Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք նվիրելու արշավ՝ ավանդո՞ւյթ, հաճո՞ւյք, թե՞ կենսակերպ

Փետրվար 21,2015 12:30

Արդեն մի քանի տարի է, ինչ փետրվարի 19-ը նշվում է իբրեւ գիրք նվիրելու օր: Եվ չնայած որքան էլ շատ են այն պնդումները, թե գիրք կարդալը, գնելն ու նվիրելը էլ մոդայիկ չէ, սակայն օրվա խորհուրդը ցույց է տալիս, որ դեռ պահպանվել են նախկին՝ գիրք կարդալու ավանդույթները: Փետրվարի 19-ին մեծ աշխուժություն կար հանրապետության գրախանութներում ու անհատ գրավաճառների մոտ:

Օրինակ՝ «Բուկինիստից» հայտնեցին, որ անհամեմատ ավելացել է գրախանութ այցելողների թիվը, բայց դժվարացան ասել, թե հատկապես ինչ տեսակ գրականություն է սպառվել փետրվարի 19-ին: «Նոյյան տապան» գրատնից էլ հաստատեցին, որ նախորդ օրերի համեմատ՝ ավելի շատ այցելուներ ունեն, գնել են ամեն ինչ՝ սկսած մանկական գրականությունից, ավարտած մասնագիտականով: «Նայած, թե ում է նվիրում եւ ինչ է ուզում նվիրել»,- ասաց աշխատակցուհին:

«Առավոտը» տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանից հետաքրքրվեց՝ ինքը գիրք նվեր ստացե՞լ է արդեն, եթե այո, ապա ինչ գիրք, եւ ում է պատրաստվում անձամբ նվիրել: «Այսօր գիրք նվեր չեմ ստացել, ընդհանրապես ինքս եմ գրքեր գնում, իմ ուզածը: Բայց նվիրելու եմ անպայման: Սովորաբար շատ եմ գրքեր նվիրում, իսկ այսօր դեռ չգիտեմ, որը կնվիրեմ: Այսօր կնվիրեմ, եթե գիրք կարդացող տեսնեմ, չնայած արդեն մեկ հոգու տեսել եմ, մի երիտասարդ, անվտանգության աշխատող էր, նստած գիրք էր կարդում…»,- ասաց պարոն Քոչարյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ, որից եւս հետաքրքրվեցինք ստացած նվերի եւ այն գրքերի մասին, որը պատրաստվում է նվիրել, ասաց, որ տեղյակ չէր օրվա խորհրդի մասին, շնորհակալություն հայտնեց հիշեցնելու համար ու նշեց. «Ես մշտապես գիրք գնում եմ երեխաներիս համար, եւ լավ գրադարան էլ ունեմ: Իսկ նվեր ստանալու առումով չեմ էլ սպասում»: Դիտարկմանը՝ ի՞նչ գիրք կնվիրի այսօր իր երեխաներին՝ Արթուր Սաքունցն ասաց. «Կմտնեմ գրախանութ, կնայեմ, բայց անպայման կընտրեմ դասական գրողներից»:

Գիրք նվիրելու օրվան ու ավանդույթին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որը հիշել էր խորհրդային տարիները. «Այն ժամանակվա գիրք կարդալու քարոզչությունը հանճարեղ լուծում էր գտել՝ ստեղծելով «ստենկա» կահույքը, որի ճակատային հատվածում մի քանի դարականի գրապահարանն էր: Կահույքի տերերը, ուզած-չուզած, գրապահարանը լցնում էին գրքերով»: Հովհաննես Մանուկյանը նաեւ հավելել է, որ պատրաստվում է մասնակից լինել գիրք նվիրելու արշավին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր գիրք նվիրելու օրվան՝ նշելով, որ առավոտյան ստացել է բազմաթիվ գրքեր, ժամը 18.00-ից մինչեւ 18.45-ը իր մոտ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն սուրճի է հրավիրում բոլոր այն ընկերներին, որոնք ուզում են փոխանցել իրենց նվերը: Նախարարն առաջարկել էր գրանցվել իր կատարած գրառման տակ, որպեսզի կարողանա անցագրեր ապահովել:
Իր գրքերը նվիրելու ցանկություն էր հայտնել արձակագիր Դիանա Համբարձումյանը, որն ամենաթարգմանված հեղինակներից է ու այն գրողներից, որոնց համար ոչ միայն գրելը, այլեւ ընթերցելն է սիրելի զբաղմունք:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728