Դերասանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը
հանրության սեփականությունը կդարձնի բազմաթիվ «փակ» էջեր
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը 17 տարի ԱՄՆ-ում բնակվելուց եւ ստեղծագործելուց հետո՝ 2013թ. ընդմիշտ վերադարձավ հայրենիք: Նա հայտարարեց, թե հայ հանդիսատեսին առաջին անգամ կներկայանա իր սցենարով ու ռեժիսուրայով բեմադրված «Վերջին կանգառը» պիեսով եւ առաջին անգամ գիրք-ալբոմի տեսքով անձնական արխիվից կներկայացնի ամուսնու՝ Մհեր Մկրտչյանի բեմական գործունեությանն առնչվող շուրջ 260 լուսանկար՝ ճշգրիտ ու անկեղծ մեկնաբանություններով:
Առաջին խոստումը դերասանուհին իրականացրեց 2014թ.՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ երկրորդը՝ «Չտեսնված Մհերը» գիրք-ալբոմը ընդամենը մեկ շաբաթից կներկայացվի հանրությանը:
«Առավոտի» հետ զրույցում Թամար Հովհաննիսյանը հայտնեց, որ գիրք-ալբոմը հրատարակել է «Անտարես» մեդիա հոլդինգը՝ Զավեն Բոյաջյանի խմբագրմամբ:
Կարդացեք նաև
«Գիրք-ալբոմում լուսանկարները՝ իրենց մեկնաբանություններով, հրատարակվում են առաջին անգամ: Շուրջ 30 տարի ինձ հետ են եղել միայն: Դրանք ներառում են Մհեր Մկրտչյանի կյանքի վերջին 12 տարին՝ 1980թ. սկզբից մինչեւ 1993-ի վերջին օրը, մի աստեղային շրջան, որ ապրեցինք, ստեղծագործեցինք ու շրջագայեցինք միասին: Այդ տարիներին Մհերն ինձ համար եւ բեմում, եւ կյանքում իմ Գիրքն էր, որ մինչ օրս էլ կարդում եմ: Չուզեցի եսասեր լինել այնքան, որ միակ ընթերցողը մնամ: Լուսանկարները ներկայացված են ժամանակագրական հաջորդականությամբ, որպեսզի ընթերցողին կարողանամ ինչ-որ չափով շարունակական պատկերացում տալ մեր համատեղ կյանքի ու բեմական ուղու մասին: Սա Մհերի կյանքն է, ու նաեւ իմը: Նաեւ իմ կյանքի աստեղային շրջանը, որ տարածվեց նախորդ եւ հաջորդ տարիներիս վրա: Եթե կլինեն մարդիկ, որ կնայեն ու չեն հավատա կամ չեն հավանի, իրենց գործն է: Եվ եթե կուզեն ինձ հանել նրա կենսագրությունից, իրեն իմ կենսագրությունից հանել չեն կարող…»,- հայտնեց տիկին Հովհաննիսյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Մհեր Մկրտչյանը Թամար Հովհաննիսյանի հետ:
«Առավոտ» օրաթերթ
20.02.2015