Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքաղաքական «ցինիկ» զարգացումների դրական ազդեցությունը

Փետրվար 20,2015 16:26

«Ցանկացած երկիր, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ինչ-ինչ ռեսուրսներ է հանձնում Հայաստանին՝ ինչ-որ բան կորցնելով Թուրքիայի հետ հարաբերություններում»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ըստ նրա` հաջորդ հարցը, որ առաջանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչել ցանկացող երկրի մոտ այն է` ինչպե՞ս է Հայաստանը կարողանալու օգտագործել այդ ռեսուրսը: Այս առիթով Բորիս Նավասարդյանը նկատեց. «Եթե ՀՀ իշխանությունները ցույց են տալիս, որ չգիտեն` ինչ անեն այդ ռեսուրսի հետ, ուրեմն մտահոգություն կարող է առաջանալ, որ այդ ռեսուրսը Հայաստանին իզուր են տալիս. դա ոչ թե կօգտագործվի Հայաստանի, այլ ՀՀ-ի վրա ազդեցություն ունեցող մեկ այլ երկրի կողմից»:

Բորիս Նավասարդյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելը բավականին դժվար դիվանագիտական որոշում է ցանկացած երկրի համար: Սակայն նրա կարծիքով` ՀՀ ներքաղաքական ներկայիս կայունությունը դրականորեն կազդի այդ երկրների որոշման վրա. «Որքան էլ այն ներքաղաքական զարգացումները, որոնց ականատեսը եղանք, ցինիկ տեսք են կրում, սակայն այն, որ գոնե մինչև ապրիլի 24-ը ներքին քաղաքական կայունությունը ապահովված է, դա այն գործոնն է, որը տարբեր երկրների համար կարևոր է»: Իհարկե, արտաքին քաղաքականության առումով պարոն Նավասարդյանը սա դրական է համարում, սակայն քաղաքական բազմազանության ապահովման տեսանկյունից այնքան էլ շահեկան իրավիճակ չէ:

Արտաքին քաղաքական դաշտում շարունակում են մնալ որոշ այլ կնճռոտ հարցեր: Օրինակ` ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը երկու օր առաջ հայտարարեց, թե Հայաստանը պետք է մարդասիրական քայլ կատարի և հանձնի գերիներին (խոսքը ադրբեջանցի դիվերսանտների մասին է): Որոշ փորձագետներ Բերձորում ԼՂՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Նախախորհրդարանի անդամներին ծեծի ենթարկելու փաստի և այս հայտարարության միջև կապ են տեսնում: Բորիս Նավասարդյանի կարծիքով` ԱՄՆ-ն ՀՀ-ի և ընդհանրապես փոքր երկրների նկատմամբ բարդ քաղաքականություն չի վարում. «ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ փորձում է գտնել հեշտ ու արագ լուծումներ: Արագ լուծումը կլիներ այն, որ ՀՀ-ն բարի կամք ցուցաբերեր և վերադարձներ այդ երկու դիվերստանտներին, իսկ դա ԱՄՆ-ին որոշակի փաստարկներ կտրամադրեր Ադրբեջանից ինչ-որ զիջումներ ակնկալելու առումով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728