Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որևէ պետական պաշտոնյա դեռևս չի տուգանվել Լեզվի մասին օրենքը խախտելու համար». Մարինե Հովյան

Փետրվար 20,2015 18:34

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, որն արդեն տասներորդ տարին է՝ նշվում է նաև Հայաստանում։

ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի խոսքով՝ մայրենիի աղավաղման դեպքերը բազմաթիվ են և առկա են ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների ու պետական պաշտոնյաների խոսքում։

Մ. Հովյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ Տեսչությունն ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում դատարանի միջոցով տուգանք է կիրառում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք խախտում են Լեզվի մասին օրենքը։ Տիկին Հովյանը, սակայն, չհիշեց որևէ պետական պաշտոնյայի, որի հանդեպ մինչև այժմ նման տուգանք է կիրառվել:

Նրա փոխանցմամբ՝ վերջին տարիներին Լեզվի պետական տեսչության գործառույթները նվազեցվել են, և այժմ այն միայն վերահսկողական գործառույթ է իրականացնում. «Ժամանակին Տեսչությունն ստեղծվել է որպես լեզվական միասնական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմին, սակայն այսօր այն զրկվել է լեզվական քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից: Հայտնվելով ԿԳՆ կազմում՝ Տեսչությունը հանդես է գալիս որպես վերահսկողական գործառույթներ կատարող մարմին»,- նշեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալը:

Նրա համոզմամբ՝ Լեզվի մասին օրենքում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն կա։

«Օրենսդրական փոփոխությունների նախագիծը մեկ տարի առաջ ներկայացվել է կառավարություն, սակայն մինչ օրս այն մնում է անտեսված: Լեզվի պետական տեսչության ստուգաթերթերն անգամ կառավարության կողմից մինչև այսօր չեն հաստատվել: Արդյունքում՝ Տեսչությունը կարողանում է միայն վարչական վարույթներ կազմել, իսկ ստուգումներ իրականացնել չի կարող»,- ասաց Մ. Հովյանը:

Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Տեսչությունը դատարան է ուղարկել 42 գործ, որի արդյունքում մոտ 3.5 մլն դրամ է մուտքագրվել բյուջե։ Բանախոսի փոխանցմամբ՝ լեզվական աղավաղումների համար տուգանքի նվազագույն չափը 250 հազար, իսկ առավելագույնը՝ 600 հազար դրամն է։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե (ԵՊՀ) says:

    Առաջին տուգանվողը պետք է լինի Գալուստ Ստահակյանը, ով ամեն օր, ամեն ժամ վարկաբեկում է մայրենին և նույնիսկ ծաղրուծանակի ենթարկում սրբություն սրբոցը, և այդ ամենի համար պետականորեն խրախուսվում բարձր պաշտոնով և աշխատավարձով…
    Այսինքն մայրենիի գլխավոր աղավաղողը պետությունն է, որը պաշտոններ շնորհելուց և վաճառելուց առաջ գոնե պիտի ստուգի մայրենիի իմացության աստիճաը`մրցութային եղանակով (գրավոր և բանավոր)…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728