարիք չունի: Մի՞թե որեւէ մեկը կարող է ապացուցել, որ մածունը սեւ է, նույն կերպ էլ այս փորձագետները պետք է փորձեն ապացուցել, որ մածունը սեւ է: Չե՛ն կարող, որովհետեւ լուսանկարով փորձաքննություն չի կատարվում»,- համոզված վստահեցնում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Սեփ. լր. 

«Առավոտ» օրաթերթ
20.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728