Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց Լոռու մարզպետի 2014թ. հաշվետվությունը

Փետրվար 20,2015 16:10

Այսօր Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացվեց այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նախարարության մի խումբ աշխատակիցներ:

Նրանց, մարզի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչների, ստեղծագործական միությունների, հանրության ու լրատվամիջոցների առջև տարեկան ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ներկայության համար՝ նա ամփոփ ելույթով անդրադարձավ 2014թ. ընթացքում կատարված աշխատանքներին, նշանակալի իրադարձություններին և խնդիրներին:

-Անցած 2014 թվականը մեր պետության և ժողովրդի համար սոցիալական լուրջ մարտահրավերների հաղթահարման, հիմնախնդիրների լուծման ժամանակաշրջան էր, և, բնականաբար, պետության կողմից ծրագրավորված քայլերն ուղղված էին ծառացած խնդիրների լուծմանը: Միաժամանակ եղան նաև անկանխատեսելի ցնցումներ՝ կապված աշխարհաքաղաքական հայտնի իրադարձությունների հետ: Ռուսաստանի Դաշնության տնտեսության վրա իրականացված ճնշումների անբարենպաստ ալիքն իրեն զգացնել տվեց նաև մեզանում, քանզի բոլորիս էլ հայտնի է, որ Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական կամուրջները կենսական նշանակություն ունեն մեզ համար: Խոստովանենք, որ նոր իրավիճակներից առաջացած խնդիրներն ու ծագած մարտահրավերները շատ ավելի ցավոտ կարող էին լինել, եթե Հանրապետության Նախագահի և կառավարության կողմից ժամանակին ձեռք չառնվեին անհրաժեշտ միջոցներ: Միաժամանակ, զուգահեռաբար շարունակվեցին իրականացվել մեր ծրագրերը,-ասաց նա՝ նշելով, որ այդ հիմնախնդիրների զգալի և կենսականորեն կարևորագույն մասը լուծվել է հաջողությամբ, և Լոռին իր ծանրակշիռ ավանդն է ունեցել այդ մարտահրավերների հաղթահարման գործում և ձեռք բերված հաջողությունների մեջ: Ողջ հանրապետության և հատկապես մեր մարզի համար նշանակալի ձեռքբերում է եղել նոր աշխատատեղերի ստեղծումը Լոռու մարզում:

Ըստ մարզի ղեկավարի, նախորդ տարեվերջին «Թեղուտ» Փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեկնարկը նշանակալի երևույթ էր ոչ միայն մարզի, այլև ողջ հանրապետության համար. աշխատանք ունեցավ ավելի քան 1300 մարդ: Սպիտակի թռչնաֆաբրիկայի գործարկումը աշխատանքով ապահովում է շուրջ 220, իսկ տրիկոտաժի ֆաբրիկայի գործարկումը՝ 100 մարդու: Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ այլ ծրագրեր ու անելիքներ ևս կան ու իրատեսորեն սպասելի է, որ մոտ ապագայում աշխատատեղեր կբացվեն նաև Տաշիրի ենթաշրջանում՝ պանրարտադրության զարգացմամբ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, այլուր: Լուրջ ուշադրություն է դարձնում նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Երիտասարդ սկսնակ գործարարներին աջակցելու նպատակով Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և միջազգային կառույցների հետ համագործակցությամբ ծրագրեր են իրականացվում՝ հնարավորություն տալով երիտասարդ գործարարներին հիմնել սեփական գործը: Այս ծրագիրը ևս շարունակական է: Որպես մարզի տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ՝ կարևորվում է նաև տուրիզմի զարգացումը, որին ուղղված լուրջ ծրագրեր են իրականացնում Ֆրանսիայի ՊԱԿԱ և Ռհոն Ալպ ռեգիոնների հետ համագործակցությամբ:

Դրական ցուցանիշներ են գրանցվել գյուղատնտեսության մեջ: Այս ոլորտում պետական աջակցությամբ ծրագրեր են իրականացվում, ինչի արդյունքում գյուղատնտեսությունը որոշ առումով դարձել է եկամտաբեր բիզնես: 2014 թվականի ընթացքում պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ ավելի քան 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, ավելացել է գրեթե բոլոր մշակաբույսերի բերքատվությունը, ավելացել է անասնագլխաքանակը:

Մարզի համար կարևոր իրադարձություն էր Լոռու մարզի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացումը: Այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերեց այն ժամանակ Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների, այժմ արդեն Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ճգնաժամային կառավարման կենտրոնում այժմ աշխատելու հնարավորություն են ստացել նաև հաշմանդամություն ունեցող անձինք:

Այս տարի առաջին անգամ մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի, լրագրողների, հասարակական և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ տարեկան հաշվետվություններով հանդես եկան մարզպետարանի վարչությունները, բաժիններն ու մյուս կառուցվածքային ստորաբաժանումները: Դա պետական հիմնարկի՝ մարզպետարանի, յուրատեսակ հաշվետվությունն էր մարզի բնակչությանն ու հանրությանը:
Դարձյալ մարզպետի հանձնարարությամբ և բուժհիմնարկներում գործող կորպորատիվ խորհուրդների կանոնակարգի համաձայն՝ հաշվետվություններ տվեցին նաև մարզի բժշկական կենտրոնների տնօրենները: Կատարված աշխատանքների, իրականացված գործունեության մանրամասների նմանօրինակ իրազեկումը դրական արձագանք ստացավ հանրության կողմից, և առաջիկայում ևս մենք շարունակելու ենք պահպանել բաց, թափանցիկ ու մասնակցային ղեկավարմամբ գործելու մեր սկզբունքը,-ասաց Ա. Նալբանդյանը:

-Միայն հետևողական, նպատակային աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք հասնել լուրջ հաջողությունների: Ընթացիկ տարին ևս ունի իր սուր մարտահրավերները, որոնց մեծ մասի մեղմացումը, հիմնախնդիրների մեծ մասի լուծումը մեր միասնական աշխատանքով ու գործունեությամբ է պայմանավորված: Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել և շեշտել միասնականության անհրաժեշտությունը, որը մեզ առավել քան պետք է այս օրերին:
Միասնականություն՝ ներքին լարումները հաղթահարելու, քաղաքական մանր շահեր հետապնդող սադրանքներին տուրք չտալու համար:

Միասնականություն արտաքին ցնցումների ալիքը մեր հանրապետությունում մեղմելու համար, միասնականություն՝ սոցիալական մարտահրավերները հաղթահարելու, հիմնախնդիրները լուծելու գործում:

Վերջապես, միասնականություն՝ որպես հավերժելու և հզորանալու խորհրդանիշ՝ պարզված ի տես ու պատասխան Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:
Վստահ եմ, որ այս ուղղություններում մենք լոռեցու պատվախնդրությամբ կգործենք,- ելույթը եզրափակեց Ա. Նալբանդյանը:

Այս տարի մարզպետի հաշվետվությունն առավել հանգամանալից և տպավորիչ ներկայացնելու համար ընտրվել էր մեկ այլ ձևաչափ: Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի «Մարզպետարանի ժամ» հաղորդաշարի ստեղծագործական կազմի ջանքերով տեսաֆիլմ էր պատրաստվել, որտեղ ըստ բնագավառների ներկայացվել էր նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացված աշխատանքներն՝ ըստ բնագավառների:

Նիստի ավարտին խոսք ասաց Արմեն Երիցյանը, ով բավարար գնահատեց մարզում 2014թ. կատարած աշխատանքները: Նա առանձնահատուկ բարձր գնահատականի արժանացրեց Լոռու մարզպետի ջանքերը մարզի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: ՏԿ ԱԻ նախարարը նշեց, որ նոր ձևավորված նախարարության առջև բավականին լուրջ խնդիրներ են դրված, որոնք համայնքների, մարզպետարանների, կառավարության ջանքերով փուլառփուլ լուծում կստանան: Նախարարը վստահեցրեց, որ պարբերաբար լինելու է համայնքներում և անձամբ է ծանոթանալու համայնքային խնդիրներին:
Մարզխորհրդի նիստից հետո Ա. Երիցյանը Լոռու մարզպետի ուղեկցությամբ եղավ Վանաձորի բժշկական կենտրոնում: Վերջինիս ծննդաբերական բաժանմունքն, ինչպես հայտնի է, կառուցվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Սկսված է նաև բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքի կառուցումը՝ պետական միջոցներով: 2014թ. այդ նպատակով պետբյուջեից շուրջ 600 մլն դրամ է հատկացվել:

 Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728