«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հայ ժողովրդի մոտեցումներն ամրագրող փաստաթուղթ է և, որպես այդպիսին, խնդիր չունի համապատասխանելու միջազգային իրավունքի տառին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հիշյալ հռչակագրի դրույթները համապատասխանո՞ւմ են արդյոք միջազգային հռչակագրերին:
Պարոն Քոչարյանի դիտարկմամբ՝ եթե խոսքը պետության պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթղթի մասին լիներ, հարցն այլ կլիներ. «Բնականաբար, տարբերություններ կլինեն Հայաստանի Հանրապետության և հայաստանյան հասարակության արտահայտած տեսակետների միջև,- ասաց նա,- այս պարագայում խնդիրն այլ ենթատեքստում պետք է ուսումնասիրել, բայց եթե անգամ ընդունենք, որ այդ հռչակագիրը ՀՀ տեսակետն արտահայտող փաստաթուղթ է, ապա ես առանձնապես մտահոգիչ բան դրանում չեմ տեսնում, որովհետև այնտեղ չկան ծայրահեղական, ժամանակակից միջազգային իրավունքին հակասող դրույթներ: Ի վերջո, կարևորն այն է, որ այդ փաստաթուղթն արձանագրում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու մեր վճռականությունը»,- ասաց Վ. Քոչարյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 100-ամյա տարելիցի առթիվ «Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդրին» ու առաջարկություններին՝ Վ. Քոչարյանն ասաց. «Առաջին նախագահի առաջարկությունը, ըստ երևույթին, մի նոր՝ արդեն ՀՀ պաշտոնական մոտեցումներն արտացոլող փաստաթղթի մշակումն է, որը, ըստ իս, հետաքրքիր գաղափար է և կարելի է քննարկել: Այդ դեպքում, իհարկե, պետք է փաստաթուղթն ամբողջությամբ համապատասխանի ժամանակակից միջազգային իրավունքի տառին ու ոգուն»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ