«Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը փետրվարի 20-ին նույնպես ներկա էր Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին: Նա իր ելույթում անդրադարձավ Ծառուկյան-Սարգսյան հանդիպմանը.
«Այդ հաշտեցման փուլը, որ դժվար է այդպես կոչել. ժողովրդի 100 տոկոսը սպասում էր, թե ինչ պետք է լինի, ժողովրդի թիկունքում՝ փակ սենյակներում, նստեցին որոշեցին, ժողովրդին տեղյակ չպահեցին: Ձեր կարծիքով ի՞նչ պետք է խոսեին, ես չեմ կարծում, որ մտածել են, թե իսկապես պետք է քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական գործիչները, կամ նրանք, ովքեր հանցագործներ են, ովքեր ստվերում են գործում, ովքեր չեն մուծում հարկերը եկե՛ք մեխանիզմ մշակենք նրանց բերենք դաշտ: Ո՛չ, գողական հարթության վրա որոշել են, որ իրար չպետք է վիրավորել, որ ընկերներ են՝ պետք չէ ասել, որ ժամանակին մեկը մականուն է ունեցել, մյուսն էլ կասի՝ դուք ինձ չպետք է ասեք, որ չարիք եմ: Եվ այսպես գողական «սխոդկայի» շրջանակում պետության հարց են լուծել, եւ ոչ ոք տեղյակ չեղավ, թե ինչ կատարվեց»:
Պարոն Հակոբյանը նշեց, որ պարզ է՝ խոսքը չի եղել ժողովրդի խնդիրները լուծելու մասին. Այն եղել է ժողովրդի թիկունքում. «Իրենց հաշտությունը քաղաքական լեգիտիմությունից զուրկ է, կապ չունի մեզ հետ, ձեզ հետ, եւ ժողովուրդը դա լավ գիտակցում է: Նրանք, ովքեր պատկերացնում են, որ այս համաժողովրդական պայքարը կարող են դիտել որպես 2 անձի կռիվ, նրանք իսկապես ո՛չ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ են, ո՛չ պետական գործիչներ են եւ ո՛չ էլ հասկանում են, թե ինչ է կատարվում պետության եւ ժողովրդի հետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ