«Կլինի եռյակը, թե չի լինի, միեւնույնն է ՀԱԿ-ը պայքարելու է ռեժիմի դեմ».-Aravot.am-ին ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը: Մեր հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի փոխհամաձայնությունը չհանգեցրե՞ց եռյակի քանդմանը, ասաց՝ քաղաքական ուժերը թող հայտարարություն անեն՝ կա՞ եռյակ, թե՞՝ ոչ: Նա չմեկնաբանեց նաեւ այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե քաղաքական դաշտում եռյակ գոյություն չունի:
Մեր hարցին, հիասթափվա՞ծ չէ ԲՀԿ-ի դիրքորոշման կտրուկ փոփոխությունից, ՀԱԿ անդամն ասաց՝ որոշել է այլեւս չհիասթափվել. «Այս տարիների ընթացքում այնքան եմ հիասթափվել, որ արդեն որոշել եմ այլեւս չհիասթափվել ու ոչ ոքի հետ հույս չկապել: Հույսս կապում եմ մենակ ՀԱԿ-ի հետ»:
Մեր հարցին՝ ԲՀԿ-ՀՀԿ համաձայնությունների արդյունքում ՀԱԿ-ը խաղից դուրս վիճակում չհայտնվե՞ց, տիկին Թադեւոսյանը շարունակեց. «ՀԱԿ-ի համար պայքարը շարունակվում է, ու ռեժիմի դեմ պայքարն ավարտված չէ, պայքարելու ենք մինչեւ վերջ: Ինչ որ կատարվեց, շատ նորմալ գործընթաց էր, ու ես տարօրինակ զգացողություններ չունեմ»:
Մեր հարցին, տարօրինակ զգացողություններ չունեք, որովհետեւ քաղաքական ուժերի համախմբումից սպասելիքներ չունեի՞ք, ասաց. «Սպասում էի, որ կլինեն նաեւ այնպիսի իրադարձություններ, որ շարժումը կձախողի: Ո՞վ ասաց, որ ռեժիմը պատրաստվում էր իշխանությունը շատ հանգիստ տալ, պարզ չէ՞, որ կլինեին նման իրավիճակներ, բոլորս էլ պատրաստ էինք դրան»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե «չարիք դարձած Սերժ Սարգսյանի իշխանությունից Հայաստանը ազատագրելու» Գագիկ Ծառուկյանի խոսքն ինչո՞ւ գործ չդարձավ, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Դե գիտեք նման հարցերը տվեք ԲՀԿ-ին, իրենք թող պատասխանեն: Նման հարցերին ըմբռնումով եմ մոտենում ու անցնում առաջ: Դժվար պատասխանատվություն է, ամեն մեկը չի վերցնի նման պատասխանատվություն: Չուզեց, չկարողացավ, դրա համար էլ դուրս եկավ այդ խաղից, պայքարից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
խաղը շատ լաւ ել խաղցաւ, որպես ձեւական, կեղծ խաղցող
մինչեւ այն պահը երբ յանկարծ սկսեց երազել թէ կարող է իսկական խաղցող դառնալ
եւ հենց այդ պահին՝ ծոծրակից հարվածը ստացաւ,
եւ իր անկիւնը գնաց, կծկվեց հեծկլտագին
դասից թող սովորեն ուրիշները եւս…