Համեմի համ ու հոտ սիրողներն այն օգտագործում են աղցանների եւ ճաշատեսակների մեջ՝ չիմանալով, որ այդ խոտաբույսը ունի նաեւ բուժական հատկություն՝ իր մեջ պարունակող եթերայուղի եւ ճարպայուղերի շնորհիվ: Առավել օգտակար է խոտաբույսի սերմը, որն ունի լեղամուղ, հակաթութքային, ցավազրկող, վերքերն ամոքող, մարսողական գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն: Օգտագործվում է լյարդի, լեղապարկի, լեղածորանի հիվանդությունների, թութքի, վերքերի, նյարդային գրգռվածության եւ հիստերիայի բուժման ժամանակ:
Ժողովրդական բժշկության մասնագետները խորհուրդ են տալիս ջրաթուրմ կամ եփուկ պատրաստել հետեւյալ տարբերակով՝ 1 թեյի գդալ սերմերը 1 բաժակ ջրում թրմելով եւ եփելով: Խմել օրական 3 անգամ, 1/3 բաժակ: Կարելի է ուտել նաեւ սերմերը, որպես գազահան, 8-10 հատ, օրական 2 անգամ:
Սամիթը եւս օգտակար է իր եւ տերեւային, եւ սերմային հատկություններով: Սամիթի սերմերը պարունակում են ճարպայուղ, եթերայուղ, շաքար, կարոտին: Տերեւները պարունակում են վիտամին C, B1, B2, PP, պրովիտամին A եւ ֆլավոնոիդներ: Ունի արյան ճնշումն իջեցնող, ախորժաբեր, ընդհանուր հանգստացուցիչ, հակացնցումային, կերակրող մայրերի կաթն ավելացնող, խորխաբեր, գազահան ազդեցություն: Մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել հիպերտոնիկ հիվանդության ժամանակ՝ վաղ շրջանում, շնչուղիների հիվանդությունների, որովայնի խոռոչի օրգանների կծկանքի, անքնության, աղեթափության, կրծքային հեղուկի դեպքում:
Մեկ ճաշի գդալ հումքը մեկ բաժակ եռման ջրում թրմել: Խմել սառը վիճակում, 1-2 ական ճաշի գդալ՝ օրական 4-5 անգամ: Աղեթափության ժամանակ օգտագործել 1/2 բաժակ, օրական 2 անգամ՝ ուտելուց առաջ, իսկ անքնության դեպքում քնելուց առաջ խմել մեկական բաժակ:
Պատրաստեց Ա. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.02.2015