Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության մշտական հանձնաժողովների համատեղ քննարկումները

Փետրվար 20,2015 19:28

ԼՂՀ և ՀՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Շուշիում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց  կարգավորման մարտահրավերները» թեմայով: Լսումներին ներկա էին ԼՂՀ և ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների, ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մշտական հանձնաժողովների համատեղ քննարկումների դերն օրենսդրական խնդիրների լուծման գործում: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ազգային մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման, նրան սպառնացող վտանգների կանխարգելման, հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման հարցերի՝ որպես համահայկական նշանակության հիմնախնդիրների, գիտակցումը և հավաքական ջանքերի միջոցով այդ մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը:

Պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրների և կարգավորման ուղղությունների շուրջ ծավալուն զեկույցներ են ներկայացրել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարներն անդրադարձել են բնագավառի կառավարմանը, պետության և ստեղծագործական միությունների համագործակցությանն ու առկա մարտահրավերներին, մշակութային դիվանագիտությանը և մշակույթի գործիչների սոցիալական երաշխիքներին առնչվող հարցերին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ԼՂՀ ԱԺ նույնանուն հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել են մշակութային ոլորտի օրենսդրական հիմնախնդիրների և ժամանակի մարտահրավերների՝ համապատասխանաբար ՀՀ և ԼՂՀ օրինակները:

Ծավալված հարցուպատասխանի ընթացքում զեկուցողները պատասխանել են ներկաների հարցերին:

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728