Թուրքիայի խորհրդարանում երեկ օրենսդիրները կրկին վեճի են բռնվել իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից առաջարկված՝ երկրի անվտանգությանը վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ: Օրինագծի համաձայն՝ մեծապես սահմանափակվում է ցույցերի ու հավաքների իրավունքը:
Հիշեցնենք, որ նույն օրինագծի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել նաեւ փետրվարի 17-ին:
Ընդդիմադիր կուսակցություններն իրենց առարկություններն են հայտնել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացրած օրինագծի առնչությամբ: Նրանք ավելի քան երեք ժամ վիճել են, որ օրինագիծը հակասում է խորհրդարանի ներքին կանոնակարգերին եւ երկրի սահմանադրությանը: Ի վերջո` հակառակ կողմերի միջեւ թեժացող բանավոր խոսակցությունները վերածվել են ձեռքով եւ ոտքերով հարվածների: Պատգամավորներից մեկը նույնիսկ ընկել է աստիճաններից:
Կարդացեք նաև
Գլխավոր ասամբլեայի դահլիճում սկսված կռվի ընթացքում իշխող կուսակցության պատգամավոր Սուաթ Օնալի հրելու արդյունքում ընդդիմադիր պատգամավոր Օրհան Դուզգունը ընկել է աստիճաններից, որոնք սղագրողները օգտագործում են ստորին հարկ իջնելու համար: Ընդհանուր առմամբ՝ կռիվը տեւել է 10 րոպե: Արդյունքում պատգամավորները փոքր վնասվածքներ են ստացել:
Նշենք, որ փետրվարի 17-ի բախման արդյունքում 5 պատգմավորներ էին տուժել: Ընդդիմադիր կուսակցությունները կտրականապես դեմ են կառավարության ներկայացրած անվտանգության վերաբերյալ օրինագծին: Նրանք վախենում են, որ օրինագիծը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կտա մեծ իշխանություն ոստիկանության նկատմամբ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ