Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր:
Վարչապետը ողջունել է համալսարանի ղեկավարության պատրաստակամությունն Արցախի կրթական և գիտական ոլորտների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու հարցում՝ կարևորելով այդ հաստատության ներուժի առավելագույնս օգտագործումը: Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել Հ. Թոքմաջյանին Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:
Ռեկտորի պաշտոնակատար Թոքմաջյանը ներկայացրել է պոլիտեխնիկական համալսարանի և ԼՂՀ պետական մարմինների միջև առկա համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ արդեն մեկնարկել է Արցախի գյուղական դպրոցների համակարգչայնացման ծրագիրը, որի շրջանակներում տարեկան մի քանի դպրոցներ համալսարանի կողմից վերազինվելու են համակարգչային նորագույն սարքավորումներով: Քննարկվել են նաև տեխնիկական գիտությունների և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության հնարավորությունները՝ նախանշելով հետագա քայլերը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև արտադրական ենթակառուցվածքների և կրթության ու գիտության նախարարներ Հակոբ Ղահրամանյանը և Սլավա Ասրյանը:
Կարդացեք նաև
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին