Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարը  Կոտայքի մարզում կարևորել է ջերմոցային տնտեսությունների զարգացումը

Փետրվար 20,2015 16:36

Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ:

Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Արամ Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր  և այլ պաշտոնատար անձինք:

Անդրադառնալով  մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակին` նախարարը հատկապես կարևորել է վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման հարցը: 2014 թվականի օպերատիվ տվյալներով` մարզում առկա 37765.8 հեկտար վարելահողերից մշակվել է ընդամենը 17064 հեկտարը (45.2%): Վարելահողերի օգտագործման մակարդակով մարզը hանրապետությունում զբաղեցնում  է նախավերջին  տեղը։

«Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է ակտիվորեն օգտվել պետական աջակցության ծրագրերից, ինչը, համոզված եմ, հնարավորություն կընձեռի մարզում զգալի առաջընթաց ապահովել», – նշել է Սերգո Կարապետյանը:

Իր ելույթում նախարարը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ տարում իրականացվող պետական աջակցության ծրագրերը` ընդգծելով, որ այս տարի ևս գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն մատչելի գներով պարարտանյութեր, դիզելային վառելիք և բարձր վերարտադրության սերմացու, ինչը կնպաստի հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Նախարարը նաև հայտնել է, որ երեկ կառավարությունը որոշում է ընդունել հողօգտագործողներին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը ևս երկու տոկոսային կետով ավելացնելու մասին: Արդյունքում` գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուկայականից անհամեմատ ցածր 8 % տոկոսադրույքով վարկեր:

Նախարարի խոսքով` վերջին տարիներին պետությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչը նույնպես մեծ նշանակություն ունի և դրականորեն է անդրադարձել մարզում գյուղատնտեսության աճի ցուցանիշների վրա: Եթե 2011 թվականի տվյալներով հանրապետության տարածքում շահագործվում էր ընդամենը 145 հեկտար տաքացվող ջերմատուն, որոնցից 1,9 հեկտարը` Կոտայքի մարզում, ապա այժմ ջերմատների ընդհանուր տարածքը 763,62 հեկտարի է հասնում, որից 42,95 հեկտարը գտնվում է Կոտայքի մարզում:

Այս կապակցությամբ նախարարը նաև հայտնեց, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որի համաձայն ջերմոցների կոնստրուկցիաների, ջերմոցային արտադրության մեջ օգտագործվող մի շարք ռեսուրսների ինչպես ներմուծումը, այնպես էլ ներքին շրջանառությունը կազատվեն ավելացված արժեքի հարկի վճարումից:

Խոսելով անասնապահական ոլորտում մարզի վերջին տարիների հաջողությունների մասին` նախարարն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունավետությանը, որի շրջանակում ներկրվում և տարաժամկետ վճարման պայմաններով տնտեսվարող սուբյեկտներին  են տրամադրվում  համաշխարհային ճանաչում ունեցող կաթնատու` հոլշտին և կաթնամսատու` շվից և սիմնեթալ ցեղերի տոհմային երինջներ` դրանցից տոհմային նախիրներ ձևավորելու և տեղում սերունդ ստանալու միջոցով այդ ցեղերի վերարտադրությունը կազմակերպելու միջոցով:

Նախարարը շեշտել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների ընդլայնման կարևորությունը, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այլև բարձրացնել դրանց կաթնատվությունն ու մսատվությունը:

Անդրադառնալով հանրապետությունում իրականացվող «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրին` նախարարը կարևորել է նրա շրջանակներում իրականացվող  անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները` ընդգծելով որ այս տարի նույնպես հանրապետության ողջ տարածքում անասնաբուժական միջոցառումները կիրականացվեն անվճար հիմունքներով:

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Կոտայքի մարզի «Մավաս» Գրուպ ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Արմենակ Մկրտչյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728