Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ

Փետրվար 20,2015 16:57

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ:

Աշխատանքային ճաշի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը կարևորել է ավանդական դարձած այսպիսի անմիջական շփումներն ու մտքերի փոխանակումը:

Նախագահն իր ներածական խոսքում բարձր է գնահատել ԵԱՀԿ դերակատարությունը և ներուժը Եվրոպական անվտանգության պահպանման, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, ԵԱՀԿ-ն մնում է որպես համաեվրոպական կարևոր հարթակ մարդու իրավունքների, ռազմաքաղաքական և տնտեսական-բնապահպանական հարթություններում առկա խնդիրների բարձրաձայնման ու քննարկման համար:

Այս համատեքստում Հանրապետության Նախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարևոր է ոչ միայն ԼՂ հակամարտության կողմերի և մեր անմիջական տարածաշրջանի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար: Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է տարբեր առիթներով բազմիցս հրապարակված Հայաստանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ միջազգային իրավունքի և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները չեն կարող կամայականորեն մեկնաբանվել, և դրանցից որևէ մեկը չի կարող գերակայող լինել մյուսի նկատմամբ:

Նախագահը ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ անցյալ տարվա ընթացքում կայացած բանակցային գործընթացը, այս փուլում առկա մտահոգություններն ու խնդիրները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումները ստեղծված իրավիճակում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. անցկացվելիք միջոցառումներին, ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, խաղաղությանն ու կայունությանն սպառնացող համընդհանուր վտանգներին, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության օրակարգային հարցերին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններին, Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության խորացման հեռանկարին, ինչպես նաև Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

Վերոնշյալ թեմաների շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728